«Սա պլանավորված, կանխամտածված ծրագիր է, որ Արցախի էջը փակելուց հետո փակեն այն ամենը, ինչը կապված է մեր պատմական հիշողության, հերոսական ուղի անցած մարդկանց հետ»,-«Հայելի» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակված ժամանցային համերգին։
Նրա համար անընդունելի է, որ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 27-ին ոչ մի խոսք չի ասել հերոսների հիշատակի մասին։
Անդրադառնալով հասարակության այն հատվածին, որը լուռ է կատարվողի հետ կապված, վրդովված ասաց․ «Էդ որ ասում եք՝ ինչ անում ենք, էրեխեքի համար ենք անում, ինչ անում եք՝ հերոսներին եք պարտք։ Ինչո՞ւ եք լուռումունջ նստել, լեզու չունե՞ք ասելու՝ բա էս ի՞նչ է կատարվում։ Մարդիկ կան իբր թե հանրային գործիչներ են, մշակութային գործիչներ եք, ինչո՞ւ եք լռում կապված այս վերջին սկանդալի հետ։ Մեր վառ երևակայության մեջ չէր կարող տեղավորվել, որ հայրենազրկման օրը Հ1-ի եթերով կլինի խրախճանք։ Այդ համերգը հեռարձակելու հրամանը տրվել է իշխանությունների ամենավերին օղակների կողմից։ Սլաքները չուղղեք տեխնիկական աշխատողների վրա։ Անգամ Ադրբեջանը, որ պատերազմում հաղթանակ է տարել, իրենք մեկ րոպե լռությամբ հարգում էին իրենց զոհերի հիշատակը»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































