«Պատրաստվո՞ւմ եք արդյոք որպես խաղաղության գործընթացը խնամող ուժի ներկայացուցիչ այս բարձր ամբիոնից քաղաքական հստակ դիրքորոշում հայտնել Շաքիում տեղի ունեցած դեպքի առնչությամբ։ Խոսքը պարզապես ապօրինի սահմանահատման մասին չէր․ խոսքը նրա մասին էր, որ զինված ադրբեջանցի զինծառայողը ներխուժել է ՀՀ սուվերեն սահմաններ, ներխուժել է ՀՀ քաղաքացու սեփականություն հանդիսացող տուն և կատարել հանցագործություն, կրակել կնոջ վրա, տուժել են նաև երեխաներ, տեղի է ունեցել խաղաղության գործընթացը խաթարող կոնկրետ ակտ»,- ԱԺ նիստի ժամանակ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին հարցրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը։
Ռուբեն Ռուբինյանը հարցրեց՝ ի՞նչ քաղաքական գնահատական եք ակնկալում․ «Տեղի ունեցածը հանցագործություն է։ Ապօրինի սահմանահատում է տեղի ունեցել, այդ ընթացքում ադրբեջանական կողմը տեղեկացրել է հայկական կողմին, ինչը լավ է, և տեղի է ունեցել հանցագործություն։ Այո, սա վատ իրադարձություն է․ էստեղ մի լավ լուր կա, որ սուբյեկտը, որի մասին խոսում ենք, ադրբեջանցի զինվորն է, որն ըստ երևույթին ադրբեջանական օրենքն էլ է խախտել բացի ՀՀ օրենքը խախտելուց։ Սուբյեկտը մասնավոր զինվորն է, որը հանցագործ է»։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն էլ տեղեկացրեց․ «Ադրբեջանցի զինծառայողը ներթափանցել է ՀՀ, խորացել տասնյակ կիլոմետրեր, և միայն հայ կնոջ հերոսության շնորհիվ է հնարավոր եղել կանխել մեծ ողբերգությունը։ Վերջին ամիսներին բանակում շատացել է ինքնասպանությունների թիվը։ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը հանդես է գալիս առաջարկով ստեղծել քննիչ հանձնաժողով Շաքիում տեղի ունեցած միջադեպը և վերջին ամիսներին բանակում շատացած ինքնասպանության դեպքերն ուսումնասիրելու նպատակով։ Մեր հայրենակիցները պետք է իմանան՝ արդյոք ձեր ՊՆ նախարարը ֆե՞յք է, թե՞ ոչ»։
Կարդացեք նաև
ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ




















































