Լրահոս
Օրվա լրահոսը

Որոշում եմ կայացրել վերցնել ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատը և ստիպված եմ վաղաժամկետ դադարեցնել Վեդի համայնքի ղեկավարի իմ լիազորությունները. Գարիկ Սարգսյան

Հուլիս 21,2026 23:33 Share

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը գրում է.

«Հարգելի՛ հայրենակիցներ, Վեդի համայնքի սիրելի՛ բնակիչներ։

Վերջին հինգ տարիներին հպարտությամբ ստանձնել եմ Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնը՝ ձեր կողմից ինձ և իմ քաղաքական թիմին տրված վստահության մանդատը ծառայեցնելով մեր գեղեցիկ համայնքի շենացման գործին։

Թե ինչ դժվարությունների ենք հանդիպել այս ճանապարհին, տեղյակ են քչերը, բայց թե ինչ հաջողություններ ենք գրանցել՝ տեսանելի է բոլորիդ։ Ես պարբերաբար հաշվետվություն եմ ներկայացրել մեր թիմի կողմից կատարված մեծածավալ աշխատանքների մասին։

Եթե կհիշեք, 2021 թ. Վեդի միավորված համայնքի ավագանու ընտրություններին ես մասնակցում էի «ՈՒզո՞ւմ ես շենացնել հայրենիքդ, սկսի՛ր քո՛ համայնքից» կարգախոսով։ Այսօր Վեդին շենանում և ծաղկում է շատ արագ տեմպերով՝ իր բնակիչների համար ապահովելով բարեկեցիկ միջավայր։

Որոշում եմ կայացրել վերցնել ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատը և ստիպված եմ վաղաժամկետ դադարեցնել Վեդի համայնքի ավագանու, հետևապես՝ համայնքի ղեկավարի իմ լիազորությունները։

Վստահ եմ՝ Վեդին ապահով ձեռքերում է, ուստի իմ ընտրողներին և համակիրներին կոչ եմ անում հետայսու նույնպես նեցուկ լինել իմ թիմին, որն անշեղորեն շարունակելու է իրագործել մեր անավարտ ծրագրերը։

Հավատացա՛ծ եղեք, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, անելու եմ ամեն հնարավորը իմ կարողությունների սահմաններում, որպեսզի իմ համայնքը և իմ մարզը, ինչպես նաև ՀՀ յուրաքանչյուր համայնք և մարզ, իսկ վերջնանպատակը՝ մեր իրական Հայաստանը, օր առաջ դառնա ավելի խաղաղ, շեն ու ծաղկուն։ Պատգամավորական մանդատը ծառայելու է բացառապես ի շահ Հայաստանի Հանրապետության։

Ի՛ գործ։

Փա՛ռք նահատակներին, և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել