Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյանի ու Վիգեն Սարգսյանի տարբերությունը՝ ըստ լեգենդար Կոմանդոսի (Տեսանյութ, ֆոտոշարք)

Դեկտեմբեր 25,2017 20:12

Այսօր Շիրակի պետական համալսարանը հյուրընկալել էր Արցախի հերոս, լեգենդար գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանին՝ Կոմանդոսին։ Համալսարանի անձնակազմի ու ուսանողների հետ հանդիպման ժամանակ նրան տարբեր հարցեր ուղղվեցին՝ սկսած Շուշիի ազատագրումից մինչև Հայոց բանակի ներկայիս վիճակի մասին։

Գեներալը, դառնալով ուսանողներին, ասաց․ «Մեր պետության ապագան մենք ենք, մե՛նք ենք ցեմենտը, բանակայիններս ենք ցեմենտը, մեր պետության ապագան մենք ենք իրար հետ։ Շատ դեպքեր կան, երբ շենքը սարքում ես, ցեմենտը չի երևում, աբլիցոկվի տակն է, մեզանից է կախված այսօրվա ու վաղվա օրը։ Ինչքան որ Աստված տա, ուզում եմ ապրել ձեր հետ, իմ ուժն ու գիտելիքները փոխանցել մարտական ջահել զինվորներին, որոնք առաջին գծում են», -ասաց Կոմանդոսը։

Նա նաև նշեց՝ մեր բանակը ուժեղ է նրանով, որ մենք մոնո ազգ ենք, ու որքան էլ հայերս տարաձայնություններ ունենաք միմյանց հետ, դրանք երկիր քանդող տարաձայնություններ չեն։ Նա նաև մեջբերեց մի օրինակ, երբ ապրիլի 24-ին այցելել են Մարտակերտ՝ զինվորներին տեսության։

«Ուզում էի իմանալ տեղեկություններ թշնամու մասին, մեր հետախույզներից զեկուցեցին, որ ապրիլի 24-ին իրենց զինվորները դիրքերը թողել են ու փախել են։ Մինչև ժամը 5-6-ը ադրբեջանցիները երեք հոգու չէին գտել։ Ինչո՞ւ է այդպես, ուզում եմ նորից ասել, որ Ադրբեջանի բանակը ստեղծված է 12 ազգից, որոնք կրոնական, լեզվական տարաձայնություններ ունեն, կեսը թշնամական են, իրար ոնց որ թե չեն հասկանում։ Իրենք ոչ մի անգամ չեն ունենա հզոր բանակ, իսկ մեր գլխավոր զենքը մոնո ազգ լինելն է, չունենք թշնամական հարաբերություններ»։

Նա նաև ասաց, որ խաղաղություն կունենանք այն ժամանակ, երբ երկու գլուխ ուժեղ լինենք մեր թշնամուց։

Կոմանդոսը նշեց, որ մի քանի ծրագրեր են իրականացվում, որոնցից ոչ բոլորի մասին հասարակությունը գիտի, ընդամենը երկու ծրագրից է տեղյակ՝ «Ազգ-բանակ», «Պատիվ ունեմ»։ Սակայն, ըստ նրա, աշխատում են ռազմարդյունաբերության զարգացման վրա, և որ հայերիս հետ աշխատում են ԱՄՆ-ի հայ գիտնականները։ «Երբ ծանոթացա ու իմացա՝ ինչ կարող ենք ստեղծել ու ինչ ենք ստեղծում, հավատացեք, մենք ունենք ապագա»,-ասաց նա՝ փոքր-ինչ մանրամասնելով, թե ապագայում ինչ նոր զինտեխնիկայով կարող ենք հաղթել թշնամուն։

Նա համեմատականներ անցկացրեց պաշտպանության երկու նախարարների՝ Սեյրան Օհանյանի ու Վիգեն Սարգսյանի միջև։ «Սեյրան Օհանյանը իմ մարտական ընկերն է, ես շատ վաղուց եմ ճանաչում, ես չեմ ուզում ասել իր սխալը, ճիշտը, որպես մարտական ընկեր՝ ես կարող եմ իր մասին միայն դրական խոսել։ Երբ զինվորականը քաղաքականությամբ է զբաղվում, ես չեմ հասկանում, բայց իր ձեռքբերումն այն էր, որ ինքը բարձրացրեց մեր զինվորը դերը բանակում։

Բայց Վիգեն Սարգսյանը հիմա աշխատում է բանակը պետության կողմից ուժեղացնի, ինքը ոնց որ թե գլխավոր ուղին է վերցրել այն, որ պետք է ունենաք ազգ-բանակ, ոչ թե միայն բանակ։ Մարդկանց ձեռքը տալ, որ ինքը կատարի իր առաջադրանքը։ Այս մարդիկ հիմա ուզում են գալ բանակ, բանակը կա, թշնամին ունենա զենք, զինամթերք, որը Թուրքիան է տալիս, Պակիստանն է տալիս, մեր զենքերն էլ գիտեք ինչ վիճակի մեջ է, այնքան էլ հետամնաց չեն, բայց այնքան էլ չեն համապատասխանում․․․ Այդ ծրագրի վրա հիմա լուրջ աշխատում են, շնորհակալ եմ, ԱՄՆ-ից եկան, հանդիպեցինք։ Մեր ապագան նոր տեխնիկան է, նոր հայացքները, նոր ծրագիրը»։

Երբ հարց հնչեց Շուշիի ազատագրումից, լեգենդար գեներալը համեստորեն նշեց․ «Շուշին ես չազատագրեցի, խենթերը ազատեցին՝ մեր ազատամարտիկները։ Ում մարտական ոգին բարձր է, ինքը 3 անգամ ուժեղ է, բայց Ղարաբաղում մի քիչ ավել է` 3,5 անգամ, դրա համար ղարաբաղցի հրամանատարները, որոնք ստիպեցին, վերցրեցին, իրենց խոսքը կատարեցին, դե ես էլ խաբար չեմ․․․»։

Կոմանդոսը նաև շեշտեց, որ իր մայրը ծնվել է Խարկով գյուղում։ Հիշեցնենք, որ խոսքը Շիրակի մարզի այն գյուղի մասին է, ուր այցելելու համար անհրաժեշտ է ռուս սահմանապահների թույլտվությունը։ Այդ պատճառով էլ գյուղն ամբողջապես դատարկվել է։ Գյուղի միակ բնակչուհին 82-ամյա Վահանդուխտ Վարդանյանն է, որի սկեսուրը մահանալուց առաջ հորդորել է հարսին՝ չլքել գյուղն ու չուրախանցել թուրքերին։ Գյուղը գտնվում է Անիի ավերակներից մի քանի մետր հեռավորության վրա, ընդամենը մի ձոր է բաժանում։

«Ես փոքր ժամանակ միշտ քեռուս մոտ եմ Թբիլիսիից եկել, մեր ժամանակ սով էր, հաց չկար, երբ գալիս էինք գյուղ, գյուղում քաղաքի էրեխեքին իրավունք էին տալիս գնային հաց հավաքեին։ Սովետական ժամանակ գյուղացին իրավունք չուներ գնար հաց հավաքեր, կարող է իրեն բռնեին, բայց էրեխեքը հավաքում էին, ժեշտը վրան դնում, փակում ու ուտում էին։ Հացը ես էստեղից եմ հավաքել, շնորհակալ եմ էս հողին, էս ջրին, իմ ուժս էստեղից եմ հավաքել»,- ասաց Կոմանդոսը։

Հանդիպումից հետո թե՛ ուսանողները, թե՛ դասախոսները հերթ էին կանգնել լեգենդար գեներալի հետ լուսանկարվելու համար։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գ.Հ says:

    Կոմադոսին ասել են,որ ռեկտոր Մինասյանը այդ դահլիճը 250 հազար դոլլարով…Թալան,թալան մինչև վերջ…

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031