Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհի գործով այսօր շարունակվեց գործով հիմնական մեղադրյալներից Եղիշե Հակոբյանի հարցաքննությունը։
Նրան տուժողների ներկայացուցիչ Նորիկ Նորիկյանը հարցեր ուղղեց, թե որտեղից էր շմոլ գազը կացարանում, եթե Եղիշե Հակոբյանը պնդում է, որ վառարանը հանգել էր, իսկ ինքը դուրս էր եկել վառելիք գտնելու, որպեսզի վառարանը «կպցնի»։
Կարդացեք նաև
Հակոբյանը պնդեց, որ տեղյակ չէ, նույնիսկ ծուխ էլ չի նկատել։
Հակոբյանին հարց ուղղվեց նաև, թե ինչու հրդեհից հետո Այրվածքաբանական կենտրոնից տեղափոխվեց այլ բժշկական կենտրոն։ Հակոբյանը պատասխանեց՝ հետագա բուժման նպատակով։
Նա պատմեց, որ բժշկական կենտրոնում հանդիպել է ռազմական ոստիկանության աշխատակիցների, որոնք իրեն մի քանի անգամ բրդբրդել են, վիրավորական խոսքեր ասել.
«Գոռգոռացել են, խփել են, բրդել են։ Չգիտեմ՝ ով էր իրենց ասել, որ գային, իրենց այդպես դրսևորեին։ Մեղադրում էին դեպքի համար, հետո ժարգոնով ասացին, որ սենյակից հանկարծ առանց իրենց իմացության դուրս չգամ։ Ուզում էին հուպ տալ, ճնշել, նեղել»։
Նորիկյանը հարցրեց՝ հակառակորդի ներթափանցման, հայ զինվորների գերեվարման, դիվերսիայի մասին ինչ խոսակցություններ է լսել։
Հակոբյանը պատասխանեց՝ ինքը չի տեսել, սակայն անձնակազմն է տեսել, որ հակառակորդի զինծառայող է ներթափանցել թիկունքից։ Ինքը չի տեսել, այլ զինծառայողներից է լսել։ Այլ նմանատիպ դեպքերի մասին տեղյակ չէ։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ























































