ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան համոզված է, որ յուրաքանչյուր երկրի քաղաքացիներն իրենք պետք է պաշտպանեն այն, ինչ արժեքավոր է իրենց համար, և սա Հայ առաքելական եկեղեցու հետևորդ հայերի գործն է։
«Կան սարսափելի հանցագործություններ, բայց աստվածամարտությունն ու իր բոլոր միջոցներով ընթացող իսկական հալածարշավը դարավոր անեծք են։ Պատմությունը դա ապացուցում է»։
«Եվ հիմա չեմ կրկնի, ինքներդ կարդացեք սուրբ գրքերը և Աստվածաշունչը։ Եկեղեցու դեմ պայքարը, անշուշտ, աստվածամարտության եզրին գտնվող և հենց աստվածամարտության հասնող պայքար է։ Եվ, իհարկե, բոլորն էլ դարերի անեծքի տակ են ընկնելու», — ասել է Զախարովան։ Ընդ որում՝ նա պարզաբանել է, որ «անեծք» ասելով պարտադիր չէ հասկանալ ինչ-որ միստիկ իրադարձություն։
«Եվ պետք չէ մտածել, թե ինչ-որ միստիկ բան պետք է տեղի ունենա։ Հենց իրենց սեփական քաղաքացիների, մարդկանց կողմից են անիծվելու։ Ցավոք, ավա՜ղ», — նշել է նա։
Կարդացեք նաև
Միաժամանակ, նրա խոսքով, գործընթացին արտաքին միջամտությունն ակնհայտ է։
«Մենք տեսնում ենք այն հանցավոր գործելակերպը, որն արտաքին դերակատարներն օգտագործում են այս գործընթացում։ Եվ սա արդեն պարզապես միջամտություն չէ, այլ այն ամենի հետևողական ոչնչացում, ինչը Հայաստանի քաղաքացիների համար հենարան է»։
Նա նաեւ ասել է, որ Ռուսաստանը մտադիր է պահպանել 102–րդ ռազմակայանի վերաբերյալ Հայաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները։
Մոսկվան ակնկալում է նույն մոտեցումը նաև Երևանից, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ Հայաստանում ռուսական ռազմական կոնտինգենտի ներկայությունը կարգավորվում է համապատասխան պայմանավորվածություններով։ Զախարովան նաև նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հարցը։
«Գյումրիում ռուսական ռազմակայանն առանցքային դեր է խաղում Հայաստանի անվտանգության ապահովման գործում, և դրան այլընտրանք չկա», — կարծում է դիվանագետը։
Սա տարրական պարկեշտության հարց է․ ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև Երևանի տատանումների մասին։ Մարիա Զախարովան Հայաստանի իշխանությունների ներկայիս վարքագիծը համեմատել է խարխլված ամուսնության հետ, երբ մարդիկ, այնուամենայնիվ, շարունակում են միասին ապրել։
«Դրա մասին խոսել են փորձագիտական շրջանակներում նրանք, ովքեր զբաղվում են այդ խնդիրներով և մասնակցում են ԵԱՏՄ ինստիտուտների աշխատանքներին։ Մենք նախկինի պես ելնում ենք այն բանից, որ պարզապես ոչ միայն ազնիվ, այլև ծայրահեղ անհրաժեշտ կլինի որոշել, թե որ ճանապարհով է գնում հանրապետությունը, որը ղեկավարում է վարչապետ Փաշինյանը։
Եվ, ինչպես հայտնի է, այդ կարծիքը կիսում են նաև ԵԱՏՄ մյուս գործընկերները, ինչը, համապատասխանաբար, արտացոլվել է ընթացիկ տարվա մայիսի 29-ի Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի առաջնորդների համատեղ հայտարարությունում։
Ինչի՞ համար է դա անհրաժեշտ։ Դե, ակնհայտ է՝ ինչի համար։ Եթե բոլորը մասնակցում են որոշակի ինտեգրացիոն միավորմանը, ապա, համապատասխանաբար, պատասխանատվություն են կրում, կիսում են ռիսկերը և, ամենակարևորը, ծրագրում են ապագան։ Եթե թիմի անդամներից մեկը, որը, հիշեցնեմ, ձևավորվել է կամավոր հիմունքներով, նրան ոչ ոք այնտեղ ուժով չի տարել, դրա մասին հրապարակայնորեն խոսում է և, ավելին, քայլեր է ձեռնարկում նաև իրավական ոլորտում, որ այլևս իր ապագան այս թիմի կազմում չի տեսնում, ապա ուզում ես հստակեցել, խնդրել, որ կողմնորոշվի։ Որովհետև, կրկին ուզում եմ ասել, դա պատասխանատվություն է։
Դրանք սոսկ գեղեցիկ խոսքեր չեն։ Դա սոսկ մաքրամոլություն չէ։ Դա պատասխանատվություն է քաղաքացիների, տնտեսական օպերատորների, բոլոր նրանց առաջ, ովքեր կառուցում են իրենց ապագան, ֆինանսական, տնտեսական, արդյունաբերական, արտադրական ռազմավարությունը, ինչպես նաև՝ լոգիստիկան։
Մենք ի գիտություն ենք ընդունում հայկական կողմի այն փաստարկումը, թե տվյալ պահին նման հանրաքվեի անցկացումը նպատակահարմար չէ։ Պարզապես դրան հետ շատ դժվար է։ Չէ՞ որ այն ամենը, ինչ հայկական կողմը տարիներ շարունակ հայտարարել է, որևէ կերպ չի հակասում հանրաքվեին։ Ընդհակառակը։ Ի՞նչ է հանրաքվեն։ Ժողովրդի կարծիք։ Եթե Հայաստանում հռչակել են ժողովրդավարություն, ընդ որում՝ այդ ժողովրդավարության արագացում։ Իսկ ի՞նչ են այն արևմտյան արժեքները, որոնց ըստ էության ուզում են, այսպես ասած, կամ պատրաստվում են քաղաքականապես միանալ։ Դրա մասին բազմիցս ասվել է Երևանի կողմից ամենաբարձր մակարդակով։ Դա հենց ավելի մեծ, էլ ավելի մեծ ժողովրդավարացում է։ Ի՞նչ կարող է լինել ավելի մեծ ժողովրդավարացում, քան հանրաքվեն, երբ մարդկանց ուղղակիորեն հարցնում են՝ դուք ի՞նչ եք ուզում՝ ձախ, աջ, առաջ, հետ, թե տեղում կանգնել։ Կարծիքը տարբեր կերպ կարելի է ճշտել։ Բայց գլխավորն այն է, որ այն պետք է ճշտել։ Դա տրամաբանական կլիներ բոլոր տեսանկյուններից՝ թե՛ ավելի մեծ ժողովրդավարացման տեսանկյունից, որը, կարծես, նախկինում էլ արևմտյան արժեքների հիմնական գիծն էր։
Առնվազն իրենք այդպես էին խոսում դրանց մասին։ Եվ միևնույն ժամանակ՝ ողջախոհության, և ամենակարևորը՝ պարկեշտության տեսանկյունից։ Շատ կարևոր կլիներ սեփական ժողովրդի կարծիքը հարցնել Ռուսաստանի և, ի դեպ, ամբողջ ԵԱՏՄ-ի նկատմամբ բացահայտ թշնամական Եվրամիության կուրսին միանալու ուղղությամբ շարժվելու վերաբերյալ, իսկ դրանից հետո արդեն զբաղվել դրա իրավական ձևակերպմամբ։
Դե, այնքան էլ չեմ ուզում զուգահեռներ անցկացնել, բայց դա նույնն է, ինչ երբ ընտանիքում ապրում են երկուսը, իսկ նրանցից մեկն արդեն կարծես մեկ այլ ընտանիքում է ապրում։ Իսկ երկրորդը նրան հարցնում է. ասա՛ խնդրեմ, վերջիվերջո դու ո՞ր կողմում ես։ Մե՞նք ենք քո ընտանիքը, թե՞ դու արդեն այլ ընտանիքում ես։ Իսկ պատասխանը հնչում է ոչ մեկ, ոչ երկու, ոչ մեկուկես անգամ։ Թե բա՝ հետո կորոշենք։ Ե՞րբ՝ հետո։
Երբ արդեն, ներող կլինեք, կահույքն են սկսելու դուրս տանել։ Այսինքն՝ ոնց թե՝ երբ։ Դա տարրական պարկեշտություն է։ Եթե խոսում ենք պարկեշտության մասին, ապա հենց սա է դա։ Կամ այն կա, կամ չկա։ Հայաստանի ղեկավարության բոլոր այն դատողությունները, թե իբր այդ արևմտաեվրոպական այլընտրանքը դեռ ձևավորված չէ, գիտեք, բառացիորեն բախվում են անցյալ տարվա ապրիլին ընդունված օրենքին՝ դրա սկիզբի մասին, այն հենց այդպես էլ կոչվում է՝ «Հայաստանի Հանրապետության՝ Եվրամիություն անդամակցության մեկնարկի մասին»։
Դե եթե օրենքն արդեն ընդունվել է, ընդ որում՝ այսքան ուղիղ անվանումով, ապա, հավանաբար, ինչպես իրենք ասացին, եվրոպական այլընտրանքն արդեն ձևավորված է։ Ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել՝ ընդունվել է ոչ թե հայտարարություն կամ հռչակագիր, այլ օրենք, որն ամրագրում է, ինչպես նույնպես ասված է այդ օրենքում, այլընտրանքային արտաքին քաղաքական վեկտորը։ Այդ պատճառով բոլորին համոզելու փորձերը, թե հանրաքվե անցկացնելու համար նախ պետք է, ինչպես ասվել է, իբր ստանալ Եվրամիությանը անդամակցության թեկնածուի կարգավիճակ, ավելի շատ սոսկ մանիպուլյացիա են հիշեցնում։
Դե, կրկին վերադառնալով ընտանիքի հարցին՝ իբր եթե այնտեղ ինչ-որ տեղ համաձայնվեն ընդունել, այդ ժամանակ ես էլ քեզ կպատասխանեմ՝ ես քեզ համար ամո՞ւսին եմ, թե՞ ոչ։ Իսկ մինչ այդ եկեք համարենք, որ ամուսին եմ, թեև ինձ մոտ այլ՝ բազմավեկտորային հեռանկար կա։ Դե լսեք, իրոք, ամեն խրթին բան կարելի է վերապատմել պարզ օրինակներով և բառերով։ Դժվար թե հայկական քաղաքական էլիտայում չգիտակցեն, որ Եվրամիության հետ մերձեցման այս աստիճանը ավտոմատ կերպով կնշանակի ԵԱՏՄ շրջանակում Հայաստանի համար բոլոր արտոնությունների զրոյացում։ Եվ այդ ժամանակ ընտրություն կատարելը արդեն ուշ կլինի»։
Ըստ «Արմենիա Սպուտնիկի» եւ «Նյուզ.ամ»-ի հրապարակումների


















































