Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասնա Ծռերը» պահանջում է Արմեն Մուրադյանին՝ պատանդ բժիշկների դիմաց

Հուլիս 27,2016 15:20

Պարեկապահակային ծառայության գնդի տարածքում 4 բուժաշխատողներին «Սասնա Ծռերի» զինված անդամները բաց կթողնեն այն դեպքում,եթե առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը վիրաբուժական անձնակազմով գնա ՊՊԾ գնդի զավթած տարածք: Այս մասին Aravot.am-ին ասաց «Շտապօգնության» տնօրեն Թագուհի Ստեփանյանը, որը խոսել է զինված խմբի անդամներից Սեդրակ Նազարյանի (լուսանկարում) հետ:

Տիկին Ստեփանյանն ասաց, որ թեեւ միջնորդի միջոցով կանչ են ստացել եւ ասել էին, որ ծանր, մահամերձ անձ կա զինյալների մեջ, սակայն տեղում պարզվել է, որ այնքան էլ ծանր չէին. «Մի հոգին, որը առաջին օրերին էր հրազենային վիրավորում ստացել, նրա վերքերը մշակել էինք այն ժամանակ, այ միայն իրեն կարելի էր տեղափոխել հիվանդանոց, որպեսզի ծանր հետեւանքներ չլինեն»:

«Շտապօգնության» տնօրենի ներկայացմամբ՝ նախնական պայմանավորվածություն է եղել չեզոք հատվածում բուժօգնություն տրամադրել, եւ քանի որ զինված խմբից ասել էին, որ հիվանդանոց տեղափոխելու խնդիր կա, 4 բուժաշխատողներն այլեւս չեն պահանջել վիրավորներին չեզոք գոտի բերել, իրենք առանց դեղորայքի՝ միայն պատգարակով մոտեցել են գնդի տարածք. «2 բրիգադայի աշխատողներն էին՝ 2 բժիշկ, բուժքույր եւ բուժակ: Մոտեցել են զինված տղաներին, նրանք պահանջեցին վերքերը տեղում մշակենք եւ հրաժարվեցին հոսպիտալացումից: Հետո պայման են դրել՝ բժիշկները չեն հեռանալու տարածքից մինչեւ նախարարը վիրաբուժական անձնակազմով չգնա իրենց մոտ»:

Թագուհի Ստեփանյանի խոսքերով՝ ինքը պատանդ վերցված բժիշկների հետ կապվել է շտապօգնության ներքին կապի միջոցով. «Սեդրակ անունով մեկը ներկայացավ, էդ պահանջները ներկայացրեց, որքան էլ փորձեցի համոզել բաց թողնել, նա ինձ ասաց՝ դու էլ չզանգես: Խնդրել եմ բուժքրոջը բաց թողնեն, հրաժարվեց, ասաց՝ ոչինչ թող մնա մինչեւ հարցերը կարգավորվի»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031