Կառավարությունն օգոստոսի 20-ին քննարկել եւ հավանության է արժանացրել 2026-2031 թվականների նոր ծրագիրը, որը հաջորդ շաբաթ ներկայացվելու է Ազգային ժողովի հաստատմանը։
85 էջանոց այս փաստաթուղթը բազմաթիվ, եթե չասենք՝ հեքիաթային, ապա առնվազն անիրատեսական խոստումներ է պարունակում՝ տարեկան 6% աճի ապահովում, 125 հազար նոր աշխատատեղ, հայկական ապրանքների արտահանման ծավալների կրկնապատկում, արդյունաբերական արտադրանքի ծավալի մեծացում՝ մինչեւ 5 տրիլիոն դրամ՝ 2025-ի 3.3 տրիլիոնի փոխարեն, առողջապահության ապահովագրություն ՀՀ ողջ բնակչության համար, 10 նոր ջրամբարների կառուցում, որն ավարտվելու է 2033 թվականին, 24-ժամյա ջրամատակարարում Երեւանում, Գյումրիում ու Վանաձորում եւ այլն:
Պետք չէ տնտեսագետ լինել՝ կռահելու համար, որ, օրինակ, 6% տնտեսական աճի կանխատեսումը հիմնված է վերջին տարիների տրանսֆերտների եւ վերաարտահանման բումի վրա, որոնք արդեն նվազում են:
10 ջրամբարների կառուցումն ուղղակի չի կարող ներկայիս կոռուպցիոն ռիսկերի եւ վատ կառավարման պայմաններում իրականություն դառնալ: Ինչպե՞ս կարող են մինչեւ 2033 թվականը՝ 7 տարում, 10 նոր ջրամբար կառուցել, եթե 2018 թվականից հետո, այսինքն՝ 8 տարում, Հայաստանում ընդամենը 1 ջրամբար է կառուցվել՝ Վեդու ջրամբարը, եւ այն էլ սկսել են կառուցել 2017 թվականին՝ Սերժ Սարգսյանի օրոք: Իսկ 125 հազար աշխատատեղը չի կարող առաջանալ հենց այնպես, օդից՝ մի երկրում, որտեղ ներդրումային միջավայրն անկայուն է, խիստ տատանվում է, որտեղ գործարար մարդկանց, քաղաքական դրդապատճառներից ելնելով, կալանավորում են, ունեզրկում, իսկ խոշոր մասնավոր ձեռնարկությունները՝ պետականացնում, եթե չկա տնետեսության մեջ որեւէ կտրուկ փոփոխություն:
Նոր ծրագրում միայն խոստումներ չեն։ Փաշինյանն այս անգամ գաղափարական հենք է առաջարկում՝ «Իրական Հայաստան» ու «Չորրորդ հանրապետություն» իր ծրագրի համար։ Թղթի վրա բառեր են նկարված՝ «Խաղաղության խաչմերուկ», TRIPP նախագիծ, ԵՄ վիզաների ազատականացում, կանանցով բանակի բարեփոխում ու սահմանապահ ծառայություն՝ առանց ռազմական բաղադրիչի։
Կարդացեք նաև
Նախկին ՊԵԿ նախագահի հետ խոսեցինք ծրագրում տեղ գտած տնտեսական խոստումների մասին:
Արտահանման ծավալների կրկնապատկումն ինչպե՞ս են ապահովելու, եթե մենք հիմա ունենք եղած շուկաների կրճատում: «5-6 տարվա ընթացքում արտահանման կրկնապատկումը պահանջում է արտահանման տարեկան միջինը 12-15 տոկոս աճ: Համեմատության համար նույն ԱՄՀ-ն Հայաստանի համար 27-31 թթ․ կանխատեսում է 3-5,5 տոկոս իրական արտահանման աճ, մոտավորապես 4,5-5 անգամ պակաս, քան կառավարության կանխատեսումն է»,- պատասխանում է տնտեսագետը:
125 հազար նոր աշխատատեղը Դավիթ Անանյանը համարում է ամենախոցելի մակրոտնտեսական խոստում: «Եթե խոսքը զուտ զբաղվածության ավելացման մասին է, ապա 125 հազար նոր աշխատատեղը նշանակում է զբաղվածների թվի մոտ 10 տոկոս աճ: 1,2 մլն զբաղվածների մեր թիվն է: Այսինքն, տարեկան ավելի քան 20 հազարով պետք է ավելանան դրանք: Մինչդեռ ԱՄՀ-ն մինչեւ 2031 թվականը կանխատեսում է զբաղվածության աճ տարեկան 0,2-0,4 տոկոս: Այսինքն, 10 տոկոսի փոխարեն՝ 0,4: Այս կանխատեսմամբ զուտ ավելացումը կարող է լինել ոչ թե 125 հազար, այլ մոտ 25 հազար»,- նշում է Անանյանը: Նա շեշտում է, որ ծրագիրը չի պարզաբանում, թե նոր աշխատատեղերի ավելացում ասելով ինչ նկատի ունի՝ նոր գրանցված աշխատատեղերի քանա՞կը, թե՞ հարկային դաշտ բերված աշխատանքը, թե՞ մեկ տարվա ընթացքում ստեղծված ու հետո փակված աշխատատեղերը: «Եթե այս բոլորը հաշվարկեն առանց փակվածը հանելու, գուցեեւ 125 հազարը ձեւականորեն կատարեն, բայց դա չի արտացոլի զբաղվածության իրական պատկերը»:
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































