Լրահոս
Օրվա լրահոսը

«Շողակաթի փակումը մեծ սխալ եմ համարում մեր պետության համար, դուք օրենքով փակեցիք»․ Տիգրան Հակոբյանի հայտարարությունը բարկացրեց ՔՊ-ականին

Նոյեմբեր 05,2026 19:52 Share
Աջակցեք aravot.am-ին

«Ես պիտի կրկնեմ, որ Շողակաթի փակումը մեծ սխալ եմ համարում մեր պետության համար։ Օրինակ՝ այսօր մենք երրորդ անգամ չեղյալ համարեցինք մեր մրցույթը՝ Շողակաթի փոխարեն ոչ մեկը չի գալիս»,- Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում «Հայաստանի Հանրապետության 2027 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։

«Մյուս տարի մայրաքաղաքային ծածկման հերթական մրցույթը կկայանա, 2028-ին՝ համապետական։ Մենք արդեն այսօր գիտենք, որ կունենանք գրեթե կիսադատարկ հանրային մուլտիպլեքս, իսկ դա նշանակում է, որ կտրուկ կնվազի այն բովանդակությունը, որը կատարում է մեր պետության տեղեկատվական և քարոզչական ուղղվածությունը և սպասարկում է հայկական օրակարգը, ոչ թե օտար երկրների»,- ասաց Տիգրան Հակոբյանը։

ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի ՔՊ-ական նախագահ Սիսակ Գաբրիելյանին բարկացրեց Տիգրան Հակոբյանի՝ «Շողակաթ» հեռուստաընկերությունը փակելու մասին հայտարարությունը։

Սիսակ Գաբրիելյան

«Ես ուզում եմ ասել, որ պետությունը որևէ հեռուստաընկերություն չի փակել»,- ասաց Սիսակ Գաբրիելյանը։

«Ամեն դեպքում փակվել է, հիմա չկա»,- հակադարձեց Տիգրան Հակոբյանը։

«Մենք ոչինչ չենք փակել, բայց ես հիշում եմ, որ ժամանակին հեռուստաընկերությունները փակվում էին, ընդհուպ Եվրոպական դատարան էր հասնում այդ հարցը։ Ես Շողակաթ հեռուստաընկերությանը հորդորում եմ դիմել երեք ազատ սլոթերին և իրենց բովանդակությունը տարածել»,- նշեց Սիսակ Գաբրիելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում 

«Դա օրենսդրությամբ է եղել, ուրեմն պետությունն է փակել»,- ասաց Տիգրան Հակոբյանը։ «Ուզում եմ հասկանալ՝ օրենքով ի՞նչը փակեցինք»,- հարցրեց Սիսակ Գաբրիելյանը։

«Հանրային հեռուստաընկերությունն ուներ երեք հեռուստաընկերություն, օրենքով սարքեցիք երկուսը, և Շողակաթը փակվեց։ Ես չեմ ուզում շարունակել, բայց մենք պիտի հասկանանք, որ Շողակաթը կրթական, մշակութային հանրային հեռուստաալիք է և շատ կարևոր ֆունկցիա էր իրականացնում։ Այսինքն՝ պետությունը հրաժարվեց մի գործիքից, որով ինքը կարող էր ձևավորել այն կրթական և մշակութային միջավայրը, որը մեզ ծայրաստիճան անհրաժեշտ է»,- արձագանքեց Տիգրան Հակոբյանը։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել