Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Կառավարությունը կարևոր առաջարկները մերժեց. Գուրգեն Դումանյանը չներկայացավ

Օգոստոս 28,2014 13:26

Հայաստանը 2011-ից անդամակցում է Բաց կառավարման գործընկերություն (ԲԿԳ) ծրագրին և ավարտելով 2012-2013 թվականների գործողությունների ծրագիրը՝ այժմ մշակում է 2014-2016 թվականների գործողությունների ծրագիրը: Ստեղծվել է աշխատանքային խումբ, որը ՀՀ կառավարությանն է ուղարկել առաջարկություններ, սակայն, ինչպես աշխատանքային խմբի անդամները տեղեկացրին, դրանց մեծ մասը մերժվել են:

Քննարկեցին նաև, թե ընդհանրապես ՀՀ քաղաքացիական հասարակությունը ինչ մասնակցություն կարող է ունենալ քաղաքացիական հասարակությունը ԲԿԳ-Հայաստան 2014-2016 թթ. գործողությունների ծրագրի իրականացմանը: Նրանք մտահոգություն հայտնեցին այն մասին, որ քաղաքացիական հասարակության մասնակցությունը ակտիվ չի եղել:

Ինֆորմացիայի ազատության կենտրոն ՀԿ-ի ներկայացուցիչ Լիանա Դոյդոյանը անդրադարձավ իրենց այն առաջարկներին, որոնք մերժվել են ՀՀ կառավարության կողմից. «Մեր կարևոր առաջարկներից շատերը չեն ընդունվել: Օրինակ` կառավարության ներկայացուցիչների հետ տեղեկատվության ազատության ուսուցումներ կազմակերպելուն ուղղված առաջարկը ընդունվել է, սակայն մերժվել են տեղեկատվության ազատության էլեկտրոնային հարցումներին պատասխանելու վերաբերյալ կառավարության որոշման ընդունման առաջարկը, տեղեկատվության ազատության հանձնակատարի ինստիտուտի ստեղծմանը վերաբերող առաջարկը: Բաց կառավարման գործընթացներում հիմնական արժեհամակարգի մեջ տեղեկատվության ազատությունը առանցքային տեղ ունի: Սակայն մեր այսօրվա գործողությունների ծրագրում տեղեկատվության ազատության ոլորտի բարեփոխումներին ուղղված առաջարկ չկա»:

Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը մտահոգություն հայտնեց, որ իրենց ներկայացրած առաջարկների մեծամասնությունը կառավարությունը «կացնով կտրել, գցել է մի կողմ և թողել 11-ը». «Առաջարկների մի մասը մերժվել են այն պատճառով, որ գաղափարը, որ առաջարկվում է, օրենսդրության մեջ վաղուց առկա են: Կառավարությունը չհամարձակվեց օրենսդրական նախաձեռնությունների մշակման պարտավորություններ ստանձնել: Տպավորություն ստեղծվեց, որ կառավարությունն իր համար է կառավարություն, օրենսդիր մարմինը՝ իր համար»:

Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Վարուժան Հոկտանյանը նշեց, որ իրենց կողմից ներկայացված երեք առաջարկներից միայն մեկն է ընդունվել ու մանրամասնեց. « Մերժումները հիմնականում կատարվել են երկու պատճառաբանությամբ. կամ այդ առաջարկները որակվեցին ոչ բավարար հավակնոտ և համապատասխան չեն ԲԿԳ արժեքներին, մյուսները մերժվեցին այն պատճառով, որ իբր ենթադրում էին օրենսդրական փոփոխություններ: Բայց շատ այլ երկրների փորձը ցույց է տալիս, որ կառավարությունը կարող էր օրենսդրական նախաձեռնության առաջարկով հանդես գալ Ազգային ժողովին: Հանգիստ կարելի էր ներգրավել նաև ԱԺ-ին այս գործընթացի մեջ»:

Անկախ գնահատող Արտակ Քյուրումյանը տեղեկացրեց, որ ԲԿԳ-ի կողմից ԲԿԳ-ի անդամ 60 երկրներից 11-ը նկատողություն են ստացել. ՀՀ-ն այդ շարքում չէ. «Ադրբեջանը ևս նամակ է ստացել, քանի որ ինքնագնահատման հաշվետվություն չի ներկայացրել: Մի շարք երկրներ էլ նամակ են ստացել, քանի որ իրենց գործողությունների ծրագիրն առանց քաղհասարակության հետ փոխգործակցության են իրականացրել»:

Նշենք, որ մասնակցության եւ ելույթի հրավեր էր ուղարկվել նաեւ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ, ԲԿԳ հայաստանյան համակարգող Գուրգեն Դումանյանին: Սակայն նա ներկա չէ քննարկմանը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031