Փաշինյանի իշխանությունը կարո՞ղ է Կոնդ թաղամասը բարեկարգել: Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը մեզ հետ զրույցում ասաց. «Ֆիրդուսի թաղամասի ավարտական տեսքը դեռեւս անգամ չկա, բայց ամենասկզբում հենց Ֆիրդուսից են սկսել, մարդկանց ստիպում էին վաճառել տները, իսկ մարդիկ դժգոհ էին փոխհատուցումներից եւ այլն: Ինչ վերաբերում է Կոնդին, ապա շատ լավ կլիներ, եթե կարողանային Կոնդն ավելի հրապուրիչ դարձնել, այն նաեւ տուրիստների համար գրավիչ կլիներ: Երեւանում այնքան անավարտ աշխատանքներ կան, այնքան մեծ ծրագրեր կան, որոնք սկսել են, սակայն ձախողել: Կոնդի պարագայում հարցը շատ ավելի բարդ է, գործ ունենք կոնկրետ մշակութային շերտի հետ, ինչի հետ պետք է աշխատեն կոնկրետ մասնագետներ, եւ շատ կարեւոր հանգամանք է, թե ովքեր են աշխատելու, ինչպես են աշխատելու, ինչ է արվելու եւ այլն»:
– Այսինքն` հերթական անգամ մարդկանց վտարելու են իրենց տներից, խոստումներ են տալիս, սակայն անհայտ է, թե այդ թաղամասն ինչ ճակատագիր կունենա:
– Երբ խոսվում է շինարարական մեծ աշխատանքների մասին, պետք է հասկանալ, որ խոսքը մեծ փողերի մասին է: Այնտեղ, որտեղ կան մեծ շինարարություններ, կան մեծ գումարներ, իսկ դա ենթադրում է, որ լինելու է վերահսկողության ուժեղ անհրաժեշտություն, որը շատ դժվար է մեզանում ստացվում, ավելի ճիշտ` ստացվում է, սակայն՝ հետին թվով: Նման մեծ պրոյեկտներն ազդում են տնտեսական ակտիվության վրա, կա «շինարարական փուչիկ» գաղափար, իշխանությունը դիմեց այդ հնարքին, եւ հենց նման պրոյեկտների հաշվին ուզում են տնտեսական ցուցանիշները բարելավել:
– Ինչո՞ւ մինչ օրս չեն լուծում մետրոյի Աջափնյակ կայարանի հարցը կամ աղբի գործարան չեն կառուցում:
Կարդացեք նաև
– Դեռ Տարոն Մարգարյանի ժամանակներից հայտարարվում է աղբի վերամշակման գործարանների կառուցման մասին, սակայն մենք տեսնում ենք, որ սայլը չի շարժվում տեղից: Բացի մասնագիտական գիտելիքներից, պետք է նաեւ որոշակի հետաքրքրություններ լինեն, քանի որ աղբի մշակումն ունի ֆինանսական բաղադրիչ: Ավինյանը վերջերս հայտարարեց, որ այսուհետ չասենք աղբավայր, ասենք` աղբի գործարան, բայց ես այդքան լավատես չեմ ու չեմ հավատում, որ մոտակա ժամանակներս կտեսնենք այդ գործարանները:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































