Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՋԻԿԱ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄԵՆՔ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԵՆՔ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԼԵԳԻՏԻՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հունվար 11,2003 00:00

Ըստ էության, առաջիկա ընտրությունները հավակնում են լինել ոչ միայն մեր ներքաղաքական կյանքի հերթական լուրջ, այլեւ՝ ինչ-որ իմաստով, բացառիկ լուրջ իրադարձությունը եւ, մեր հետագա զարգացումների համար հնարավոր հետեւանքների առումով, նույնիսկ՝ շրջադարձային: Ընդ որում, ոչ այն պատճառով, որ մեր առջեւ ծառացած են մեր ապագային միտված ռազմավարական նշանակության կարեւորագույն խնդիրներ, այլ կապված մեր ներքին կյանքին առնչվող, առաջին հայացքից ընթացիկ, բայց ըստ էության շատ առանցքային նշանակության խնդրի հետ: Խոսքը մեզանում մեր Պետության կայացման ու կայուն զարգացման գլխավոր երաշխիքի՝ լեգիտիմ իշխանություններ ձեւավորելու ավանդույթի արմատավորման մասին է: Եվ այդ առումով առաջիկա ընտրությունների ժողովրդավարական որակների ապահովումն (ազատ, արդար եւ թափանցիկ), որոնցով պայմանավորված կլինի նաեւ ձեւավորվող իշխանությունների հեղինակությունը, հետեւաբար՝ «ուժն ու կարողությունը», ստանում է բացառիկ կարեւորություն:

Ընդ որում, լեգիտիմ իշխանություններ ունենալու այլընտրանք չճանաչող կենսական պարտադրանքն առանձնահատուկ կարեւորություն է ստանում աշխարհաքաղաքական զարգացումների ներկա փուլում՝ առաջիկայում հնարավոր արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար: Եվ այս տեսակետից առաջիկա ընտրությունները, իրոք, կարող են լինել մեր ապագայի համար, ինչ-որ իմաստով, շրջադարձային:

Ի՞նչը պետք է նկատի ունենալ տվյալ դեպքում: Հայաստանը ընտրությունների է գնում տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխված իրողությունների պայմաններում: Եվ այդ փոփոխությունները պայմանավորված են սեպտեմբերի 11-ից հետո Աֆղանստանում եւ Միջին Ասիայում Միացյալ Նահանգների, ըստ ամենայնի, երկարաժամկետ հաստատվելու հանգամանքով: Նման պարագաներում Հարավային Կովկասի քաղաքական կայունությունը ստանում է ռազմավարական նշանակություն՝ ի լրումն Արեւելք – Արեւմուտք էներգետիկ ծրագրերի խնդիրներին: Եվ օր առաջ այս տարածաշրջանը հակամարտություններից ձերբազատելը Միացյալ Նահանգների համար միայն միջազգային հեղինակության խնդիր չէ այլեւս: Եվ բոլորովին պատահական չէ Ղարաբաղյան հակամարտության շուրջ քաղաքական շփումների շրջանակներում համանախագահողների եւ այլոց նկատելի ակտիվությունը՝ նույնիսկ նախընտրական այս շրջանում (նման դեպքերում, որպես կանոն, սպասում են ընտրությունների ավարտին):

Բայց միամիտ կլիներ մինչեւ Հայաստանում եւ Ադրբեջանում ընտրությունների ավարտը կողմերից ակնկալել հակամարտության կարգավորման կոնկրետ լուծումներ: Այդ դեպքում ինչու՞ են շտապում: Իսկ միգուցե չեն շտապում, այլ ուղղակի միջազգային հանրությունը կոնֆլիկտի կարգավորման հնարավորությունը Հայաստանում կապում է միայն այսօրվա գործող նախագահի հետ (առավել եւս, որ հանրապետության առաջին նախագահը ներկա փուլում գերադասեց չմիջամտել քաղաքական գործընթացներին) եւ ուղղակի համոզված է, որ առաջիկա ընտրություններում նրան այլընտրանք չի լինի (նույնպես եւ Ալիեւի պարագայում Ադրբեջանում) եւ անիմաստ է համարում ժամանակ կորցնել առաջիկա ընտրությունների արդյունքներին սպասելու համար (քանի որ դրանք որեւէ նորություն չեն կարող մատուցել) եւ ավելի նպատակահարմար է համարում բանակցային գործընթացը չընդհատել:

Իհարկե, իրերի նման մեկնաբանությունը բոլորովին էլ բացառված չէ: Ավելին, պարագաների նման զարգացման օգտին են խոսում Մինսկի խմբում նախագահող երկրներից մեկի՝ Միացյալ Նահանգների բարձրաստիճան ներկայացուցիչների հայտարարությունները Ադրբեջանում՝ վերջին մի քանի ամիսների ընթացքում: Մի դեպքում Մինսկի խմբում ամերիկյան համանախագահողը Բաքվում հայտարարում է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում կողմերը (Հայաստանն ու Ադրբեջանը) չեն բացառում ռազմական ճանապարհով կարգավորման հնարավորությունը՝ չնայած իրենք, մեղմ ասած, չէին ողջունի իրադարձությունների նման զարգացումը:

Մյուս դեպքում Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչը Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ բառացիորեն հայտնում է, որ կարգավորման ռազմական կամ խաղաղ ճանապարհների ընտրությունը, ըստ էության, Ադրբեջանի խնդիրն է: Եթե հաշվի առնել այն, որ ոչ Հայաստանի եւ ոչ էլ Ղարաբաղի ղեկավարությունը երբեք չի արտահայտվել հակամարտության խաղաղ կարգավորմանը որեւէ այլընտրանքային հնարավորության (առավել եւս ռազմականի) վերաբերյալ, ապա Ղարաբաղյան հակամարտության շուրջ իրադարձությունների հնարավոր զարգացումների նշված մեկնաբանություններն ավելի շուտ կարող են վկայել այն մասին, որ Միացյալ Նահանգները պատրաստ է ըմբռնումով վերաբերվել, եթե կողմերից որեւէ մեկը փորձի դիմել ռազմական գործողությունների: Եվ քանի որ հակամարտության կողմերից միայն Ադրբեջանն է վերջին ժամանակներում բազմիցս արտահայտվել իր նման մտադրությունների կապակցությամբ, իսկ վերը նշված հայտարարություններն արվել են Ադրբեջանում, ապա դժվար չէ կռահել, թե ում կարող են գոտեպնդել համանախագահող երկրներից մեկի նման դիրքորոշումն, առավել եւս, երբ այդ երկիրը Միացյալ Նահանգներն է:

Ավելին, գաղտնիք չէ, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրում համանախագահող երկրներից յուրաքանչյուրը (հատկապես Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները) որպես միջնորդ հետապնդում է իր շահերն ու հետաքրքրությունները, որոնք չեն համընկնում միմյանց:

Մյուս կողմից ակնհայտ է, որ հակամարտությունը կարող էր անհամեմատ շուտ կարգավորվել, եթե նշված երկրների շահերը համընկնեին կամ նրանցից մեկը ճանաչվեր այս խնդրում միակ լիդերը, մի բան, որն այսօր չի նկատվում (չնայած, սեպտեմբերի 11-ից հետո ստեղծված իրավիճակում Ռուսաստան-ԱՄՆ բավականին խոստումնալից համագործակցության ընդհանուր շրջանակներում չի բացառվում, որ մի շարք կարեւոր հարցերում, այդ թվում նաեւ Հարավային Կովկասում հետաքրքրությունների հավասարակշռման խնդրում այս երկու երկրները գան ընդհանուր հայտարարի):

Թերեւս այս պարագաներով, ինչպես նաեւ հակամարտության կարգավորման պատասխանատվությունը կողմերի վրա դնելու ճանապարհով սեփական մոտեցումներում ազատություն ձեռք բերելու հանգամանքով էր պայմանավորված այն, որ դեռեւս 1999թ. համանախագահողներն որոշում կայացրին բանակցությունների փաստացի ֆորմատը փոխելու վերաբերյալ եւ, ըստ էության, առաջարկեցին երկու երկրների նախագահներին ստանձնել հակամարտության կարգավորման լուծումները գտնելու փաստացի պատասխանատվությունը:

Իրերի նման զարգացման պայմաններում դժվար չէ կռահել, թե վերը նշված «ըմբռնումով մոտեցումը» ում օգտին լռելու պատրաստակամության նշան է եւ ում վրա անուղղակի ճնշում գործադրելու թափանցիկ ակնարկ: Եվ նման զարգացումների համատեքստում պատահական չի թվում Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերաբերյալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վերջերս արտահայտած մոտեցումը կամ այն, որ «սխալմամբ» Հայաստանը հայտնվել էր ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտնի «սեւ ցուցակում»:

Մինչդեռ, եթե ըմբռնումով մոտենալու անհրաժեշտություն կա, ապա թերեւս մեկ խնդրում միայն՝ ոչ մի կերպ չի կարելի հանդուրժել, որ հակամարտության կարգավորումը չհանգեցնի աշխարհաքաղաքական հետաքրքրությունների հավասարակշռությանը եւ տարածաշրջանում կոնֆլիկտայնության մակարդակի նվազեցմանը:

Ինչեւէ, անհրաժեշտ է նկատի ունենալ, որ մեծ քաղաքականության մեջ ոչինչ պատահական չի լինում եւ այս ամենն այսօր (մինչ երկու երկրներում ընտրությունների արդյունքում իշխանությունների ձեւավորման գործընթացի ավարտը) առայժմ շատ խոսուն ակնարկներ են բանակցության կողմերին, որոնք, սակայն, կարելի է որակել նաեւ որպես առաջիկայում դիվանագիտական լայնաճակատ ճնշման համար անհրաժեշտ նախապատրաստում: Իսկ որ երկու երկրներին թողնելով հակամարտության կարգավորման փաստացի պատասխանատվությունը, համանախագահող երկրներն, ըստ էության, ազատ են իրենց որոշումներում, այդ թվում՝ ցանկացած գնով հակամարտությունը կարգավորելու նպատակով կողմերի կամ նրանցից մեկի վրա ճնշումներ գործադրելու վերաբերյալ, առավել քան ակնհայտ է: Սակայն, եթե դրա համար լինեն անհրաժեշտ հիմքեր: Ֆորմալ որպես այդպիսին կարող են ներկայանալ առաջիկա ընտրություններում ժողովրդավարական ընթացքների ձախողումն ու դրանց արդյունքում ոչ լիարժեք լեգիտիմության իշխանությունների ձեւավորումը: Ցավոք, Հայաստանի պարագայում նման զարգացումներ սադրելու համար ձեւավորված են առավել քան «բարենպաստ» պայմաններ՝ կոշտ, անհաշտ, քաղաքական մի շարք անհրաժեշտ որակներից զուրկ, իշխանության գալու, ըստ էության, որեւէ շանսից զրկված եւ ցայտնոտի մեջ հայտնված ընդդիմություն, ընդդիմությանը նսեմացնելու եւ վարկաբեկելու համար ոչ պակաս անհաշտ, ցանկացած պետական եւ, առաջին հերթին, վարչական ռեսուրս օգտագործող իշխանություններ, եւ այդ ամենը քաղաքական ցածր կուլտուրայի եւ ժողովրդավարական ավանդույթների բացակայության պայմաններում:

Նման իրավիճակներում «հրդեհ բորբոքելու համար որեւէ կայծ սադրելը» ոչ միայն վերածվում է զուտ տեխնիկական մի խնդրի, այլեւ՝ կարող է դառնալ շատ գայթակղիչ, քանի որ բացում է «թույլից» ճնշումների միջոցով հակամարտության լուծումներ կորզելու ռեալ հեռանկար: Իհարկե, միամիտ կլիներ ենթադրել, որ վերը նկարագրվածով խոշոր երկրների դիվանագիտական ազդեցությունների զինանոցը սպառվում է, բայց եւ ոչ պակաս միամիտ կլիներ ենթադրել, որ նման հնարավորությունը կարող է չօգտագործվել (մենք դա 1996թ. անցել ենք):

Ինչեւէ, նշված մտահոգությունները չեն կարող վկայել այն մասին, որ հայերը դեմ են հակամարտության կարգավորմանը, այլ ավելի շուտ խոսում են այն մասին, որ մենք պատրաստակամ կլինենք առավելագույնս նպաստել հակամարտության այնպիսի կարգավորմանը, որը կբացառի ապագայում նրա ցանկացած տարբերակով կրկնվելու հնարավորությունը: Միաժամանակ, վերը շարադրածը, եթե նույնիսկ ընդունել այն գույները խտացրած ընկալելու արդյունք, ենթադրում է, որ մենք պարտավոր ենք սակրավորի նման ճանապարհի այս հատվածը (առաջիկա բոլոր ընտրությունները) անցնել առանց սխալվելու՝ բացառելով 1996թ. քաղաքական սցենարի ցանկացած տարբերակով կրկնվելու որեւէ հնարավորություն: Թե իշխանությունները (միգուցե առաջին հերթին իշխանությունները) եւ թե ընդդիմությունը պետք է լինեն բավականին շրջահայաց, սթափ եւ խոհեմ, ինչպիսի որոգայթներ էլ կյանքն ու մեզ շրջապատող պարագաները մեզ համար նախապատրաստած չլինեն, որպեսզի կարողանան ապահովել երկրում քաղաքական պրոցեսի բնականոն զարգացումը:

Իսկ մենք, այս երկրի քաղաքացիներս, մեր հավաքական կենսական շահերը չվտանգելու նպատակով՝ կարեւորելով նախագահի պաշտոնում այս կամ այն անհատին տեսնելու մեր նախապատվությունը, ոչ պակաս, եթե ոչ ավել, պետք է կարեւորենք նաեւ առաջիկա ընտրությունների ժողովրդավարական որակների ապահովումը եւ պատրաստակամ լինենք ստանձնելու դրա երաշխավորի պատասխանատվությունը: Առաջիկա ընտրություններում մենք դատապարտված ենք ունենալու լեգիտիմ իշխանություններ եւ այս խնդիրն, իրոք, այլընտրանք չունի:

ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031