Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագիծ պետականության ապամոնտաժման մասին

Սեպտեմբեր 10,2026 10:00 Share

Հայաստանի տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունը հրապարակել է Հայաստանի էլցանցերը հանրային գերակա շահի ենթակայության տակ դնելու նախագիծը, կամ ավելի պարզ ասած՝ Հայաստանի էլցանցերը սեփականատիրոջից վերջնականապես խլելու նախագիծը։ Իհարկե, նախագծով առաջարկվում է, որ ցանցերի սեփականատերը՝ Սամվել Կարապետյանը, բանակցի եւ դրանք օտարի պետությանը։ Եթե դա տեղի չունենա եռամսյա ժամկետում, ապա պետությունը «օրենքի ուժով» կվերցնի ՀԷՑ–ը։

Գործնականում, սա ամենեւին էլցանցերի մասին չէ։ Սեփականության իրավունքով պաշտպանված էլցանցերի «պետականացումը» Հայաստանի Հանրապետության ապամոնտաժման մասին է, որովհետեւ սեփականության իրավունքը ժամանակակից, այսպես ասած՝ արդի պետականությունների պատմության հիմնարար իրավունք է։ Այդ իրավունքի շուրջ հասարակական կոնսենսուսն է նաեւ բնորոշում տվյալ հանրույթի արդիականության, կենսունակության աստիճանը։ Դրա վառ վկայությունը մի շարք հաջողակ հանրությունների պետականության պատմություններն են։

Բայց, Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը բացահայտ է ներկայացրել, որ պետք է ավարտի Հայաստանի Հանրապետության պատմությունը։ Սեփականության իրավունքի դե ֆակտո չեղարկումը այդ պատմության ավարտի առանցքային մի դրսեւորում է։ Իհարկե, ֆորմալ իմաստով սեփականության իրավունքը Հայաստանում կշարունակի իր գոյությունը, ինչպես որ իր գոյությունը ֆորմալ իմաստով կարող է շարունակել նաեւ Հայաստանի Հանրապետությունը։

Բայց պետությունը լոկ ֆորմալություն չէ, այլ՝ արժեքային բովանդակություն։ Եվ սեփականության իրավունքը այդ բովանդակության կարեւոր, անկյունաքարային մասերից մեկն է, որը ցեմենտում է պետականության գաղափարի շուրջ հանրային կոնսենսուսը, որն ուղենիշ է դառնում միջազգային հանրության համար՝ այդ հասարակության ձեւավորած պետականության հանդեպ վերաբերմունքի մասով։ Հետեւաբար, պետականության ապամոնտաժման համար բացարձակապես պետք չէ փաստաթղթային–իրավաբանական լուծարում։ Պետությունները գործնականում ապամոնտաժվում են բովանդակային կառուցվածքից։ Ըստ էության դա է հրապարակված նախագծի բովանդակությունը։

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել