«Ընտրական գործընթացները դարձել են առճակատման նոր գլոբալ հարթակ։ Դրա ազդեցությունն ամբողջությամբ զգացել են ոչ միայն Գլոբալ հարավի երկրները, այլև եվրոպական պետությունները, ինչը դեռևս որոշ ժամանակ առաջ ինքնին զարմանալի կթվար։ Խոսքը Գերմանիայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Մոլդովայի, Հայաստանի և մի շարք այլ երկրների մասին է։
Վերջերս՝ նաև Բրազիլիայի։ Կուլիսների հետևում գործող խամաճիկավարները պատրաստ չեն և չեն ցանկանում հաշվի առնել ժողովրդի կամքը՝ ինչպես այդ երկրների ներսում, այնպես էլ դրանց սահմաններից դուրս»։ Նման հայտարարություն է արել Ռուսաստանի նախկին նախագահ, Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ, իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ «Հանուն ազգերի ազատության» համաշխարհային շարժման Գլխավոր ասամբլեայի նիստում։
Այս ամենն առանձնահատուկ նշանակություն է ստանում Նիկոլ Փաշինյանի՝ դեկտեմբերին Ռուսաստան նախատեսվող երեք այցերի ֆոնին։ Նոյեմբերի 14-ին Դուբլինում՝ Միջազգային և եվրոպական հարաբերությունների ինստիտուտում փորձագետների հետ հանդիպման ժամանակ, Փաշինյանը հայտարարել էր, որ դեկտեմբերի 3-ին, 11-ին և 22-ին մեկնելու է Ռուսաստան՝ բանակցությունների։ Նա հույս էր հայտնել, որ հնարավոր կլինի պահպանել հայ-ռուսական հարաբերություններում բարեկամական մթնոլորտը՝ միաժամանակ ընդգծելով, որ Հայաստանի նպատակը Ռուսաստանի հետ հարաբերությունները վատթարացնելը չէ։
168.am-ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ Մեդվեդևի հայտարարությունը պետք է դիտարկել՝ հայ-ռուսական հարաբերություններում խորացող ճգնաժամի և Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական մրցակցության համատեքստում։ Նրա կարծիքով, դեկտեմբերյան երեք այցերը կարող են դառնալ երկխոսության պահպանման հնարավորություն, բայց էականը ոչ թե հանդիպումների քանակն է, այլ երկխոսության որակը և քաղաքական հակասությունները հաղթահարելու կամքը:
Կարդացեք նաև
Վերլուծաբանի կարծիքով, եթե Երևանը շարունակի եվրոպական ուղղությամբ շարժվել՝ առանց միաժամանակ հստակեցնելու ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի հետ հարաբերությունների երկարաժամկետ հետևանքները, ապա «այլընտրանքի ստեղծումը» կարող է վերածվել նոր մարտահրավերների ձևավորման՝ առանց այն էլ բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում։
«Ստեղծված իրավիճակում շատ են հակասությունները, առանձնապես խնդրահարույց է այն, որ պաշտոնական Երևանը կարծես ընդունում է, որ այս երկու ուղություններն անհամատեղելի են, բայց շարունակում է մնալ ԵԱՏՄ անդամ, իսկ ՀՀ-ի ապագան տեսնում է ԵՄ-ում, ինչը նշանակում է, որ ՀՀ-ն ինչ-որ փուլում պատրաստվում է լքել ԵԱՏՄ-ն, և Ռուսաստանում հենց սա են խնդիր համարում, որ պաշտոնական Երևանը ԵԱՏՄ-ն գնահատում է՝ որպես անցողիկ, ժամանակավոր միություն Հայաստանի համար:
Մի կողմից՝ հայտարարում են, թե չեն ցանկանում վատթարացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները, կարևորում են ԵԱՏՄ շրջանակում երկխոսությունը, մյուս կողմից՝ խորացնում են համագործակցությունը մի քաղաքական բևեռի հետ, որի ներկայացուցիչները չեն թաքցնում, որ Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցության սահմանափակումը համարում են սեփական ռազմավարական նպատակ։ Սրանք լուրջ հակասություններ են, որոնք ընկալելի չեն գործընկեր երկրներում»,- ասաց Ալեքսանդր Խրամչիխինը:
Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ



















































