Վաղ միջնադարից սկսած՝ Աղահեճք գավառում արդեն հայտնի սրբավայր է եղել Ծիծեռնավանքը, որի Սուրբ Գևորգ եռանավ, թաղակապ բազիլիկ տաճարը մեզ է հասել։ 1993 թ․ ազատագրվեց Աղավնոյի հովիտը, և շուտով վերահայացավ Ծիծեռնավանք պատմական գյուղը, ուր կիսաքանդ վիճակում կանգուն էր 1600-ամյա սրբատունը։
1998-2000 թթ․ վանական համալիրի բակում կատարվեցին պեղումներ, քարակույտերից ու այլ ավելորդություններից մաքրվեց տարածքը, հիմնանորոգվեց եկեղեցին, քարուքանդ սեղանատունը (ներսի չափերն են 13.75 մետր x 4.25 մետր) վերակառուցվեց և դարձավ թանգարան, որտեղ պահվում էին հնագիտական պեղումներից հայտնաբերված նմուշերը։ Այս գործում կարևոր դեր ուներ Քաշաթաղի շրջվարչակազմի այդ օրերի ղեկավար, պատմաբան, տարածքի հրաշալի գիտակ Ալեքսան Հակոբյանը։
Պեղումները իրականացվեցին հնագետ Հակոբ Սիմոնյանի ղեկավարությամբ։ 2020 թ․ սեպտեմբերի 26-ին Սուրբ Գևորգ տաճարում Քաշաթաղի հոգևոր հովիվ Տեր Բենիամին քահանա Ծատուրյանի ձեռամբ մատուցվեց Սուրբ անմահ պատարագ՝ նվիրված Սուրբ Գևորգի տոնին։ Ցավոք, սա վերջին Սբ. Պատարագն էր, որ հնչեց Ծիծեռնավանքում՝ հոգևոր երգչախմբի ուղեկցությամբ։ Հաջորդ օրն սկսվեց պատերազմը, իսկ դեկտեմբերի 1-ին թշնամուն հանձնվեց նաև շրջանի հյուսիսային տարածքը։
Կարդացեք նաև
Ծիծեռնավանքը, որը պատմության մեջ և ժողովրդի հիշատակումներում հայտնի է նաև Ագռավի գերեզման, Ագռավի տապան, Աղողլան, Ծիծառնավանք, Ծիծեռնեկու վանք, Ծիծառնո վանք, Ծիծառնու վանք, Ծիծեռնակավանք, Ծիծեռնակու սուրբ վանք, Ծիծռանավանք, Ծիծռան վանք, Ծիծռավանք, Ծիծռնա վանք, Ծիծռնո վանք անվանումներով, գտնվում է Հակարի գետի արևմտյան վերին վտակ Աղավնո-Արքունագետի աջ ափին՝ Խոզնավար վտակի ձախակողմյան հրվանդանին՝ Բերձոր շրջկենտրոնից մոտ 30 կմ հյուսիս-արևմուտք՝ Ծիծեռնավանք գյուղում։
Ստեփանոս Օրբելյանը Ծիծեռնավանքը հիշում է Սյունիքի մոտ 150 վանքերի մեջ՝ որպես 30 նշանավոր վանքերից մեկը, բայց ոչ իր ժամանակի (13-րդ դարի վերջ) առաջնակարգ վանքերի շարքում, և դասում է 17-րդ տեղը, թեև մինչ Ծիծեռնավանքը նշվում են մի քանի աննշան վանքեր ևս։ Ուշ միջնադարում նույնպես Ծիծեռնավանքը պատկանել է Տաթևի թեմին։
Պատմիչը Ծիծեռնավանքի անունը հիշատակում է նաև մի այլ առիթով։ 844 թվականին Սյունյաց նախարար Փիլիպեն Տաթևի վանքին է նվիրում իր հայրենի Տաթև գյուղը, ամբողջ հող ու անդաստանով։ Ըստ ճարտարապետական հորինվածքի՝ Սուրբ Գևորգը կառուցվել է 4-րդ դարում՝ հեթանոսական տաճարի հիմքերի վրա։
Ճարտարապետական ոճական առումով նման է Մեծ Հայքի տարբեր նահանգներում 4-5-րդ դարերում կառուցված տաճարների, ինչպիսիք են՝ Երերույքը՝ Շիրակում, Տեղի եկեղեցին՝ Սյունիքում, Եղվարդի և Աշտարակի բազիլիկաները՝ Արագածոտնում և այլն։ Տաճարն ունի արևելքից արևմուտք ձգված ուղղանկյուն հատակագիծ (արտաքին չափերն են 12․5 մետր x 25․6 մետր)` 4 զույգ մույթերով, արտաքուստ շեշտված միջին նավով։ Այն իր վրա կրում է մի քանի շինարարական փուլերի ազդեցություն։ Մասնավորապես, արտաքին պատերի ստորին՝ սրբատաշ բազալտով (7–8 շարք բարձրությամբ) մասը պատկանում է IV դարին (կամ ավելի վաղ ընկած ժամանակաշրջանին)։ V–VII դդ. հաջորդաբար ավելացվել են պատերի վերնամասը (ֆելզիտից), ավանդատները և խորանը՝ սյունազարդ վերնահարկով, փայտե սյուների փոխարեն՝ կամարաշարերը։
Ծիծեռնավանքի բազիլիկի առանձնահատկություններից են արևմտյան ճակատում մուտք չունենալը (որը հատուկ է հեթանոսական տաճարներին և բնորոշ չէ բազիլիկ եկեղեցիներին), խորանի վերևի կամարակապ սրահը (եզակի է հայկական ճարտարապետության մեջ), բեմում լուսամուտ չունենալը, թաղակիր կամարների բացակայությունը և այլն։ Ի տարբերություն զուսպ արտաքին ճակատների՝ ներսից ունի վաղ միջնադարի հայկական այլ ճարտարապետական հուշակոթողներին յուրահատուկ հարուստ հարդարանք։ Մույթերը զարդարված են շախմատաձև ու երկշարք ատամիկներով, ալիքաձև ու պարանահյուս օձակերպ քանդակներով, ուղղանկյան մեջ ներգծված ութճառագայթ աստղերով։ Հյուսիսային պատին պահպանվել է որմնանկարի մի հատված՝ երկու սրբերի պատկերով։ Պահպանվել է որոշ վարդյակների ու մույթերի խոյակների վրայի կարմիր ներկը։
Տաճարի Սուրբ Գևորգ անվանման մասին վկայություն կա Մովսես Դասխուրանցու գրքում, որ հիշատակվում է Առաջաբանում։ Ըստ Ալեքսան Հակոբյանի՝ նշված հատվածում հիշատակված եկեղեցին Ծիծեռնավանքին է․ «Յետ այսորիկ անցանելոյ ի վերայ եւս երկուց ամաց եկն Խազր Փատգոս այր շամշոտ եւ անողորմ եւ ի նմին ամի սատակեցաւ. իսկ նորին որդին եկեալ էառ զաշխարհս սրով եւ գերութեամբ եւ եկեղեցիս բազումս հրով այրեալ կիզեաց՝ եւ գնաց ի Բաղդատ£ Եւ անտի դարձեալ եկն արքունի հրամանաւ եւ գանձուք շինեաց զԳանձակ քաղաքն ՄՂԵ թուին յԱրշակաշէն գաւառի£ Եւ յետ այսորիկ արշաւանս առնէր յաշխարհն Սիւնեաց եւ գերի վարեալ զԲաղացն սահմանս՝ գայ իջանէ յԱղահէջ գաւառ՝ յաւան մի՝ Արքուգետ կոչեցեալ, եւ իսկոյն հրամայէ այրել զեկեղեցին,որ Սրբոյն Գրիգորի էր անուանադրեալ: Եւ յայնժամ զօրութիւն աստուածային հասեալ՝ հեծեալ մի ի ձի ճերմակ ճեպով ելանէ յեկեղեցւոյն արտաքս ակն յայտնի ամենեցուն եւ ընթացեալ ի բանակն՝ շփոթեալ զայրն անօրէն հանդերձ զօրօքն իւրովք դարձուցանէ ի փախուստ ընդ սարն, որ կոչի Եղջիւր խոյի. եւ անդ հողմ դժնդակ մրրկեալ շրջապատեաց զնոսա. եւ միայն ի ձի ապաստանքն փախուցեալ զերծան. իսկ պաղանաւորքն եւ առապուրք ի լերանց վերայ կորեան. եւ գերեալքն մնացին խաղաղութեամբ՝ փառս Աստուծոյ տալով»(գլուխ ԻԱ, էջ` 110)։
Ծիծեռնավանքի անվան հետ կապված կան մի քանի ավանդապատումներ։ Դրանցից առավել հայտնի և ստույգը, ըստ իս, կապված է ագռավ թռչունի հետ։ Ըստ այդ ավանդույթի՝ երբ եկեղեցին կառուցող շինարարների համար ճաշ էին պատրաստում, կաթսայի մեջ մի օձ է ընկել։ Այս տեսնելով՝ վերևից թռչող մի ագռավ իրեն նետում է եռացող կաթսայի մեջ։ Պատրաստողները զայրացած ճաշը թափում են և տեսնելով օձի մարմինը՝ հասկանում են, որ անձնազոհ թռչունը փրկել է իրենց կյանքը։ Նրանք թռչունին թաղում են եկեղեցու արևմտյան լանջին վեր խոյացող ժայռի մեջ՝ անվանելով այն Ագռավաքար։ Պատահական չէ, որ վանական համալիրը հայտնի է նաև Ագռավի գերեզման, Ագռավի տապան անուններով։
Ագռավի պաշտամունքը, հնարավոր է, վաղուց է եղել Աղահեճք-Քաշաթաղում։ «Քաշ» բառը Սյունիքի, Արցախի բարբառներում նաև «ագռավ» է նշանակում։ Կա տեսակետ ևս, համաձայն որի վանքում է թաղված առաքյալ Պետրոսի ճկույթը՝ ծիծառնը, որի շնորհիվ էլ սրբավայրը կոչվել է Ծիծեռնավանք։ Սակայն պետք է նշել, որ սույն տեսակետը վերաբերում է 17-րդ դարի մի ավանդույթի, որն այդքան էլ հավանական չէ։
Սուրբ Գևորգ տաճարն ունի 3 մուտք և 4 պատուհան հարավից և մեկ մուտք ու 4 պատուհան՝ հյուսիսից, իսկ արևելյան կողմից՝ Սուրբ Խորանին կից ավանդատներից 2 պատուհան։ 2 նեղ պատուհան էլ բացվում են սուրբ Խորանի երկրորդ հարկից։ Զանգակատունը մոտ է արևելյան պատին։ Վանական խցերի հետքերը նշմարվում են համալիրի արևմտյան կողմում։ Պարիսպը շարված է կրաշաղախով և գետաքարով։ Այն նախնականը չէ․ 17-րդ դարի վերակառուցման արդյունք Է։ Սրբատաշ բազալտից շինված այժմյան դարպասի շքամուտքի բոլորը, պատի շարվածքի մեջ պահպանվել են նախնական դարպասի կամարի հատվածներր շարված նույն ֆելզիտի սրբատաշ քարերով, որով և կառուցված է տաճարը։
Հին դարպասի կամարը ունեցել է համեմատաբար ավելի մեծ թոիչք (3,55 մ)։ Նոր դարպասը ուղղանկյուն բացվածք է, վերևում համակենտրոն կրկնակի կամարներով, կառուցված 1613 թվականին (ըստ արձանագրության՝ ԿԱՄԱՒՆ Ա/ՍՏՈՒԾՈ/Յ․․․ ՆՈՐՈԳԵՑԱՒ ՊԱՐԻՍՊՍ Ի ՁԵՌՆ ՀԱՅԿԱԶ ԻՇԽԱՆԻՆ, Ի ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՒԱՄԲ ՄԿՐՏԻՉ ԵՊԻՍԿՈՊՈՍԻՆ, ԹՎԻՆ ՌԿԲ 1613)։ Այս արձանագրությունը, ինչպես նաև հարավային պատերից ձախակողմյանի վերևի արձանագրությունը 1980-ական թվականներին վերացվել են գյուղում բնակվող քրդաթուրքերի կողմից։ 1998-99 թթ․, երբ նախատեսված էր Ծիծետնավանքի տարածքի բարեկարգում, պեղումներ ու հիմնանորոգում, հաճախ էինք եկեղեցու բակը մաքրման աշխատանքներ կատարում։
Հնագետ Հակոբ Սիմոնյանի հետ Երևանից ուսանողներ էին գալիս, Քաշաթաղի շրջանի դպրոցներից ես էի ուսուցիչներ, աշակերտներ տանում, և միասին իրականացվում էին բակը քարակույթից ազատելու աշխատանքները։ Բերձորի դպրոցականները քարակույտի տակ գտան մուտքի վերին մասի արձանագրության մի կտորը, որը հանձնեցինք հնագետին և հետագայում ագուցվեց տեղում։ Ոգևորվել էին դպրոցականները, որ նման կարևոր հարստություն գտան։ Ընդհանուր առմամբ եկեղեցու ներսում և դրսում, պատուհանների պատերին կա 25-ից ավելի արձանագրություն։ Վանքի տարածքի պեղումների ժամանակ հարավային պատի տակ հայտնաբերվեցին 2 նահատակների` 7-րդ և 9-րդ դարերին պատկանող շիիմներ։ Ծիծեռնավանքի եկեղեցին վերանորոգվել է նաև 1779 թ․։ Այն եղել է մեծ ուխտատեղի, ուր Համբարձման և Սուրբ Խաչի տոներին այցելել են Սյունիք և Արցախ նահանգների բազմահազար ուխտավորներ։
Անհրաժեշտ է այս վանական համալիրը՝ որպես համաշխարհային մշակույթի արժեքավոր կառույց, փոխանցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանավորության տակ։ Ցավոք, այսօր կրկին գերության մեջ է Ծիծեռնավանքը և ավելի վտանգված, քան երբևէ։ Այսօր ադրբեջանական իշխանությունները բռնազավթած Արցախում ու Սյունիքի այս հատվածներում եղած հայկական պատմական հուշարձաններն իրենցով են անում, համարում աղվանական, ջնջում են հայերեն արձանագրությունները։
Զոհրաբ Ըռքոյան


























































