Լրահոս
Օրվա լրահոսը

Իզաբելլա Աբգարյան. «Այս ցրտին ու ձյանը այս ժողովուրդը եկել է այստեղ, որ ի՞նչ անի»

Մարտ 05,2013 17:50

Իզաբելլա Աբգարյանը հանրահավաքին գուշակում է իշխանության մտքերը

«Իշխանությունները հիմա իրենց տաքուկ աշխատասենյակներում նստած վստահ եմ, հետեւում են հանրահավաքին եւ մտածում՝ այս ցրտին ու ձյանը այս ժողովուրդը եկել է այստեղ որ ի՞նչ անի: Պատասխանենք, մենք այստեղ ենք, որ պետություն ստեղծենք, որովհետեւ դուք չկարողացաք ստեղծել: Այս երկիրը մե՛րն է: Հայաստա՛ն»,- Ազատության հրապարակում հայտարարեց բլոգեր Իզաբելլա Աբգարյանը:

Ըստ նրա, հիմա իշխանություններն ուզում են իմանալ, թե Րաֆֆի Հովհաննիսյանի թիմակիցներն ինչ ծրագրեր ունեն. «Կասենք՝ մենք պետականամետ նպատակ ունենք, այստեղ ենք կառուցելու երկիր, որտեղ կեղծարարները, օրինախախտները բանտերում են լինելու, իսկ անարդարացի դատապարտվածները բանտերում չեն լինելու: Մենք կառուցելու ենք երկիր, որտեղ բոլորը հավասար են ՀՀ օրենսդրության առջեւ: Մենք այստեղ ենք, որ ՀՀ քաղաքացին կարողանա քրտինք թափելով հոգա իր ընտանիքի հոգսերը եւ չթողնի հեռանա երկրից: Այստեղ ենք, որ մեր ճարտարապետական հուշարձանները աչքի լույսի պես փայփայենք: Ստեղծելու ենք երկիր, որտեղ մեծամասնությունը ոչ թե կոճակներ է սեղմելու՝ կատարելով ներքին եւ արտաքին պատվերներ, այլ ընդունի օրենքներ՝  ի բարօրություն Հայաստանի պետականության: Գործադիրն ու օրենսդիրը կլինեն անկախ իրարից եւ չեն ղեկավարվի մեկ կենտրոնից՝ Բաղամյան 26-ից: Մենք անպայման մաքրելու ենք ասպարեզը այս հեգնող պարոններից եւ տիկնանցից»:

Անդրադառնալով հանրահավաքին ներկա ոստիկաններին՝ նա շնորհակալություն հայտնեց նրանց՝ ասելով. «Մեզ կարգուկանոնի կոչ մի արեք, մենք կարգապահ ենք: Մենք այստեղ ենք նրա համար, որ հպարտորեն դուք կրեք ձեր ուսադիրները: Մենք ձեզ սիրում ենք եւ ձեզ բերելու ենք այդ Հայաստանը, որ դուք էլ հեշտությամբ կատարեք ձեր պարտականությունները»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031