Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնգրեսի ավելի քան 100 անդամներ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կոչ են անում դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ԱՄՆ ռազմական օգնությունը

Հոկտեմբեր 08,2026 10:42 Share
Աջակցեք aravot.am-ին

ԱՄՆ օրենսդիր մարմնի ավելի քան 100 ներկայացուցիչներ՝ 26 սենատոր և 75 կոնգրեսական, պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցուցաբերվող ամերիկյան ռազմական աջակցությունը։ Որպես հիմնավորում նրանք վկայակոչել են Բաքվի կողմից ապօրինի կալանավորված հայերի նկատմամբ կայացված դատավճիռները, հայկական քրիստոնեական ժառանգության ոչնչացումը և Հայաստանի ինքնիշխան տարածքի շարունակվող ռազմական օկուպացիան։

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի սատարմամբ իրականացված երկպալատ ու երկկուսակցական այս արշավը գլխավորել են սենատորներ Գարի Փիթերսն ու Ադամ Շիֆը, ինչպես նաև Ներկայացուցիչների պալատի անդամներ Գաս Բիլիրակիսն ու Ֆրենկ Փալոնը։ Նամակին աջակցել է Սենատում դեմոկրատների առաջնորդ Չաք Շումերը, ինչպես նաև Սենատի և Ներկայացուցիչների պալատի մի շարք հանձնաժողովների ու ենթահանձնաժողովների ղեկավարներ։

Այս նախաձեռնությունն արձագանք է Թրամփի վարչակազմի կողմից «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածի սահմանափակումների շրջանցմանը, որի միջոցով վերահաստատվում է Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնության տրամադրումը։ Նախագահ Թրամփն առաջին անգամ 907-րդ հոդվածի կիրառումը կասեցրել էր 2025 թվականի օգոստոսին՝ Սպիտակ տանը Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ կայացած գագաթնաժողովից հետո, իսկ 2026 թվականի հուլիսին Կոնգրեսին պաշտոնապես տեղեկացրել էր սույն նախագահական արտոնությունից կրկին օգտվելու իր մտադրության մասին։

Հոկտեմբերի 5-ի նամակում օրենսդիրները, ի թիվս այլ հարցերի, վկայակոչում են Լեռնային Ղարաբաղում հայկական եկեղեցիների ոչնչացումը, այդ թվում՝ 2026 թվականի ապրիլին Ստեփանակերտում երկու տաճարների քանդման մասին հաղորդումները։ Նրանք մատնանշում են նաև 2021 և 2022 թվականներին իրականացված ապօրինի ներխուժումներից հետո Հայաստանի ինքնիշխան տարածքից մոտավորապես 241 քառակուսի կիլոմետրի վրա Ադրբեջանի ամրապնդված ռազմական ներկայությունը։ Օրենսդիրները նշում են, որ Հայաստանը 2024 թվականի մայիսին Ադրբեջանին վերադարձրեց չորս գյուղ, մինչդեռ Բաքուն այդ քայլին չի պատասխանել իր ուժերի դուրսբերմամբ։

Նամակը ստորագրած օրենսդիրները վարչակազմին կոչ են անում դադարեցնել ԱՄՆ ռազմական օգնության տրամադրումը, քանի դեռ Ադրբեջանը գործնական քայլեր չի ձեռնարկել հայ բանտարկյալներին ազատ արձակելու, հայկական մշակութային ժառանգությունը հետագա ոչնչացումից պաշտպանելու և իր զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից դուրս բերելու ուղղությամբ։

 

Մեկնաբանելով հիշյալ նամակի շրջանառումը՝ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է, որ ԱՄՆ Կոնգրեսը հստակ արտահայտվել է երկկուսակցական և երկպալատ միասնական համոզմունքով. «Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած քվեարկությունից հետո, որտեղ 44 կողմ և 7 դեմ ճնշող մեծամասնությամբ ընդունվել էր Ադրբեջանից հայ պատանդներին ազատ արձակելու պահանջը, ավելի քան 25 նահանգ ներկայացնող 100-ից ավելի օրենսդիրներ կոչ են արել Թրամփի վարչակազմին գործարկել 907-րդ հոդվածը և դադարեցնել ԱՄՆ-ի կողմից նավթով հարուստ Ադրբեջանին զենքի ու օգնության տրամադրումը։ Նրանք շեշտել են, որ Ալիևի կոռումպացված ու ցեղասպան վարչակարգը ոչ ամերիկյան առատաձեռնության կարիքն ունի, ոչ էլ արժանի է դրան, հատկապես այն պայմաններում, երբ Միացյալ Նահանգներում բազմաթիվ ամերիկացիներ բախվում են տնտեսական դժվարությունների»։ Ըստ նրանց՝ նախագահ Թրամփի կողմից 907-րդ հոդվածի սահմանափակումների շրջանցումը և Բաքվին ամերիկյան զենքի ու օգնության տրամադրումը հետ են մղում խաղաղության գործընթացը՝ քաջալերելով Իլհամ Ալիևին շարունակել հայ պատանդների նկատմամբ բռնությունները, քրիստոնեական եկեղեցիների ոչնչացումը, հայկական տարածքների օկուպացիան և խոչընդոտելով փախստականների՝ իրենց բնիկ հայրենիք՝ Արցախ, անվտանգ, հավաքական ու պաշտպանված վերադարձը։ Ամրիկահայ համայնքն իր երախտագիտությունն է հայտնում սենատոր Փիթերսին, սենատոր Շիֆին, Ներկայացուցիչների պալատի անդամներ Բիլիրակիսին, Փալոնին և բոլոր այն օրենսդիրներին, որոնք միացել են հաշվետվողականության ապահովմանն ուղղված այս նախաձեռնությանը։

Նամակը հասանելի է հետևյալ հղումով:

 ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել