Լրահոս
Օրվա լրահոսը

Ժիրայր Լիպարիտյան. «Ես չէի կարող պատկերացնել, որ Քեսաբի մեջ ինքնապաշտպանություն չկա». «Իրատես de facto»

Ապրիլ 04,2014 11:54

Հատված 1994-97թթ. ՀՀ նախագահի ավագ խորհրդական, դիվանագետ,, պատմաբան-պրոֆեսոր Ժիրայր Լիպարիտյանի հարցազրույցից:

Դուք բացառո՞ւմ եք Թուրքիայի մասնակցությունը Քեսաբի իրադարձություններին։

– Ոչ, այստեղ հստակ է Թուրքիայի մասնակցությունը, բայց ինձ համար հստակ չէ տակավին, թե այդ բոլորն ինչ է նշանակում, սա ո՞ր չափով է Թուրքիայի կողմից հակաասադյան շարժման քաղաքականության մաս կազմում և ո՞ր չափով է հայության դեմ ուղղված քայլ։ Կարելի է պատկերացնել, որ Քեսաբի հայաբնակ լինելու հետ կապ էլ չունի, իսլամական հարց է, և նման քայլեր որևէ քրիստոնյայի դեմ պիտի կատարվեին։ Եզրերը շատ տարբեր են և շատ վաղ է ասել, թե որն է հիմնականը, ո՞ր չափով Թուրքիայի օժանդակությունը այդ ուժերին նպատակ ուներ հայ բնակչությանը տեղահանելու, ո՞ր չափով էր այն պարզապես մաս կազմում իրենց հակաասադյան քաղաքականության, ո՞ր չափով է այս բոլորը մաս կազմում ջիհադականների, «Ալ Քաիդայի» հակաքրիստոնեական քաղաքականության՝ անկախ նրանից, թե հայ են, արաբ կամ ասորի քրիստոնյա։ Հարցը դիտարկելիս պետք է նկատի ունենանք, որ Սիրիայի պատերազմը քաղաքացիական է, բայց և՛ ներքին, և՛ արտաքին ուժերից յուրաքանչյուրը փորձում է այդ պատերազմն ի շահ իրեն և իր գաղափարախոսության օգտագործել։

Ինձ նաև հետաքրքրում է այն, որ հաղորդվող լուրերի մեջ ինքնապաշտպանության մասին խոսք չկա կամ կա ու կցկտուր է հիշատակվում։ Այսինքն՝ տեսնում ենք Թուրքիայի կողմից հարձակում, «Ալ Քաիդայի» կամ մյուսների մասնակցությունը, հազիվ զգում ենք սիրիական բանակի պաշտպանությունը, բայց չենք զգում ինքնապաշտպանություն հայերի կողմից։

Երրորդ տարին է Սիրիայում պատերազմ է, Քեսաբը թուրքական սահմանին մոտ է, Թուրքիան օժանդակում է ապստամբներին, և մեր կազմակերպությունները՝ կուսակցություններից մինչև կաթողիկոսություն, այդ մասին չե՞ն մտածել։ Ես չէի կարող պատկերացնել, որ Քեսաբի մեջ ինքնապաշտպանություն չկա։ Երբ կարդում ենք այդ տեղեկությունները հայկական մամուլում, տպավորություն է, որ այնպիսի խուժան էր, այնպիսի հսկա հարձակում, որ ոչ ոք չէր կարող դիմադրել։ Բայց անցյալում դիմադրել ենք, չէ՞։ Մերձավոր Արևելքում, ուր հնարավոր էր, ունեցել ենք զինված միավորումներ, իսկ հիմա ստացվում է, որ կրկին զոհ ենք, որ հայ մարդը, հայ կինը, երեխան հանկարծ հարկադրված նորից դուրս եկան իրենց տներից։ Ինչ-որ անխուսափելիության վարկած է, մեզ ծանոթ սցենար։

Մյուս հարցն այն է, թե ինչո՞ւ այդպես շտապ։ Սա հարց է՝ կարճ ժամանակի վրա և, միաժամանակ, խնդիր՝ երկար ժամանակի վրա։ Կարճ ժամանակի վրա հարցն այն է, որ եթե մենք գիտեինք, որ այնտեղ վտանգ կա, ինչո՞ւ հենց սկզբից չպարպեցինք այդ գյուղերը, որ ամեն մարդ կարողանար հանգիստ, ինքն իր համար, ինչ պետք էր դուրս հանել։ Այս երեք տարիների սիրիական պատերազմի ընթացքում քանի անգամ լսում ենք մեր կուսակցություններից, Կիլիկիո կաթողիկոսությունից, որ Հալեպում ամեն բան հանգիստ է, բայց Հալեպը քանդվեց, և մարդիկ դուրս եկան այդպես անկազմակերպ, երբեմն՝ առանց հագուստի կամ փաստաթղթերի։ Այդպես պատահեց Իրաքում, պատահեց մի քանի անգամ Լիբանանում, տեղի է ունենում Սիրիայում՝ արդեն երեք տարի։ Եվ տակավին մեր կազմակերպությունները գործում են ըստ իրենց փափագած ապագայի և ոչ թե ըստ իրականության, որը գրեթե կանխատեսելի էր։

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930