Այս տարվա Երեխաների համաշխարհային օրվա՝ «Իմ օրը։ Իմ իրավունքները։ Իմ ապագան» խորագիրն ընդգծում է յուրաքանչյուր երեխայի՝ լսված լինելու, իր իրավունքներն իրացնելու, կրթություն ստանալու, ստեղծագործելու և սեփական ապագան կերտելու իրավունքը։
Այս գաղափարն իր գեղարվեստական արտահայտությունը գտավ նոյեմբերի 20-ին կայացած «Նամակ ապագայից» խորագրով երաժշտական ներկայացման ընթացքում, որը կազմակերպվել էր ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան, դիրիժոր Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ ի աջակցություն ՅՈՒՆԻՍԵՖ-ի։
Իսկ ի՞նչ կլիներ, եթե նամակ ստանայիք ապագայի ձեր «ես»-ից։ Ի՞նչ կպատմեր այն ձեր երազանքների, հնարավորությունների և այն մարդկանց մասին, որոնք աջակցել են ձեզ այդ ճանապարհին։
Կարդացեք նաև
«Նամակ ապագայից» երաժշտական ներկայացման հիմքում ապագայի հետ խորհրդանշական երկխոսությունն էր։ Երաժշտության միջոցով հանդիսատեսը հրավիրվեց մտորելու երազանքների, հնարավորությունների, սեփական ուժերին հավատալու և այն մարդկանց կարևորության մասին, որոնք աջակցում են երեխաներին իրենց ճանապարհին։
Միջոցառման մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ դոկտոր Ղասսան Խալիլը, որն իր խոսքում մասնավորապես նշեց․
«Այսօր մենք հավաքվել ենք՝ տոնելու երաժշտությունը, երեխաների տաղանդն ու ստեղծագործական ներուժը։ Այս միջոցառումը հիշեցնում է մեզ, որ յուրաքանչյուր երեխայի ուղին յուրահատուկ է։ Յուրաքանչյուր երեխա ունի իր երազանքները, տաղանդները, հարցերն ու ձգտումները։ Սակայն բոլոր երեխաներին անհրաժեշտ են որոշակի հիմնարար պայմաններ՝ լիարժեք զարգանալու համար․ նրանց ձայնը պետք է լսելի լինի, և նրանք պետք է ազատորեն մասնակցեն իրենց կյանքին վերաբերող որոշումների կայացմանը։ Ձեր ներկայությունն այսօր մեզ համար շատ կարևոր է։ Այն նշանակում է, որ դուք աջակցում եք երեխաների իրավունքներին։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ միասին մենք շարունակելու ենք մեր աշխատանքը Հայաստանում՝ ապահովելու, որ ոչ մի երեխա դուրս չմնա հնարավորություններից»։
Միջոցառմանը ներկա էին նաև բարձրաստիճան հյուրեր, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ինչպես նաև մշակութային և հասարակական ոլորտների ներկայացուցիչներ։
«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» կրթական և զարգացման ծրագրի պատանի երաժիշտները հանդես եկան բազմաժանր համերգային ծրագրով՝ ներկայացնելով համաշխարհային դասական երաժշտության և հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Երեկոյի ընթացքում հնչեցին Ֆելիքս Մենդելսոնի, Անտոնիո Վիվալդիի, Յոհան Սեբաստիան Բախի, Դավիդ Պոպպերի, Յոհաննես Բրամսի, Էդվարդ Բաղդասարյանի և Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները՝ միավորելով համաշխարհային երաժշտական ժառանգությունն ու հայկական դասական երաժշտության հարուստ ավանդույթները։
«Նամակ ապագայից» երաժշտական ներկայացումը դարձավ անմոռանալի երեկո և կարևոր հիշեցում, որ երեխաների ապագան ձևավորվում է հենց այսօր՝ նրանց ընձեռվող հնարավորությունների, վստահության և աջակցության շնորհիվ։ Այն նաև սկիզբ դրեց նոր գեղեցիկ համագործակցության Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջև հանուն երեխաների իրավունքների և ապագայի։
Մամուլի հաղորդագրություն






















































