Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական պատվե՞ր, թե՞ համակարգված ատկատ

Դեկտեմբեր 19,2013 13:32

«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքի եւ մի շարք այլ իրավական ակտերի համաձայն՝ պետությունը իր վրա է վերցրել որոշակի պարտականություններ` հոգալու հանրապետության առողջապահական կարիքների մի մասը: Այդ կարիքների մեծ մասը, որի համար, ի դեպ, ծախսվում է պետական առողջապահական բյուջեի մոտ 70%-ը, Հայաստանի բուժհաստատություններին տրվող պետական պատվերն է, որի միջոցով, այսպես կոչված, «անվճար» բուժօգնություն են ստանում հատուկ խմբերում ընդգրկված անձինք (սոցիալապես անապահով անձինք, հաշմանդամներ, կենսաթոշակառուներ եւ այլն), ինչպես նաեւ անվճար կամ համավճարով բուժօգնություն է տրամադրվում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր հիվանդացել են հատուկ, հանրային կարեւորություն ունեցող հիվանդություններով (անհետաձգելի դեպքեր, վարակիչ հիվանդություններ, նորագոյացություններ, տուբերկուլյոզ, շաքարային դիաբետ եւ այլն):

Տարեկան մոտ 50 մլրդ դրամ տրամադրվում է հենց այս պետպատվերի սպասարկման համար: Բայց արդյոք այդ միջոցները տեղի՞ն են ծախսվում եւ համամասնորե՞ն են բաշխվում բուժհաստատությունների միջեւ` ըստ բուժհաստատությունների տեխնիկական եւ կադրային հագեցվածության, հիվանդներով ծանրաբեռնվածության եւ մատուցած ծառայությունների որակի: Բուժհաստատությունների հետ կնքված պետպատվերի պայմանագրերի թռուցիկ ուսումնասիրությունը տալիս է այդ հարցի պատասխանը: Եվ այդ պատասխանն է. «Իհարկե, ո՛չ»: Կարծում եմ՝ նոր նախարարի վրա մեծ պատասխանատվություն է ընկած՝ փոխելու մինչեւ հիմա գործող կարգը, որի հետեւանքով զանազան բուժհաստատություններին (պետական եւ մասնավոր) պետական պատվերի տրամադրման գործընթացը վերից վար թաթախված է կոռուպցիայի մեջ: Պետական պատվերի բաշխմանը կարող եք ծանոթանալ ինտերակտիվ բյուջեի վեբ-կայքից եւ ինքներդ համոզվել դրանում :

Իսկ տարիներ շարունակ առողջապահական բյուջեի ամենամեծ ծախսեր ենթադրող մասը տնօրինվել է հետեւյալ կերպ՝ պետական պատվերի տրամադրման կարգը սահմանվում է առողջապահության նախարարի կողմից եւ իրենից ներկայացնում է մի քանի տիպային փաստաթղթերի ներկայացում նախարարություն: Իսկ դրանից հետո առողջապահության նախարարը գրեթե միանձնյա կամ իրենց բարձր պաշտոնյաների ցուցումով որոշում է, թե այդ 50 միլիարդ ՀՀ դրամը ինչպես բաշխի: Որոշ բուժհաստատություններ իրենց մի քանի միլիարդը (3-4 մլրդ) ստանում են իրենց կապերի շնորհիվ, որոշ բուժհաստատություններ` ատկատների շնորհիվ, որոնք հիմնականում վճարվում են առողջապահության նախարարության բարձրաստիճան չինովնիկներին, իսկ որոշներն էլ (հիմնականում մարզային բուժհաստատությունները) ստանում են խղճուկ գումարներ:

Ըստ ներքին շրջանառության ինֆորմացիայի՝ ատկատների չափը տատանվում է 5-10%-ի սահմաններում: Այսինքն՝ եթե ինչ-որ բուժհաստատության տրամադրվում է, օրինակ, 100 մլն դրամի պետական պատվեր, ապա մինչեւ նրա հետ պայմանագիր կնքելը՝ նախարարությունից նրան նախապես տեղյակ են պահում, որ 5-10 մլն դրամ նա պետք է բերի եւ կանխիկ վճարի համապատասխան սուբյեկտներին: Իսկ եթե բուժհաստատությունը հրաժարվում է դրանից, ապա հիմնականում նրա հետ չեն կնքում պետական պատվերի պայմանագիր: Այս ատկատների պատճառով ոչ միայն անհավասար պայմաններ են ստեղծվում բուժհաստատությունների միջեւ, այլեւ փաստացի կրճատվում է այն գումարը, որի միջոցով պետք է ուղղակիորեն բուժօգնություն ցուցաբերվեր դրա կարիքը ունեցող հիվանդներին: Եվ նաեւ վերջինիս պատճառով է, որ տարվա կեսին պետպատվերը ավարտվում է, եւ մարդիկ մնում են առանց բուժօգնության:

Վերջերս պարզ դարձավ, որ 2014 թվականից առողջապահության բյուջեին է գումարվելու նաեւ պետական ծառայողների բժշկական օգնության համար տրամադրվող մոտ 10 մլրդ դրամը, որը նույնպես բաշխվելու է նույն սկզբունքներով` կա՛մ յուրայիններին, կա՛մ ատկատ տվողներին: Եվ եթե ինչ-որ բուժհաստատություն չունի պետական պատվեր, ապա հիվանդները, որոնք այդ պետպատվերի պայմաններին բավարարում են, չեն կարողանալու սպասարկվել այդ բուժհիմնարկում: Սրանով խախտվելու է նաեւ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ հիվանդի կողմից բժիշկ եւ բուժհաստատություն ընտրելու իրավունքը:

Վերոնշյալ խնդիրների պատճառով է, որ դժվար թե գտնես որեւէ հիվանդ, ով գոհ կլինի պետական պատվերով ստացված ծառայություններից, եւ ով հավելյալ գումարներ տված չի լինի բուժաշխատողներին` իրեն բարեխղճորեն բուժելու համար: Այս արատավոր եւ կոռուպցիոն մեխանիզմի պատճառով է, որ պետպատվեր ունեցող բուժհաստատությունները բացարձակ շահագրգռված չեն որակյալ ծառայություններ մատուցելու մեջ, քանի որ գիտեն՝ նախապես ամեն ինչ վճարված է, եւ իրենք մյուս տարի էլ նույն կերպ կստանան իրենց գումարները: Մինչ օրս հայտնի չէ գեթ մեկ դեպք, երբ որեւէ բուժհաստատության հետ կնքված պետպատվերի պայմանագիրը խզվի` վերջինիս կողմից պայմանագրային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու պատճառով: Այս ֆոնին առողջապահության նախարարության աշխատակիցների հավաստիացումները, թե իրենք ցանկացած քայլի կգնան, որ ստիպեն պետպատվեր ունեցող բուժհաստատություններին լավ աշխատել, դատարկ խոսքեր են եւ ոչ ավելին:

Չթերագնահատելով առողջապահության նոր նախարարի կողմից կատարվող աշխատանքը՝ ոլորտը կարգի բերելու հարցում, հարկ եմ համարում նշել նաեւ մի մտահոգիչ փաստ. առողջապահության նախարարի «2014 թվականի բժշկական օգնության եւ սպասարկման պետական պատվերի տեղադրման կարգը սահմանելու» 03.12.2013թ. թիվ 3125-Ա հրամանի հսկողությունը դրված է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանի վրա, ով, մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն, 2010թ. ազատվել է իր նախկին պաշտոնից (բուժօգնության կազմակերպման վարչության պետ) ՁԻԱՀ-ի, մալարիայի եւ տուբերկուլյոզի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամի պահանջով, քանի որ վերջինս հիմնավոր կասկածներ է ունեցել կազմակերպության կողմից տրամադրվող միլիոնավոր դոլարների հասնող դրամաշնորհի գումարները այդ պաշտոնյայի կողմից ոչ նպատակային ծախսելու եւ յուրացնելու վերաբերյալ: Ի դեպ, այդ ազատումից հետո նրա պաշտոնը մինչ օրս միայն բարձրացվել է, հնարավոր է՝ Հանրապետական կուսակցության ղեկավար կազմի հետ իր ազգակցական կապերի շնորհիվ…

Այսպիսով, մինչեւ պետական պատվերի տրամադրման կարգը չլինի մրցակցային եւ թափանցիկ, պետպատվերով մատուցվող բուժծառայությունները լինելու են անորակ, եւ հիվանդները ստիպված են լինելու դրանց համար նորից վճարել, ինչպես դա եղել է վերջին տարիներին: Իսկ փոխել այս արատավոր համակարգը հնարավոր է եւ անհրաժեշտ, եթե կա կա՛մ համապատասխան հրահանգ կառավարությունից, կա՛մ քաղաքական կամք նախարարությունում:

Առաջիկայում կանդրադառնամ նաեւ առողջապահության ոլորտում առկա այլ խնդրահարույց երեւույթներին եւ լիահույս եմ, որ ոլորտում կիրականացվեն իրական, որակական փոփոխություններ:

ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆ
ՀՀ Ազգային ժողովի
պատգամավոր,
Առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031