Լրահոս
Օրվա լրահոսը

«Կխնդրեի պաշտոնատար անձանց մեզ վարժապետի տոնով չփորձել հիասթափեցնել: Մենք հիասթափվողներից չենք». Արտակ Զեյնալյան

Հունվար 16,2018 15:15

Փորձագետները մտահոգված են՝ դատական նոր օրենսգիրքը չի լուծում դատարանի և դատավորների անկախության խնդիրը:

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության իրավական ծրագրերի շրջանակներում ստեղծված Արդարադատության խմբի հետ համատեղ անցկացված «Քաղաքացիական հասարակության նկատառումները դատական և քրեական օրենսգրքերի նախագծերի վերաբերյալ» հանրային քննարկման ընթացքում փաստաբան Հայկ Ալումյանը, անդրադառնալով դատավորների անկախության երաշխիքներին, շեշտեց, որ այս հարցում կարևոր է նաև դատավորների ֆինանսական անկախության խնդիրը, քանի որ հնարավոր չէ դատավորից անաչառություն պահանջել այն դեպքում, երբ նա գտնվում է կողմերից ֆինանսական կախման մեջ. «Ըստ նոր նախագծի՝ դատարանի նախագահը, որը նշանակվում է ՀՀ նախագահի կողմից, դատավորի կողմից վարքագծի խախտման դեպքում կարող է դիմել էթիկայի և կարգապահական հանձնաժողովին: Սա նշանակում է, որ նա կարող է իր սեփական քննությունն անցկացնել, որ այդ խախտումները հայտնաբերի: Նաև պետք է հաշվի առնել, որ ներկայումս էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի աշխատանքը, գործունեությունը լիարժեք փակ է, ոչ թափանցիկ»:

Փորձագետ Դավիթ Խաչատուրյանի պնդմամբ՝ փաստաբանի նկատմամբ դատական սանկցիաների կիրառումը հակասում է նույն փաստաբանի և նրա պաշտպանյալի արդարացի դատաքննության իրավունքի իրականացմանը. «Դատական սանկցիա տուգանքն իր չափի ու նպատակների առումով համարվում է քրեական պատիժ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տեսանկյունից»:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հայտարարեց՝ դատական իշխանության և դատավորի անկախությունն այս օրենքով ապահովված չէ: Նա վստահեցրեց, որ առանց այս անկախության ապահովման չի կարող հաղթահարվել անպատժելիությունը. «Դատական օրենսգրքի ընդունման պրակտիկան ցույց տվեց, որ ՀՀ իշխանությունը գործնականորեն բարենպաստ պայմաններ չի ստեղծում ՀԿ-ների՝ արդյունավետ մասնակցության համար»:

ՀՀ Փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ Էմիլ Ամիրխանյանը դատարանի կողմից փաստաբանի նկատմամբ տուգանքի նշանակման խնդրի վերաբերյալ ասաց, որ իրենք անթույլատրելի են գնահատել նման կարգավորումը. «Նման լիազորություն տրամադրելը դատարանին՝ հատկապես այն տեսքով, որ առկա է օրինագծում, անթույլատրելի է և հակասում է թե՛ ներպետական օրենսդրությամբ, թե՛ միջազգային փաստաթղթերով երաշխավորված՝ փաստաբանի ազատության և անկախության սկզբունքներին »: Հարցին որքանո՞վ էր արդիական այս կարգավորումը և դրանում որքանո՞վ էր առկա հանրային պահանջ, պարոն Ամիրխանյանը պատասխանեց. « Սա գործիք է դառնալու դատարանի ձեռքին ներազդելու, ճնշելու փաստաբանին»: Պարոն Ամիրխանյանը տեղեկացրեց, որ իրենք արդեն այլընտրանքային առաջարկություն են ներկայացրել իրավասու մարմիններին:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն էլ հորդորեց ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ սահմանադրության փոփոխությամբ՝ ըստ էության միայն ձևի, այլ ոչ բովանդակության փոփոխություն ունենք: Նա մանրամասնեց. «Գործող սահմանադրությամբ ՀՀ նախագահին տրված էին այն լիազորությունները, որոնց պատճառով ի չիք էր դառնում դատարանի անկախությունը: Նոր սահմանադրության մեջ կարծես թե լավ է գրված, որ որակյալ մեծամասնությունն է նշանակում արդարադատության բարձրագույն խորհրդի անդամներ: Բայց այժմ դա նշանակում է, որ այդ լիազորությունն անցնում է կուսակցության լիակատար վերահսկողության տակ: Այսինքն՝ փոխվում է ձևը, բայց բովանդակությունը մնում է նույնը: Համակարգային փոփոխություն, ըստ էության, չի լինում»:

ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանի կարծիքով՝ պետք է կանխարգելել իրավունքի խախտումները, հակառակ դեպքում դրանց խախտման պատճառով հետևանքների վերացման հետևից չենք հասցնի: Նա նաև մտահոգություն հայտնեց, թե այսօր ՀՀ-ում գործում են դատավորների՝ անհրաժեշտ թվից երեք անգամ պակաս թվով դատավորներ: Անդրադառնալով դատավորի՝ քվեարկության հետ կապված պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ խնդրահարույց հարցին՝ պարոն Զեյնալյանը հայտարարեց. «Որևէ դատավոր պատասխանատու չէ քվեարկությունից հետո ընդունված որոշման համար ամբողջությամբ: Ամբողջ կազմին նաև չեն կարող ենթարկել պատասխանատվության: Ուստի այս հիմքը պետք է ընդհանրապես բացառել: Սա հաստատված է նաև միջազգային փաստաթղթերով: Մենք այս խնդրով ՍԴ-ին չորս գանգատ ենք ներկայացրել, նաև գանգատ ենք ներկայացրել ՄԻԵԴ: Եվրոպական դատարանն արձանագրել է, որ Հայաստանում դատավորներն ունեն իրավունքի պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք: Հիմա վարչական դատարանում այս գործը քննվում է: Ուստի կխնդրեի պաշտոնատար անձանց մեզ վարժապետի տոնով չփորձել հիասթափեցնել: Մենք հիասթափվողներից չենք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031