Մոտենում է Ամանորը: Մտածեցի ամանորյա օրերն անցկացնել Հայաստանի որևէ գեղատեսիլ վայրում: Կարող էի, անկասկած, այդ օրերին անճար լինել գրողների ստեղծագործական տանը Ծաղկաձորում: Բայց, որպես ստեղծագործողի, ինձ պետք են նոր զգացողություններ, նոր վայրեր, նոր մարդիկ: Այդ նպատակով դեռ հոկտեմբերին զանգեցի մի քանի տուրօպերատորների ու ապշեցի երեք օրվա գնացուցակից: Դիլիջանում, Լոռիում, Ծաղկաձորում, Արզնիում երեք օրվա գինը 395.000 դրամ է: Այսինքն՝ մեկ օրը գրեթե երեք անգամ թանկ է, քան Եվրոպայում: Իհարկե, ամանորյա օրերին աշխատակիցը պիտի կրկնակի վարձատրվի, համերգի համար պիտի վճարվի: Բայց կրկնակի վարձատրությունը չի նշանակում եռակի գին հաճախորդի համար: Դա արդեն ագահություն է: Հոկտեմբերի սկզբին ես ինն օր եղել եմ եվրոպական չորս երկրներում և վճարել եմ ընդամենը 440.000 դրամ: Այսինքն՝ մեկ օրը՝ 48.000 դրամ, որի մեջ մտնում են թռիչքներ, հյուրանոցներ, նախաճաշի գները: Բայց նաև ես աշխարհ տեսա, նոր քաղաքներ, թանգարաններ, նոր մարդիկ, հրաշալի զգացողութուններ ունեցա: Մինչդեռ Հայաստանի վերոհիշյալ վայրերում մեկ օրը արժե 132.000 դրամ և ընդամենը ներառում է ամանորյա ընթրիքը ու համերգը, խաշը, նկարվելը: Եվ նույն Եվրոպայում Ամանորին հազարավոր հյուրանոցներ են մրցում իրար հետ ու գները իջնում են: Մեզ մոտ, ընդհակառակը, ամանորյա գները գնալով կթանկանան, և մարդու առջև ընտրություն չի մնում, կա´մ պիտի վճարես, կա´մ պիտի տանը մնաս՝ հեռուստացույցի առջև: Ցավոք, Կովկասում ամենաթանկ գները Հայաստանում են: Ես հետաքրքրվեցի ու իմացա, որ հարևան երկրներում երկու անգամ ավելի էժան են ամանորյա տուրերը և օրերն էլ ավելի շատ են: Անգամ վրդովված տուրօպերատորներից մեկին ասացի, որ հոդված կգրեմ այդ թանկ գների մասին, նա պատասխանեց, որ լավ էլ կանեք, եթե գրեք: Ուրեմն, իրենք էլ հոգնել են այդ համակարգից: Ինձ առաջարկեցին նաև Արևմտյան Հայաստանի տուր, որը ևս թանկ էր՝ 400 հազար դրամ հինգ օրվա համար, բայց ես հրաժարվեցի: Քավ լիցի, չեմ ուզում քննադատել նրանց, ովքեր գոնե մեկ անգամ ուզում են տեսնել Անին, Վանը, Ախթամարը, նավարկել Բոսֆորի նեղուցով: Նրանց համար դա ուխտագնացություն է, ոչ թե տուրիզմ: Իսկ ինձ համար Թուրքիայում ոտք դնելը ցավ է իմ հայրենիքի՝ Արցախի կորստի պատճառով, քանի որ Թուրքիայի անմիջական մասնակցությամբ հանձնվեցին մեր հողերը, որտեղ մնացել են հարյուրավոր եկեղեցիներ, հազարավոր խաչքարեր, մեր տներն ու գերեզմանները: Այնպես որ, գոնե Ամանորին ուզում եմ մի քանի օր մեր կորուստները չհիշել:
Ակամայից հարց է առաջանում. ինչո°ւ են Հայաստանում տիեզերական չափերի հասնում գները: Ի վերջո, ո°վ պիտի վերահսկի այս ամենը: Եվ ցավոք, միայն ամանորյա տուրերի խնդիրը չէ…Նույնը վարձով տների հետ է կատարվում: Հայրենիք, տուն-տեղ կորցրած արցախցի մարդը մի ճամպրուկով է հասել Հայաստան ու վարձի համար հսկայական գին է վճարում: Հայը հային է շահագործում: Երևանում մեկ սենյակի վարձավճարը կազմում է 200 հազար դրամ, 2-3 սենյակինը՝ 250-500 հազար դրամ: Ինչպե°ս պիտի մարդն իր գոյությունը պահպանի, երբ աշխատավարձը 150-200 հազար դրամ է կազմում: Ամեն մեկն ինչ գին ուզում, դնում է:
Այսպիսով, ոչ միայն տուրիզմի ոլորտում կարգավորում գրեթե չկա, այլև վարձակալության շուկան էլ ամբողջությամբ ազատ է: Նույն թալանն է տիրում նաև բանկերում և որոշ վարկային կազմակերպություններում, որտեղ բարձր տոկոսաչափերով են աշխատում: Ես երեք տարի առաջ 90 հազար դրամ էի վերցրել վարկային մի կազմակերպությունից, և 300 հազար դրամ վճարեցի՝ փակելով պարտքս: Ագահությունն էլ չափ ու սահման պիտի ունենա: Մեր դասականներից մեկը տարիներ առաջ գրել է, որ հայի մեջ խորը արմատավորված է առևտրականի հոգեբանությունը: Չեմ ուզում անունը տալ, որովհետև որպես հայրենասեր գրողի շատ եմ հարգում նրան:
Ստացվում է, որ միայն շահույթի ետևից ընկած մարդը պատրաստ է հանուն փողի հրաժարվել իր հայրենիքից: Մի°թե այդպես չեղավ և Արցախի հետ: Հինգ հազար տարի այդ հողի վրա ապրողներին դարձրին փախստականներ: Ոչ մի երկիր չի վերանում միայն այն բանի համար, որ մարդիկ առևտուր են անում: Բայց երբ առևտուրը դառնում է միակ արժեքը՝ ավելի բարձր, քան հայրենիքը, այդ ժամանակ պետությունը դատարկվում է ներսից: Եթե այսպես շարունակվի, շատ եմ վախենում, որ կկորցնենք նաև Հայաստանը:
Կարդացեք նաև
Ժաննա ՀԱԿՈԲՅԱՆ
Բանասիրական գիտոթյունների թեկնածու, գրող
«Առավոտ» օրաթերթ
05.11.2026



















































