«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներ Շաքե Իսայանը և Արմեն Մանուկյանը ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին և միջազգային կառույցներին փոխանցել են կուսակցության պաշտոնական հայտարարությունը՝ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ վերջնական զեկույցի առնչությամբ։ Այս մասին տեղեկացրել է Շաքե Իսայանը։
Գործընկերոջս՝ Արմեն Մանուկյանի հետ այսօր ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին և միջազգային կառույցներին փոխանցեցինք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պաշտոնական հայտարարությունը՝ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ վերջնական զեկույցի առնչությամբ։
Այո՛, ընտրություններից ամիսներ են անցել։ Բայց այդ ընտրությունների մասին խոսվել է երեկ, խոսվում է այսօր և խոսվելու է վաղը։ Որովհետև բոլորիս աչքի առաջ, օրը ցերեկով, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ նախ ԲՀԿ-ից խլվեցին մանդատները, իսկ դրան հաջորդեց կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդումը։
Ասել ենք ու կրկին ասում ենք՝ սա միայն ԲՀԿ-ի մանդատների հարցը չէ։ Այդ որոշման հետևանքով փոխվեց նաև Ազգային ժողովում քաղաքական ուժերի հարաբերակցությունը և խորհրդարանի վերջնական քաղաքական կոնֆիգուրացիան՝ ձևավորելով այլ ինստիտուցիոնալ իրողություն։
Մենք դիմել ենք միջազգային ժողովրդավարական կառույցներին՝ կոչ անելով չսահմանափակվել միայն արձանագրված խնդիրների փաստմամբ։ Զեկույցը չպետք է դառնա այս գործընթացի վերջակետը։
Արձանագրված խնդիրները պահանջում են հետևողական միջազգային ուշադրություն, մշտադիտարկում և պատշաճ քաղաքական ու ինստիտուցիոնալ գնահատական։
Խոսքը միայն մեկ զեկույցի կամ մեկ քաղաքական ուժի մասին չէ։ Խոսքը ընտրությունների նկատմամբ հանրային վստահության, ժողովրդավարական չափանիշների և յուրաքանչյուր քաղաքացու ազատ կամարտահայտության արժեքի մասին է։
Կարելի է փորձել այս թեման թողնել անցյալում՝ հույսով, որ ժամանակի հետ հարցերը կմոռացվեն։ Բայց ժամանակը չի վերացնում չպատասխանված հարցերը և չի փոխում այն, ինչ մարդիկ տեսել ու արձանագրել են։
Ուստի այս թեմային մենք վերադառնալու ենք այնքան ժամանակ, քանի դեռ բարձրացված հարցերը չեն ստացել պատշաճ քաղաքական և ինստիտուցիոնալ պատասխան։ Եվ նույն հետևողականությունն ակնկալում ենք միջազգային կառույցներից։ Որովհետև ժողովրդավարական չափանիշների պաշտպանությունը չի կարող սահմանափակվել միայն խնդիրներն արձանագրելով․ այն պահանջում է հետևողականություն նաև դրանից հետո։
Ի վերջո, երբ քաղաքացու ազատ կամարտահայտությունը, ինչպիսին էլ այն լինի, չի արտացոլվում ընտրությունների արդյունքներում, դա այլևս միայն մանդատի հարց չէ․ այլ ժողովրդավարության հիմնարար սկզբունքի հարց է, որը կամ կա, կամ չկա։



















































