Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Որոշ մանրամասներ Վարդևան Գրիգորյանի որդու առեղծվածային մահվան դեպքի մասին

Սեպտեմբեր 20,2016 17:39

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր հրազենային վնասվածքով իրենց տան նկուղից Գյումրիի բժշկական կենտրոն էին տեղափոխել Գյումրիի մանկավարժական ինստիտուտի նախկին ռեկտոր, Գյումրու ՏԻՄ ընտրություններում ԲՀԿ ցուցակը գլխավորող Վարդեւան Գրիգորյանի կրտսեր որդուն՝ 25-ամյա Արշակ Գրիգորյանին, որի կյանքը փրկել չէր հաջողվել:

Անցկացվել է դեպքի վայրի զննություն, իրավապահների հաղորդմամբ, նախնական տվյալներով, սպանություն բնութագրող հատկանիշներ չեն հայտնաբերվել:  Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110 և 235 հոդվածների առաջին մասի հատկանիշներով: Այն է՝  Ինքնասպանության հասցնելը և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:

Շիրակի մարզի դատախազությունից մեզ փոխանցեցին, որ Արշակ Գրիգորյանին իրենց տան բակի նկուղից Գյումրի բժշկական կենտրոն են տեղափոխել աջ քունքային հատվածում ստացած վնասվածքով ժամը 13.20-ի հատվածում, նկուղում հայտնաբերվել է Մակարով տեսակի ատրճանակ, որի պատկանելությունը դեռ հայտնի չէ: Նա մահացել է մեկ հրազենային վնասվածքից: Նշենք, որ տանը եղել են տեսախցիկներ, առգրավվել են տան տեսախցիկները: Մենք եղանք դեպքի վայրում, որտեղից ճշտեցինք, որ Արշակը ժամը 13.00-ի սահմաններում տնեցիներին ասել է, թե  մի հատ գնամ գարաժ, գամ, մոտ 10 րոպե ուշացել է, տանը գտնվող նրա հորաքրոջ տղան ասել է՝ գնամ, տեսնեմ ինչ եղավ Արշակը. դուրս է եկել բակ ու նրան հայտնաբերել է  նկուղում: Հորաքրոջ տղան ու եղբայրն են մեքենայով նրան հասցրել հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել հնարավոր չի եղել: Առեղծվածային այս մահվան հանգամանքները պարզվում են:

Նշենք, որ Վարդևան Գրիգորյանն ունի 4 որդի, որոնք Գյումրիում աչքի են ընկնում իրենց յուրահատուկ դաստիարակությամբ: Գյումրեցիները երբևէ լսած չկան, որ նրա որդիները մասնակից լինեն որևէ աղմկոտ միջադեպի:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930