«Պարոն Ղազարյան, ձեզ արձագանքի արժանացնելը մեծ պատիվ կլինի, դուք այդ պատվին չեք արժանացել»,- խորհրդարանում 2027 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Ինձ դիտողություն անելու համարձակությունից առաջ խնդրում եմ նկատի ունեցեք, որ ես անցել եմ կրթական բոլոր ակադեմիական շերտերը, ունեմ երկու գիտությամբ գիտական կոչումներ, և ձեր նկատմամբ վերաբերմունքը ուղղակի վերաբերմունք է, այլ ոչ թե կրթության պակաս, որը իմ անցած ճանապարհը ձեզ՝ ձեզ անցնելու համար առնվազն երեք կենսաբանական կյանք կարող է ձեզնից պահանջվի»,- հակադարձեց ընդդիմադիր պատգամավորը։
Էդգար Ղազարյանն իր հարցում հեգնել էր․ «Երբ որ 2021 թվականի մարտի 17-ին հայտարարվեց Ակադեմիական քաղաքի ծրագրի մասին, դա հինգը տարի առաջ էր, շատերը թերահավատ էին, մտածում էին, որ այն իրականություն չի դառնա, բայց ես հիացած եմ ձեր կատարած հսկայական աշխատանքով, այդ հարմարավետությամբ, այն հրաշալի պայմաններով, այն ակադեմիական մթնոլորտով, որը ես տեսա էդ Ակադեմիական քաղաքում, և ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ էդ հսկայական աշխատանքի համար»։
Կարդացեք նաև
Նա նաև բյուջետային ծախսերից էր հետաքրքրվել․ «2023 թվականին բյուջեում էր գրած, որ Հայաստանում պիտի Սնուփ Դոգի համերգը լինի, ու տենց էլ էդ համերգը չկայացավ, դրանից հետո էդ համերգի փոխարեն մի ուրիշ տարի կայացավ Ջենիֆեր Լոպեսի համերգը։ Դուք հաշվել եք արդյոք էդ համերգի վրա ծախսված գումարները քանի աշակերտի երաժշտական դպրոցի, արվեստի դպրոցների ուսման վարձի գումար ա, քանի երեխա Հայաստանում կարար անվճար երաժշտական կրթություն ստանար՝ հատկապես ժողովրդական գործիքների, ազգային նվագարանների գծով, եթե այդ համերգները Հայաստանում պետական բյուջեով չկազմակերպեին։ Օրինակ՝ դուք ուսումնասիրե՞լ եք՝ Սնուփ Դոգը երբևէ Լաս Վեգասում ԱՄՆ կառավարության աջակցությամբ համերգներ ունեցել ա, թե չէ՝ իր ամենաշատ համերգները, ի դեպ, Լաս Վեգասում են։ Որևէ այլ երկրում պետական սուբսիդավորման համերգ եղել ա, թե չէ, որ Հայաստանի կառավարությունը որոշել էր այս հսկայական ծախսերի մեջ, իր կարիքների մեջ Սնուփ Դոգի կամ Ջենիֆեր Լոպեսի ֆինանսավորի»։
«Պարոն Ղազարյան, հարց տալիս սովորաբար դիմում են։ Ես կարծում եմ՝ սա էլ մի հմտություն է, որը երևի նախորդող ձեր գործունեության ժամանակահատվածում ինչ-որ մի տեղ պիտի սովորած լինեիք։ Շարունակեք հիանալ, և կարծում եմ՝ առաջիկայում ձեր հիացմունքը կարտահայտեք նաև Ակադեմիական քաղաքում բարձրացող ուսանողական կացարանների, այդտեղ բնակվող և այսպիսով նաև իրենց սոցիալական հարցերի կարգավորման համար շատ լավ հնարավորություններ ստացող մեր ուսանողների ուրախությունը կկիսեք»,- հեգնանքը շարունակեց նախարարը։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ



















































