Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն»

Սեպտեմբեր 30,2026 17:01 Share

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ՝ նաև Հաստատություն):

Այցի ընթացքում ուսումնասիրվել են Հաստատության շենքային, սանիտարահիգիենիկ պայմանները, խնամքի, բժշկական օգնության, սննդի տրամադրման հետ կապված հարցերը, Հաստատության աշխատակազմի և շահառուների միջև հարաբերությունները, նրանց իրավունքների և շահերի պաշտպանության վիճակը, փաստաթղթերը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին ու կիրառելի չափորոշիչներին:

Հաստատությունում արձանագրված խնդիրները, հիմնականում, համակարգային են։

Մասնավորապես՝

  • հաստատությանը հատկացված ոչ բավարար տարածքի պատճառով պահպանված չէին բնակելի մակերեսի համար նախատեսված պահանջները, ինչով պայմանավորված` ննջասենյակներում առկա էին իրար միացված կամ շատ մոտ տեղադրված մահճակալներ, ապահովված չէր շահառուների համար անհրաժեշտ անձնական տարածքը։ Միաժամանակ, սանհանգույցների և լոգարանների կառուցվածքային առանձնահատկություններով պայմանավորված՝ ապահովված չէին շահառուների անձնական հիգիենայի պահանջներն առանձնացված պայմաններում բավարարելու համար անհրաժեշտ պայմանները։
  • հաստատության ֆիզիկական միջավայրը չէր համապատասխանում համընդհանուր դիզայնի սկզբունքներին, առկա էր խելամիտ հարմարեցումների ապահովման անհրաժեշտություն։

Վերոնշյալ և արձանագրված այլ խնդիրները Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները քննարկել են հաստատության տնօրինության հետ:

Խնդիրներն արտացոլող փաստաթուղթը` դրանց լուծմանն ուղղված առաջարկների հետ մեկտեղ, կներկայացվի ոլորտի իրավասու մարմիններին:

Այցի ընթացքում Հաստատության տնօրինությունը և անձնակազմն արդյունավետ համագործակցել են Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ: Միաժամանակ, այցի ընթացքում քննարկումների և արձանագրված հարցերի շրջանակում կարևորվել է դրանց լուծման ուղղությամբ հետագա աշխատանքների շարունակականությունը։

Մարդու իրավունքների պաշտպանը, որպես «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում իրականացնող պաշտոնատար անձ, հատուկ ընդգծում է պետության կողմից հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամքի հաստատությունների ապաինստիտուցիոնալացման ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկելու, կառուցվածքային բարեփոխումներ իրականացնելու և համակարգված մոտեցում որդեգրելու անհրաժեշտությունը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930