«Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում գրեթե չի մնացել իրավունք, որն ընդամենը հունիս-հուլիս ամիսներին այս իշխանության կողմից չխախտվի, էլ չեմ խոսում դրանից առաջ և հետո»,-«Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի» «Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում-հունիս-հուլիս, 2026թ․» փաստահավաք զեկույցի ներկայացման ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ 5-րդ եւ 8-րդ գումարման պատգամավոր, «Այլընտրանքային Նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանը։
Ըստ նրա՝ այսօր մեր քաղաքացիների, հասարակության տարբեր շերտերի և անդամների իրավունքներն այնքան են խախտվում և այնպես դաժանորեն, որ յուրաքանչյուրի խնդիրն է կիրառել բոլոր հնարավոր միջոցներն այդ խախտումների դեմ պայքարելու համար։
Խոսելով «Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում-հունիս-հուլիս, 2026թ․» փաստահավաք զեկույցի մասին՝ նա նշեց․ «Զեկույցում անդրադարձ կա կյանքի իրավունքի խախտմանը, անդրադարձել ենք խոշտանգումների արգելքի խախտմանը, ազատության սահմանափակմանը, սեփականության իրավունքին և այլն։ Հասել ենք մի իրավիճակի, որ այս զեկույցում անդրադարձել ենք երեխաների իրավունքների խախտմանը։ Մեր իշխանություններն այնքան անխնա են իրավունքների խախտման գործում, որ ոչ միայն մտնում են ընտանիքներ, այլև ստեղծում են անբարենպաստ պայմաններ երեխաների համար։ Հատուկ արձանագրել ենք Արեգնազ Մանուկյանի գործը, երբ նրան պատժելու համար երկար ժամանակ սահմանափակել էին իր տեսակցությունները երեխայի հետ»։
«Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում-հունիս-հուլիս, 2026թ․» փաստահավաք զեկույցի ներկայացումն ամբողջությամբ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































