«Մախմուր աղջիկ», «Երբ խանդում ես», «Ծաղկած բալենի», «Որտեղ գտնեմ քեզ», «Իմ անուշ տավիղ», «Հայոց հովիկ», «Հուշեր», «Կապույտ թռչուն», «Հովվի երգը», «Տաղ հայտնության», «Անընդհատ շարժում», «Իլիկներով պար», «Իմ եղեգ», «Հին Թիֆլիս»… Թվարկած և մի քանի հարյուրի հասնող, անցյալ դարից եկող միայն այս երգերի ու պարեղանակների երաժշտության հեղինակին ներկայացնելու կարիք չկա: Նրա անունն ու մեղեդիները այսօր էլ սիրված են և սպասված: Տարեսկզբից, ավելի ճիշտ՝ ապրիլի 14-ից, երևանյան համերգասրահներում, անհատ երգիչների, ժողովրդական գործիքների նվագախմբերի ու պարային անսամբլների մասնակցությամբ, սկսեցին էլ ավելի հաճախ հնչել Խաչատուր Ավետիսյանի ստեղծագործությունները: Իսկ ապրիլի 14-ին լրացավ սիրված կոմպոզիտորի ծննդյան 100-ամյակը:
Aravot.am-ը չէր անդրադառնում լեգենդար կոմպոզիտորի հոբելյանին մեկ պատճառով՝ սպասում էինք նրա որդու՝ լոսանջելեսաբնակ դիրիժոր Միքայել Ավետիսյանի՝ Երևան ժամանելուն: Փորձեցինք կապվել նրա հետ, բայց՝ ապարդյուն: Քիչ է մնացել տարին ավարտվելուն, հետևաբար որոշեցինք անդրադառնալ կոմպոզիտորի ոչ թե սիրված, հանրությանը քաջածանոթ ստեղծագործություններին, այլ ներկայացնել նրա ստեղծագործական դիմանկարի մաս կազմող այն հատվածը, որի մասին կարելի է և հիշեցնել, և տեղեկացնել այսօրվա սերնդին, մանավանդ նրանց, ովքեր որպես մասնագիտություն ընտրել կամ նվիրվել են մեր ժողովրդական երգարվեստին ու պարարվեստին:
Այսպես. Խաչատուր Ավետիսյանն առաջիններից էր, որ հայկական ավանդական ժողովրդական նվագարանները դուրս բերեց կենցաղային-մենակատարային նեղ շրջանակից և ներմուծեց ակադեմիական-համերգային բեմ: Այսպիսով, միաձուլեց հայկական ժողովրդական մեղեդայնությունը եվրոպական դասական հարմոնիայի և խոշոր երաժշտական ձևերի (կոնցերտ, սյուիտ, ռապսոդիա, օրատորիա) հետ:
Երկրորդ՝ որպես փայլուն քանոնահար՝ կոմպոզիտորն արմատապես վերափոխեց քանոնի կատարողական տեխնիկան և հնարավորությունները: Ընդլայնելով երկու ձեռքով նվագելու տեխնիկան՝ նա գրեց քանոնի համար առաջին կոնցերտները ոչ միայն ժողգործիքների անսամբլի, այլև սիմֆոնիկ նվագախմբի համար:
Կարդացեք նաև
Երրորդ՝ հիմնադրելով և ղեկավարելով Հայաստանի պարի պետական անսամբլի նվագախումբը, այնուհետև՝ Հեռուստատեսության և ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլը՝ Ավետիսյանը մշակեց ժողնվագախմբի գործիքավորման ուրույն սկզբունքներ: Նա կարողացավ հասնել գործիքների տեմբրային նուրբ համադրության՝ ստեղծելով սիմֆոնիկ շնչով օժտված, բայց միաժամանակ զուտ հայկական հնչողություն:
Համառոտ թվարկումից հետո, գուցե, նրա ամենախիզախ ու պատմական քայլն արձանագրենք՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում 1980 թվականին կոմպոզիտորի նախաձեռնությամբ հիմնադրվեց ժողգործիքների և ժողովրդական երգեցողության ամբիոնը:
Հիմա ներկայացնենք, թե որ կոլեկտիվներն են մինչ օրս հանդես եկել համերգներով՝ նվիրված 20-րդ դարի հայ երաժշտարվեստի նշանավոր ներկայացուցիչ, կոմպոզիտոր, Հայաստանի ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Խաչատուր Ավետիսյանի 100-ամյակին՝ ևս մեկ անգամ հնարավորություն ընձեռելով հաղորդակից լինելու նրա հարուստ ստեղծագործական ժառանգությանը և արժևորելու ազգային երաժշտարվեստում նրա թողած նշանակալի ավանդը: Դրանք են՝ Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը՝ ի դեմս վաստակավոր կոլեկտիվների՝ Հայաստանի երգի-պարի և պարի պետական անսամբլների: Հանդես են եկել նաև Հնագույն երաժշտության «Տաղարան» անսամբլը, «Նարեկացի» արվեստի միության «ՆՈՎԱ» ժողգործիքների անսամբլը և, իհարկե, շուրջ մեկ տասնյակ հանրահայտ երգիչներ:
Վերջում հիշենք կոմպոզիտորի հետևյալ միտքը, որը նա հաճախ էր կրկնում տարբեր առիթներով. «Ազգը պահողը, իրար հետ միացնողը լեզուն է, հավատքն ու ազգային արվեստը»:
Հոդվածը պատրաստ էր, երբ Երևանի կոնսերվատորիայի PR բաժնից լուր ստացվեց, որ կոնսերվատորիայի դահլիճում նոյեմբերի 27-ին կկայանա համերգ, որտեղ ամերիկաբնակ կոմպոզիտոր, դաշնակահար Գրիգոր Խաչատրյանն առաջին անգամ կներկայացնի իր 12 էտյուդը՝ ավետիսյանական երաժշտության թեմաներով: Հանդես կգա նաև երգչուհի Տաթև Թադևոսյանը:
Ի դեպ, կոմպոզիտորի ստեղծագործական ժառանգության գագաթնակետերից են մեծակտավ ստեղծագործությունները՝ «Հայաստան» օրատորիան՝ Պարույր Սևակի խոսքերով, և «Հավերժության տաճար» վոկալ-սիմֆոնիկ պոեմը, որոնցում հայրենասիրական ու փիլիսոփայական խոր գաղափարներն արտահայտված են ազգային-ժողովրդական երաժշտական լեզվի միջոցով:
Սամվել Դանիելյան



















































