Լրահոս
Օրվա լրահոսը

Բռնի անհետացումը միջազգային հանցագործություն է․ Տաթևիկ Սողոյանը՝ անհետ կորածների խնդիրների մասին

Հոկտեմբեր 08,2026 16:02 Share
Աջակցեք aravot.am-ին

«Անհետ կորածների շրջանում ունենք մարդիկ, ովքեր բռնի անհետացած են։ Բռնի անհետացածը նշանակում է, որ մարդիկ իրապես վկաների ապացույցներով, տեսագրություններով և այլն, երևում է, որ ողջ վիճակում փաստացի գերևարվել են ադրբեջանցի զինծառայողների կողմից, բայց դրան զուգահեռ՝ Ադրբեջանը վեց տարի շարունակ ասում է՝ ոչ, մենք նման գերի չենք ճանաչում, մենք մեր տիրապետության ներքո նման մարդ չենք ճանաչում»,- խորհրդարանում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ հանդիպման ժամանակ ասաց անհետ կորած փոխգնդապետ Հրանտ Պապիկյանի զարմուհին, փաստաբան Տաթևիկ Սողոյանը։

Բռնի անհետացումը միջազգային կոնվենցիաներով հանցագործություն է, որի համար խիստ պատիժներ են նախատեսված։ Պաշտոնական տվյալներով՝ նրանց թիվը 30-ն է։

«Բայց քանի որ մեր պետությունը գնում է այս խաղաղասիրական մթնոլորտում, մենք տեսնում ենք, որ ոչ մի միջազգային հարթակում չի առաջ բերում բռնի անհետացածների հարցը որպես հանցագործություն, որին պետք է միջազգային հանրությունը հետամուտ լինի, գնա և պատժի և փորձի Ադրբեջանին, չեմ ասում նույնիսկ իրավական, բայց նույնիսկ քաղաքական պատասխանատվության կանչի իր չհամագործակցային լինելու համար, պատշաճ քննություններ չանելու համար, որովհետև չի կարող մեր բոլորի կողմից տեսած այդ պատերազմի զարհուրելի կադրերում կան զինվորներ, ովքեր ողջ վիճակում ձեռքերը վերևում պարզած գերեվարվել են, և այդ մարդկանց ճակատագիրը այս պահին անհայտ է»,- մանրամասնեց Տաթևիկ Սողոյանը։

Փաստաբանը հիշեցրեց, որ դրանց վերաբերյալ ժամանակին միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը համապատասխան գանգատներ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան․ դրանք կամ իրականացրել են մեր կառավարության ներկայացուցիչը, կամ իրականացրել են անհատ փաստաբանները․ «Հիմա այստեղ նաև շատ կարևոր հանգամանք կա, որ այն մարդկանցից մի քանիսը, ովքեր հանցագործության հետևանքով անհետացել են, իրենց գանգատը կառավարությունն է ներկայացրել։ Եվ փաստացի ստացվում է, որ էս մեր նախաստորագրված խաղաղության պայմանագրով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է այդ մարդկանց վերաբերյալ գանգատը ևս հետ կանչել Եվրոպական դատարանից, ինչը անթույլատրելի է։

Ինքս նախաձեռնել եմ և գրել եմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանին՝ ասելով, որ այդ իրավունքը, որ խախտվել է, կառավարության իրավունքը չի խախտվել, իմ ընտանիքի իրավունքն է խախտվել, և կառավարությունն իրավունք չունի իմ ընտանիքի փոխարեն որոշել՝ ես ուզում եմ դադարեցնել իրավական ճանապարհով փնտրտուքը, թե ոչ։ Եվ ես դրա վերաբերյալ ունեմ Եվրոպական դատարանի դիրքորոշումը, որ դրան առանձին որոշմամբ Եվրոպական դատարանի մեծ պալատը կանդրադառնա»,- հավելեց Տաթեւիկ Սողոյանը։

Մանրամասները՝ քիչ անց՝ տեսանյութում

Հիշեցնենք, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն այսօր հանդիպում էին  արցախյան պատերազմներում զոհված եւ անհայտ կորածների հարազատների հետ։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031