Լրահոս
Օրվա լրահոսը

ՃԳՆԱԺԱՄՆ ԱՍՏՂԵՐԻՆ ԷԼ Է ՀԱՍԵԼ

Դեկտեմբեր 27,2008 00:00

\"\"Այս տարի շատ երգիչ-երգչուհիներ եւ «շոումեններ» Ամանորին չեն աշխատի, քանի որ օբյեկտների տերերը նրանց ուզած գումարները չեն վճարում:

Համաշխարհային տնտեսական ճգնաժամն անդրադարձել է նաեւ հայկական շոու-բիզնեսի վրա: Այս տարի հայ աստղերի մեծ մասը նախընտրում է Ամանորի գիշերը տանն անցկացնել, քանի որ ամեն տարի «աստղաշատ» համերգներ կազմակերպող օբյեկտները երեկոն վարելու կամ մի քանի երգ երգելու համար նրանց համապատասխան հոնորարներ չեն առաջարկել:

«Իմ պայմանները չեն բավարարել, դրա համար էլ չեմ պատրաստվում գիշերս փչացնել: Բացի այդ, ես անցած 15 տարիների ընթացքում շատ եմ աշխատել, այս տարի կհանգստանամ եւ ընտանիքիս հետ կլինեմ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց երգչուհի Արմինկան: Նա հրաժարվեց ասել, թե որքան գումար պետք է իրեն առաջարկեին, որպեսզի համաձայներ ամանորյա գիշերը որեւէ օբյեկտում երգել. «Ես այդ մասին խոսելը էթիկայից դուրս եմ համարում»:

«7 ու կեսի» տղաները (Հայկոն, Մկոն, Արտյոմը, Արմենը, Հովոն, Ռաֆոն, Մենչն ու Գրիշը) նույնպես ընտանեկան միջավայրում են Նոր տարին դիմավորելու: Սա «Առավոտին» տեղեկացրեց Արմեն Պետրոսյանը (Մենչը): Հավանաբար, դերասանների պահանջած բարձր գինն է ստիպել օբյեկտների տերերին՝ այս տարի գումարները տնտեսել ու առանց նրանց «յոլա գնալ»: Ա. Պետրոսյանի հավաստմամբ՝ առաջարկներ եղել են, ուղղակի իրենք են այդպիսի որոշում կայացրել: Հիշեցնենք, որ երեկույթներին մասնակցելու համար տղաներից ամեն մեկն առնվազն $10 հազար է պահանջում:

«Հայ տղեք» խմբի նախկին երգիչ Հայկոն ու վերջին տարիներին շոու-բիզնեսում ճանաչում գտած Նարեկ Բավեյանն էլ Նոր տարին իրենց ընտանիքի հետ կանցկացնեն: Ըստ Հայկոյի. «Տանն ավելի հետաքրքիր է»: Իսկ Նարեկ Բավեյանն ասաց, որ ուղղակի կոնկրետ պայմանավորվածություն չի եղել, ուստի նա Ամանորի գիշերը չի երգելու: Մեր այն հարցին, եթե մեծ գումար առաջարկեին՝ կերգե՞ր, պատասխանեց. «Մեծ գումարները շատ բան են փոխում: Կարծում եմ՝ աշխարհը փուլ չէր գա, որ ես գիշերն աշխատեի»: Իսկ թե կոնկրետ որքա՞ն գումար է պահանջում Նարեկը երեկույթին մի քանի երգ երգելու համար, ասաց, որ դա կոմերցիոն գաղտնիք է. «Ոչ մեկն էլ կոնկրետ գին չի ասի, քանի որ մեզ մոտ «բազար» են անում, գին են գցում: Ծանոթների համար այլ գնով են աշխատում»:

Չնայած հաղորդավար Ժակը (DJ) Նոր տարվա գիշերը վարելու է «Արմենիա-Մարիոթի» կազմակերպած ամանորյա միջոցառումը, սակայն նա եւս նշեց, որ ճգնաժամն իր անմիջական ազդեցությունն է ունեցել արտիստների տոնական ելույթները կազմակերպող ընկերությունների վրա. «Արտիստները ցանկանում են գնահատված լինել, իսկ ամեն տարի միջոցառումներ կազմակերպող հայտնի օբյեկտներն այս տարի որոշել են յոլա գնալ իրենց երաժիշտներով»: Մեր հարցին, թե մոտավորապես ինչքա՞ն գումար է ստանալու Նոր տարվա գիշերն աշխատելու համար, նա պատասխանեց. «Ինձ համար կարեւորն այն մթնոլորտն է, որտեղ ես աշխատելու եմ: Ավելի շատ նախընտրում եմ ընկերական շրջապատում լինել այդ օրերին: Եթե այդպիսի միջոցառման եմ մասնակցում, անպայման կինս էլ պիտի ինձ հետ լինի: Այդ իսկ պատճառով անիմաստ է դառնում գումարի մասին խոսելը, չէ՞ որ ես իմ խնդիրներով էլ չեմ ծանրաբեռնում հանրությանը: Սակայն ասեմ, որ այդ օրերին հաղորդավարների հոնորարները տատանվում են 1000-ից 10 հազար դոլարի սահմաններում»:

Ճգնաժամի ազդեցությունը փոքր-ինչ մեղմ են լինելու Շպռօտի եւ Արամեի համար, քանի որ նրանք Ամանորին Երեւանում չեն լինելու, իսկ դրսում նրանց համեմատաբար բարձր գումարներ են առաջարկել: Շպռօտի խոսքերով՝ ինքը Նոր տարվա գիշերը երգելու է Ստամբուլի հայ համայնքի համար. «Մի քիչ տխրում եմ, որ իմ հայրենիքում չեմ լինելու եւ մայրիկիս մենակ եմ թողնելու, սակայն այստեղ արտիստների համար լավ պայմաններ չեն ստեղծվում, օբյեկտների տերերը չեն կարողանում բավարար գումար առաջարկել, արտիստներն էլ չեն համաձայնում այդ պայմաններին: Ինձ համար բավարար էր այլ երկրում երգելու համար առաջարկված գումարը, դրա համար էլ համաձայնեցի մեկնել»: Արամեն էլ երգելու է Իրանի «Հայկաշեն» համայնքի համար: Երգչի պրոդյուսեր Արտավազդ Ամիրյանի խոսքերով՝ սա նաեւ 3-4 օրվա հանգիստ կապահովի իրենց համար: «Առավոտը» Ա. Ամիրյանից հետաքրքրվեց, թե Արամեն ընդհանրապես որքա՞ն գումար է պահանջում երեկույթներին երգելու համար, սակայն նա հրաժարվեց պատասխանել: Մեր այն պնդմանը, որ «Առավոտի» երեկույթի համար ենք հետաքրքրվում եւ ցանկանում ենք իմանալ՝ որքա՞ն գումար է պետք նախատեսել Արամեին լսելու համար, Արտավազդը պատասխանեց. «Մենք «Առավոտ» օրաթերթը շատ ենք սիրում, ուստի ոչ մի գումար էլ չենք պահանջի»:

Ճգնաժամի «ալիքներից» փրկվել է միայն «32 ատամ» ակումբի անձնակազմը: «32 ատամ production»-ի գլխավոր ադմինիստրատոր Արա Մանուչարյանն «Առավոտին» հայտնեց, որ Ամանորի գիշերը իրենց ակումբում տոնական ծրագիր են կազմակերպելու, որին մասնակցելու համար մեկ հոգին պետք է վճարի 32 հազար դրամ. «Դրա մեջ մտնում է նաեւ հյուրասիրությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել