Լրահոս
Օրվա լրահոսը

Հղի կնոջը սպանած, պատասխանատվություն չկրած ոստիկանն ունի՞ ընտանեկան խնդիրներով զբաղվելու հեղինակություն․ Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին

Նոյեմբեր 24,2026 13:35 Share
Աջակցեք aravot.am-ին

«Կարծում եք, որ ՀՀ ոստիկանությունը ներկա պայմաններում, այն դեպքում, երբ ոստիկանության ծառայողը վարչապետի շարասյան մեջ վրաերթի է ենթարկել ու սպանել հղի կնոջը և պատասխանատվություն չի ենթարկվել դրա համար, երբ ոստիկանության ծառայողները Եռաբլուրում բռնություն են գործադրել զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ, անթույլատրելի միջոցներ է կիրառել ՀՀ քաղաքացիների նկատմամբ, որոնք խաղաղ բողոքի ակցիաներ էին իրականացնում, ուստի կարծում եք, որ ոստիկանության հեղինակությունը բավարա՞ր է ընտանեկան խնդիրներին նման ֆունկցիոնալ միջամտության համար»,- Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ընթացքում հարցրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։

Նշել ենք, որ հանձնաժողովի նիստում քննարկվում է «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը։

Ըստ Էդգար Ղազարյանի՝ այս օրինագծով հիմնական դերակատարը դառնում է ոստիկանությունը. ստանում է առաջին արձագանքը, դիմում քննչական կոմիտեին․ «Այսինքն՝ ստացվում է, որ ոստիկանության հեղինակությունը պետք է այնքան բարձր լինի, որ զբաղվի ընտանեկան խնդիրներով։ Օրինակ՝ նախագծի հեղինակն ասում էր, որ ընտանիքի ավագը, քավորը չի կարող ունենալ բարձր հեղինակություն ընտանեկան խնդիրներով զբաղվելու համար, դրա համար պետք է դիմել պետական մարմիններին»։

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն արձագանքեց․ «Ոստիկանության պարտականությունները շարունակում են մնալ նույնը, ուստի այն պնդումը, որ առաջին անգամ ոստիկանությունը դառնում է հիմնական դերակատար, դա այդպես չէ։ Ոստիկանության հեղինակության մասին մեր քաղաքացիներն են ասում, մեր միջազգային գործընկերները, սոցիոլոգիական հարցումները, որ ոստիկանության նկատմամբ վստահությունը գնալով աճել է՝ վերջին շրջանում հաշվի առնելով բարեփոխումների իրականացումը։ Այս մասին է վկայում ընտանեկան բռնության զոհերի դիմելիության հետ կապված վիճակագրությունը․ եթե նախորդ տարիները համեմատենք, կհասկանանք, որ դիմելիությունն աճել է։ Սա խոսում է այն մասին, որ բռնության զոհերը ցանկանում են պետական հոգածություն ստանալ իրենց նկատմամբ տեղի ունեցող իրավիճակի մասով»։

Էդգար Ղազարյանն առաջարկեց հետ վերցնել այս օրենսդրական նախագիծը ու բերեց հետևյալ օրինակը․ «Օրինակ՝ ամուսնու կողմից կնոջը աշխատել չթույլատրելը կարող է դիտարկվել՝ որպես բռնության իրավիճակ, կամ կինն ասում է՝ ինչի՞ ես սաղ օրը դիվանին վեր ընկած, այդ դեպքերում կարելի է զանգել ոստիկանությունը, և նա էլ կարճ ժամանակում դիմի քննիչին, և քրեական վարույթ նախաձեռնեն։ Ու քանի որ ընտանեկան բռնություն է, տնային կալանք էլ չեն տալիս, ուղիղ տանում են Նուբարաշեն, և այնտեղից ողջ դուրս գալը վերջին շրջանում բարդ է։ Սա տուն քանդելու մասին օրենքի նախագիծ է, պետք է հասկանալ պետությանն ինչքանո՞վ ենք թույլատրում մոտենալ քաղաքացու ընտանիքին»։

ՆԳ նախարարն արձագանքեց․ «Ի՞նչ կապ ունի ինչի մասին ենք խոսում, ի՞նչ կապ ունի՝ այդ քավորը, որ եկավ տուն, հանցագործությունը ծածկադմփո՞ց ենք անելու, չեն ուղարկելո՞ւ հաղորդումը ոստիկանություն, մենք խոսում ենք հանցավոր դրսևորումների մասին, հանցավոր դրսևորումներին ոստիկանության ռեակցիայի մասով է»։

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի հետևանքով զոհված Սոնա Մնացականյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30