Սեպտեմբերի 23-25-ին Երևանում կայացավ Հայաստանի կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտի (ԱՊՐԻ Արմենիա) ամենամյա՝ հինգերորդ ֆորումը, որն այս տարի անցկացվում էր «Ուրվագծելով փոփոխության ճարտարապետությունը» խորագրի ներքո։
Այս նշանակալից իրադարձությունը հարթակ ապահովեց բարձր մակարդակի քննարկումների համար՝ ուղղված Հարավային Կովկասում կայունությանն ու բարգավաճմանը։ Ֆորումին մասնակցում էին քաղաքականություն մշակողներ, դիվանագետներ, գործարարներ, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) ներկայացուցիչներ, քաղհասարակության գործիչներ և լրագրողներ։ Քննարկումների առանցքում այն հարցն էր, թե ինչպես Հայաստանը կարող է արտաքին փոփոխություններին պարզապես արձագանքողից վերածվել սեփական ապագան ակտիվորեն կերտող և ինքնիշխան գործունեությունը մշտապես ամրապնդող պետության։
Միջոցառմանն ընդհանուր առմամբ ելույթ ունեցավ 59 բանախոս, որոնցից 17-ը՝ միջազգային փորձագետներ աշխարհի 12 երկրներից՝ ԱՄՆ-ից, Բելգիայից, Էստոնիայից, Իրանից, Իռլանդիայից, Հարավային Կորեայից, Ղազախստանից, Մեծ Բրիտանիայից, Ռուսաստանից, Վրաստանից, ինչպես նաև (առցանց ձևաչափով) Թուրքիայից և Ադրբեջանից։
Ֆորումին բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։ Նա անդրադարձավ Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացմանը՝ կարևորելով այն արտաքին շուկաների հասանելիության, էներգետիկ համագործակցության, նաև որոշակի անվտանգային համագործակցության տեսանկյունից՝ շեշտելով բալանսավորման սկզբունքի պահպանման կարևորությունը։ Խանդանյանը խոսեց նաև տարածաշրջանային կապակցվածության մասին՝ նշելով, որ TRIPP ծրագիրը լայն հնարավորություններ է բացում Հայաստանի ապաշրջափակման և տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման համար։
Հավատարիմ մնալով իր հետազոտական սկզբունքներին, որոնք համադրում են աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական վերլուծությունները, ԱՊՐԻ Արմենիան առանձնահատուկ ուշադրություն դարձրեց աշխարհաքաղաքական անորոշությունների պայմաններում տնտեսական դիմակայունության ապահովման հարցին։ Այս թեմայով ելույթ ունեցավ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ շեշտելով, որ աշխարհագրական և արտաքին միջավայրի սահմանափակումների պայմաններում Հայաստանի տնտեսական զարգացման կարևոր հենասյուներից են դարձել շրջահայաց մակրոտնտեսական քաղաքականությունը։
Բազմակողմ քննարկումներ և ռազմավարական համագործակցություն
Ֆորումի շրջանակում անցկացված պանելային քննարկումներում վերլուծվեցին Հայաստանի երկկողմ հարաբերությունները առանցքային գործընկերների և հարևանների հետ (ԱՄՆ, ԵՄ, Իրան, Ռուսաստան, Թուրքիա, Ադրբեջան), ինչպես նաև պաշտպանական ոլորտի խնդիրները։ Հատուկ քննարկումներ նվիրված էին բարձր տեխնոլոգիական դիվանագիտությանը, արհեստական բանականությանը, Սփյուռքի հետ հարաբերություններին, երիտասարդության ներուժի իրացմանն ու քաղաքացիական հասարակության բարեփոխումներին։
Պաշտոնական քննարկումներից զատ, ԱՊՐԻ ֆորումը նաև արդյունավետ հարթակ ծառայեց աշխատանքային հանդիպումների և շփումների համար՝ միջազգային փորձագետներին կապելով Հայաստանի պետական ու մասնավոր հատվածների ներկայացուցիչների հետ՝ տարածաշրջանային կայուն զարգացմանն ուղղված նոր միջոլորտային ծրագրեր նախանշելու նպատակով։
ԱՊՐԻ ֆորում



















































