Ծնկահոդի օստեոարթրոզն արթրիտի ամենատարածված տեսակներից է, որից տառապում է աշխարհում շուրջ 528 միլիոն մարդ։ Այս հիվանդությունը սոսկ «ծերացում» կամ հոդերի բնական մաշվածություն չէ։ Այն ախտահարում է ոչ միայն աճառը և ոսկրային հյուսվածքը, այլ ողջ հոդը, ինչպես նաև ծնկահոդի շրջանի փափուկ հյուսվածքները՝ կապաններն ու ջլերը՝ ընդհուպ մինչև մկաններ։
Հիվանդության առաջին ախտանշանները, սովորաբար, դրսևորվում են ցավով կամ տարբեր գործողությունների ժամանակ, օրինակ՝ աստիճաններ բարձրանալիս անհարմարության զգացումով։ Ժամանակի ընթացքում ցավն ուժգնանում է և կարող է դառնալ մշտական՝ երբեմն-երբեմն էլ ավելի սրվելով։ Շատերը, սովորաբար, դիմում են բժշկական օգնության այն ժամանակ, երբ ցավը սկսում է խանգարել իրենց առօրյա կենսագործունեությանը, սահմանափակում է ֆիզիկական հնարավորությունները։
Հաճախ օստեոարթրիտը շփոթում են ռևմատոիդ արթրիտի հետ։ Սակայն ռևմատոիդ արթրիտը պատկանում է այն հիվանդությունների խմբին, որոնց դեպքում հոդերի ցավի և այտուցի հիմնական պատճառը իմունային համակարգի գործունեության խանգարումն է։ Այս տեսակի բորբոքային արթրիտների դեպքում հաճախ նշանակում են այնպիսի դեղորայքային բուժում, որը նպաստում է իմունային համակարգի ոչ բնականոն գործունեության կարգավորմանը։
Ցավոք, օստեոարթրիտը լիովին բուժող դեղամիջոց դեռևս գոյություն չունի, ինչպես նաև չկա բուժման միասնական մոտեցում, որը հավասարապես արդյունավետ կլինի բոլորի համար։ Երբ ծնկահոդի օստեոարթրիտով հիվանդը դիմում է բժշկի, խորհրդատվությունը, սովորաբար, սկսվում է հիվանդության առանձնահատկությունների և բուժման տարբերակների վերաբերյալ տեղեկատվության տրամադրմամբ։
Կարդացեք նաև
Բժիշկը քննում է, թե բուժման ինչ միջոցներ է հիվանդն արդեն կիրառել, որքանով են դրանք արդյունավետ եղել և ինչ այլ տարբերակներ են հնարավոր։ Բուժումը, սովորաբար, համալիր բնույթի է լինում՝ ներառելով միաժամանակ մի քանի մոտեցում։ Ընդ որում՝ կարևոր է հաշվի առնել յուրաքանչյուր հիվանդի անհատական կարիքներն ու առաջնահերթությունները։
Ֆիզիկական ակտիվությունն ու վարժությունները մարդու շարժունակության և ֆունկցիոնալ կարողությունների պահպանման կարևորագույն հիմքերից են։ Բոլոր չափահասներին խորհուրդ է տրվում շաբաթական 150 րոպե միջին ինտենսիվության ֆիզիկական ակտիվություն պահպանել, թեև օստեոարթրիտ ունեցող մարդկանց համար դա կարող է դժվար լինել։ Նրանց խորհուրդ է տրվում սկսել աստիճանաբար՝ քիչ-քիչ ավելացնելով ֆիզիկական ակտիվությունը։
Շատ կարևոր է քայլելը։ Պարտադիր չէ անմիջապես սկսել մարզասրահ հաճախել կամ կատարել բարձր ինտենսիվության վարժություններ։ Կարող եք սկսել այնպիսի ծանրաբեռնվածությունից, որը տվյալ պահին հնարավոր է։ Առաջընթացի վերահսկումը նույնպես կարող է օգտակար լինել։ Այդ նպատակով կարելի է օգտագործել առողջության վերահսկման թվային հավելվածներ կամ սարքեր, որոնք հաշվում են օրական կատարված քայլերը։
Ծնկահոդի օստեոարթրիտ ունեցող մարդկանց մեծամասնությանը խորհուրդ է տրվում առնվազն մեկ անգամ դիմել ֆիզիկական թերապևտի։ Մասնագետը կարող է անհատական աշխատանքի միջոցով օգնել ընտրել և կատարել տարբեր տեսակի վարժություններ։ Դրանք պետք է ներառեն՝
- Ուժային վարժություններ՝ թուլացած մկաններն ամրապնդելու համար, քանի որ մկանային թուլությունը կարող է սաստկացնել ծնկային ցավը։
- Աերոբիկ վարժություններ՝ սրտի և թոքերի աշխատանքը բարելավելու, ինչպես նաև ընդհանուր առողջությունը պահպանելու նպատակով։
- Շարժումների ծավալը մեծացնող և ճկունությունը զարգացնող վարժություններ։
- Հավասարակշռությունը բարելավող վարժություններ։ Ֆիզիկական թերապևտի հետ կարելի է քննարկել նաև բիոմեխանիկական օժանդակ միջոցների կիրառումը, ինչպիսիք են հոդի ժապավենային ֆիքսումը (թեյփավորումը), ծնկակալները և ձեռնափայտերը։ Դրանք օգնում են կարգավորել հոդի վրա ընկնող մեխանիկական ծանրաբեռնվածությունը, այսինքն՝ նվազեցնել կամ վերաբաշխել ծնկահոդի վրա ազդող ուժերը։
Ավելորդ քաշ կամ ճարպակալում ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում նվազեցնել մարմնի քաշը՝ ծնկահոդի մեխանիկական ծանրաբեռնվածությունը թեթևացնելու նպատակով։ Մարմնի ավելորդ քաշը ծնկահոդի օստեոարթրիտի զարգացման հայտնի ռիսկի գործոններից է։ Կլինիկական հետազոտությունների նոր տվյալները վկայում են, որ քաշի նվազեցման համար կիրառվող այնպիսի դեղամիջոցները, ինչպիսին է սեմագլուտիդը, կարող են լրացուցիչ դրական ազդեցություն ունենալ ծնկային ցավի նվազեցման և հոդի ֆունկցիայի բարելավման վրա։ Այնուամենայնիվ, այս դեղամիջոցների երկարաժամկետ օգուտների և անվտանգության վերաբերյալ տվյալները դեռևս բավարար չեն։
Գործող կլինիկական ուղեցույցները խորհուրդ են տալիս կիրառել ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներ (ՈՍՀԲԴ), ինչպիսիք են իբուպրոֆենը և նապրոքսենը։ Սակայն շատ մարդիկ չեն կարող օգտագործել այդ դեղամիջոցները՝ դրանց կողմնակի ազդեցությունների, օրինակ՝ գաստրիտի, կամ ուղեկցող այլ հիվանդությունների, այդ թվում՝ սրտի և երիկամների հիվանդությունների պատճառով։ Նման դեպքերում կիրառվում են տեղային ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներ, օրինակ՝ դիկլոֆենակ, որը քսվում է մաշկին օրական մինչև չորս անգամ։ Դեղամիջոցի միայն փոքր քանակությունն է ներծծվում օրգանիզմի ընդհանուր արյան շրջանառության մեջ, ինչի շնորհիվ այն համարվում է ավելի անվտանգ։
Տեղային օգտագործման այլ միջոցներ էլ կարող են կիրառվել, այդ թվում՝ լիդոկաին (տեղային անզգայացնող միջոց), կապսաիցին (ստացվում է կծու պղպեղից), ինչպես նաև դեղորայքային սպեղանիներ։ Կապսաիցին օգտագործելուց հետո պետք է խուսափել ձեռքերով դեմքին կամ աչքերին դիպչելուց։
Կլինիկական ուղեցույցները խորհուրդ են տալիս նաև հոդի ներհոդային կորտիկոստերոիդային ներարկումները (հայտնի են որպես կորտիզոնի ներարկումներ), եթե ՈՍՀԲԴ-ները և բուժման այլ տարբերակները բավարար չափով չեն մեղմացնում ցավը։ Այս միջամտությունները իրականացվում են բժշկի վերահսկողությամբ։ Միջամտության հնարավոր ռիսկերն են ցավը, արյունահոսությունը և վարակը, սակայն համապատասխան նախազգուշական միջոցների շնորհիվ այդ ռիսկերը նվազագույնի են հասցվում։ Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ այս տեսակի ներարկումներից հետո աճառի քայքայումը կարող է արագանալ։ Այնուամենայնիվ, աճառի կորստի չափը, ըստ առկա տվյալների, կլինիկական տեսանկյունից էական նշանակություն չունի։
Որոշ հիվանդներին, հատկապես մշտական ցավի դեպքում, կարող է նշանակվել հակադեպրեսանտ, որը հաճախ օգտագործվում է քրոնիկ ցավային համախտանիշների բուժման համար։ Դեղամիջոցը նշանակելուց առաջ անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրել հիվանդի կողմից ընդունվող մյուս դեղերը՝ հնարավոր դեղային փոխազդեցությունները բացառելու նպատակով։
Եթե վերոնշյալ բուժման տարբերակները քննարկվել և փորձարկվել են, սակայն ծնկային ցավը շարունակում է պահպանվել և բացասաբար ազդել կյանքի որակի վրա, կարող է առաջարկվել օրթոպեդ-վիրաբույժի խորհրդատվություն՝ ծնկահոդի փոխարինման վիրահատության (էնդոպրոթեզավորման) հնարավորությունը քննարկելու համար։
Այս դեպքում հիմնական հարցերն են՝ արդյո՞ք հիվանդը պատրաստ է վիրահատության և արդյո՞ք ունի անհրաժեշտ աջակցություն՝ հետվիրահատական ֆիզիկական թերապիայի և վերականգնողական գործընթացի լիարժեք մասնակցության համար։
Որոշ հիվանդների մոտ ՄՌՏ հետազոտությամբ հայտնաբերվում են ծնկահոդի մենիսկի պատռվածքներ կամ այլ վնասվածքներ։ Նման փոփոխությունները հաճախ ուղեկցվում են ծնկահոդի օստեոարթրիտին բնորոշ այլ փոփոխություններով։ Սակայն մենիսկի վիրահատական բուժումը լրացուցիչ օգուտ չի ապահովում։ The New England Journal of Medicine բժշկական հեղինակավոր ամսագրում հրապարակված լայնածավալ կլինիկական հետազոտությունը ցույց է տվել, որ վիրահատական միջամտության տեսակներից մեկը՝ արթրոսկոպիկ մասնակի մենիսկէկտոմիան երկարաժամկետ արդյունքներով առավելություն չի ունեցել ֆիզիկական թերապիայի նկատմամբ։ Հետևաբար, ծնկահոդի օստեոարթրիտ ունեցող մարդկանց այս վիրահատությունը խորհուրդ չի տրվում։
Պացիենտները հաճախ հարցնում են նաև վիրահատությունից և վերոնշյալ բուժման մեթոդներից բացի այլընտրանքային տարբերակների մասին։ Փսիխոսոմատիկ մեթոդները, որոնք նպաստում են ինչպես մարմնի, այնպես էլ հոգեկան լարվածության թուլացմանը, կարող են լրացնել վերոնշյալ ֆիզիկական և դեղորայքային բուժումը։ Դրանցից են յոգան, մերսումը, ասեղնաբուժությունը և հոգեբանի օգնությամբ իրականացվող կոգնիտիվ-վարքաբանական թերապիան։
Ռադիոհաճախական աբլացիան կարող է առաջարկվել որոշ հիվանդների, երբ բուժման մյուս մեթոդները բավարար արդյունք չեն տվել, իսկ վիրահատությունը նախընտրելի տարբերակ չէ։ Համապատասխան մասնագետի օգնությամբ ջերմային կամ սառեցման ազդեցության միջոցով աբլացիայի են ենթարկվում այն նյարդերը, որոնք պատասխանատու են ծնկահոդի շրջանում ցավի զգացողության փոխանցման համար։
Կլինիկական ուղեցույցներն այժմ վերապահումով են մոտենում նախկինում տարածված մի շարք բուժման մեթոդների նկատմամբ, քանի որ փորձարկումները ցույց են տվել, որ դրանց արդյունավետությունը նման է պլացեբոյի՝ կեղծ դեղամիջոցի ազդեցությունը։
Դրանց թվում են՝
- հիալուրոնաթթվի ներհոդային ներարկումները,
- գլյուկոզամինի և խոնդրոիտինի պատրաստուկները,
- ռևմատոիդ արթրիտի նման հիվանդությունների բուժման համար կիրառվող որոշ հակաբորբոքային դեղամիջոցները,
- վիտամին D-ի և ձկան յուղի հավելումները։
Ինչ վերաբերվում է սննդակարգին, ապա պետք է հաշվի առնել, որ օստեոարթրիտ ունեցող մարդիկ հաճախ ունենում են նաև առողջական այլ խնդիրներ։ Այդ պատճառով նախընտրելի է հատկապես սրտանոթային առողջությանը նպաստող սննդակարգի պահպանումը։ Այդպիսի տարբերակներից է միջերկրածովյան սննդակարգը, որն ուսումնասիրվել է սրտանոթային հիվանդություններ ունեցող կամ դրանց զարգացման բարձր ռիսկի խմբում գտնվող մարդկանց շրջանում։
Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ բջջանյութով հարուստ սննդամթերքի քիչ օգտագործումը կապված է ծնկային ցավի ավելի արտահայտված դրսևորումների և ծնկահոդի օստեոարթրիտի ավելի անբարենպաստ ընթացքի հետ։
Բջջանյութով հարուստ մթերքների օգտագործման ավելացումը կարող է օգտակար լինել ինչպես ծնկային ցավի կառավարման, այնպես էլ այլ քրոնիկ հիվանդությունների, օրինակ՝ սրտանոթային հիվանդությունների կանխարգելման և վերահսկման տեսանկյունից։
Ծանուցում․ նյութն ընդհանուր տեղեկատվական բնույթի է և չի կարող ծառայել որպես հիմք ախտորոշման ու բուժման համար։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ
Հեղինակ՝ Բոստոնի համալսարանի Արամ Չոբանյանի և Էդուարդ Ավեդիսյանի անվան բժշկական դպրոցի ռևմատոլոգիայի բաժանմունքի դոցենտ դոկտոր Ջին Լյու



















































