Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի, ջրային ռեսուրսների կայունության և մրցունակ շրջանաձև տնտեսության հարցերով հանձնակատար Ջեսսիկա Ռոսվալլին։
Վարչապետը ողջունել է տիկին Ռոսվալլի մասնակցությունը Հայաստանում անցկացվող Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) և հույս հայտնել, որ քննարկումներն անցնում են հետաքրքիր և արդյունավետ։ Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը կարևորել է Եվրոպական հանձնաժողովի հետ սերտ համագործակցությունը շրջակա միջավայրի և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում։ Երկրի ղեկավարը նշել է, որ ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետությունը բարձրացնելու օրակարգը ՀՀ Կառավարության առաջնահերթություններից մեկն է։ Վարչապետը հավելել է, որ Կառավարության նպատակն է տարբեր ոլորտներում ներդնել եվրոպական ստանդարտներ և այս առումով ընդգծել Եվրոպական հանձնաժողովի շարունակական աջակցության անհրաժեշտությունը։
Ջեսսիկա Ռոսվալլը նշել է, որ COP17 համաժողովն անցնում է բարձր մակարդակով և շնորհավորել վարչապետին այդ առիթով։ Եվրոպական հանձնաժողովի հանձնակատարի խոսքով՝ քննարկումների առանցքում է կանաչ օրակարգի առաջմղումը։ Նա հույս է հայտնել, որ այն կստանա մասնակից պետությունների աջակցությունը։ Միաժամանակ, Ջեսսիկա Ռոսվալլը հայտնել է Եվրոպական հանձնաժողովի աջակցությունը Հայաստանին՝ շրջակա միջավայրի ոլորտում ժամանակակից ստանդարտների ներդրման և համապատասխան ծրագրերի իրականացման գործում։
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև ինտենսիվ գյուղատնտեսության խթանման, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
Կարդացեք նաև
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ



















































