«Զինծառայողի անվտանգության հարցը շատ բարդ, բազմակողմանի խնդիր է, և բազմաշերտ միջավայրում, երբ հապճեպ քայլեր են անում այս կամ այն քաղաքական բոնուսներ հավաքելու համար, հետևանքն այսպես է լինում։ Չկա մեկ լուծում, մեկ պատճառ։ Բայց եկեք հասկանանք՝ եթե զինվորների շրջանում խաղամոլությունն է ծաղկում, եթե անգամ նման խնդիր կա, բա սպաները որտե՞ղ են»,- Aravot.am-ի փաստմանը՝ անդրադառնալով ՀՀ զինված ուժերում ոչ մարտական պայմաններում մահացության դեպքերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծիք էր հայտնել, որ պատճառը խաղադրույքներ կատարելը, պարտքերի տակ ընկնելը, դիրքում քնելն է և հարցին՝ համամի՞տ է, այսպես արձագանքեց հասարակական գործիչ Կարեն Վրթանեսյանը։ Նա երկար տարիներ ուսումնասիրել է զինված ուժերում ոչ մարտական պայմաններում մահացության պատճառները։
Ըստ Կարեն Վրթանեսյանի՝ ինքնասպանության շատ պատճառներ կարող են լինել, հարցն այն է, թե զինված ուժերում որտեղ են սպաները, հրամանատարությունը, ՊՆ-ն, ի՞նչ քայլեր են ձեռնարկվում, որ զինված ուժերում ոչ մարտական կորուստների թիվը նվազի․ «Օրինակ՝ պատճառներից մեկը կարող է լինել ոչ կանոնադրական հարաբերությունները՝ լինի դա խաղամոլությունը, թե այլ բաներ։ Հարց է՝ այդ ոչ կանոնադրական հարաբերություները մեղմելու կամ վերացնելու ուղղությամբ ինչ քայլեր են արել։ Օրինակ՝ այս իշխանությունները վերացրել են գնդերեցների ծառայությունը։ Հայտնի փաստ է, որ նրանց առկայությունը շատ խնդիրներ մեղմում էր, հնարավորություն տալիս, որ նույն զինվորները ինչ-որ խնդիրների վերաբերյալ դիմեին գնդերեցներին, նրանք էլ սպաներին էին դիմում կամ իրենք էին խնդիրը լուծում։ Սա շատ նորմալ ու ամբողջ աշխարհում ընդունված պրակտիկա էր։ Գնդերեցների մեծամասնությունը բարձր հեղինակություն ուներ թե′ շարքային կազմի, թե′ սպաների շրջանում։ Մեկ հարվածով այդ ծառայությունը վերացրին։ Ի՞նչ եք կարծում՝ դրա հետևանքները ինչպիսի՞ն էին զինված ուժերում։ Չեմ ասում, որ այդ ծառայությունը բոլոր խնդիրները լուծում էր միանգամից, բայց մյուս կողմից՝ բարդ խնդիրները չունեն միանգամից ու մեկ լուծում։ Աշխարհի բոլոր բանակներում էլ կան նման խնդիրներ, և դրանք լուծելու տարբեր մեթոդներ են օգտագործվում»։
Պատճառներից մյուսը մեր զրուցակիցը համարում է լարված ռեժիմը, անքնությունը, հոգնածությունը․ «Շատ վատ է ազդում անձնակազմի վրա այն, որ ստիպված են լինում երկար մարտական հերթապահությունների լինել, քանի որ անձնակազմը չի բավարարում խնդիրները կատարելուն։ Այժմ նախկինի պես մարտական դիրքերում ծառայությունը երկու շաբաթ չէ, այլ հիմա երեք շաբաթ է տևում, նույնիսկ դեպքեր կան, որ մարդիկ ամիսներով են գտնվել մարտական հերթապահության մեջ։ Այս պայմաններում, եթե անընդհատ կրճատվում է զինված ուժերի թիվը, իսկ մարդիկ նախընտրական բոնուսներ ստանալու համար հայտարարում են, որ զինծառայությունը մեկուկես տարի ենք դարձրել, ապա այդ մեկուկես տարվա ընթացքում նույն շարքային զինվորը նույն թվով դիրքեր պաշտպանելու համար որքա՞ն ժամանակ պետք է գտնվի դիրքերում, պարզ է, որ ավելի երկար՝ այդ լարված, ծանր իրավիճակում»։
Հղում կատարելով ամերիկյան հետազոտություններին՝ Կարեն Վրթանեսյանը նշեց, որ ոչ մարտական կորուստների պատճառներից է նաև մարտական սթրեսը․ «Այսինքն՝ երկար ժամանակ, երբ մարդը գտնվում է մի իրավիճակում, որտեղ իր կյանքի համար վտանգ է զգում, իսկ դիրքեր պահելն այդ տարրն ունեն, ինչքան էլ անունը դնեն խաղաղություն, իրականում խաղաղություն չէ, կա լարվածություն, ինչ-որ սպասելիք, որ թշնամին կարող է հարձակվի։ Եթե մարդիկ երկար են այս պայմաններում գտնվում, ավելի աճում է և′ ոչ կանոնադրական հարաբերությունների, և′ ոչ ադեկվատ գործողությունների, և′ նաև ինչ-որ սխալներ թույլ տալու, դժբախտ պատահարների հավանականությունը։ Պարբերաբար լինում են դեպքեր, որ զենքի հետ անզգույշ վերաբերմունքից մարդիկ են զոհվում։ Դա որոշ չափով կարող է պայմանավորված լինել զինծառայողի քրոնիկ հոգնածությամբ, լարված իրավիճակով»։
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանը՝ որպես զինված ուժերում զինվորների ինքնասպանությունների պատճառ, նաև նշել էր ընտանեկան կամ անձնական խնդիրները։ Հետաքրքրվեցինք՝ ճի՞շտ է այս խնդիրներն ընտանիքի վրա բարդելը, Կարեն Վրթանեսյանը պատասխանեց․ «Նիկոլ Փաշինյանը միշտ ինչ-որ մեկին գտնում, նրա վրա մեղքը գցում է։ Չկան աշխարհում երկրներ, որտեղ բոլոր ընտանիքները, երիտասարդներն իդեալական են, այդ խնդիրներն ամենուրեք կան՝ խաղամոլություն, թմրամոլություն, հազար ու մի այլ վատ բաներ աշխարհի բոլոր բանակներում, բայց աշխարհի բոլոր բանակներում այդ խնդիրները փորձում են լուծել, այլ ոչ թե ասում են՝ սա է մեղավոր, և թեման փակված է»։
Նա հիշեցրեց Ազատի գյուղի զինվորական կացարանի հրդեհը, որի պատճառով 15 զինծառայող զոհվեց ու ասաց․ «Ինչ ասես խոսեցին, բայց ոչ մեկ չասաց՝ ինչո՞ւ էին տարիներով զինվորները զորամասից հեռու այդպիսի պայմաններում, և ինչո՞ւ էր ՊՆ-ն աչք փակում դրա վրա։ Աշխարհի որ երկրում էլ թողնես երիտասարդներին՝ իրենք իրենցով մնան երկար ժամանակ, ինչ-որ մի բան կլինի»։
Հարցին՝ այս բոլոր պատճառաբանությունները, որ ներկայացվում են Նիկոլ Փաշինյանի կողմից, դրանք իրականում լուծումից խուսափելու միջո՞ց են, Կարեն Վրթանեսյանը պատասխանեց․ «Տվալ պահին մեղավորությունը, պատասխանատվությունն իրենց վրայից հանելու ձև է, ինչը մենք տեսել ենք բազում անգամներ՝ Քովիդի, 44-օրյա պատերազմի ժամանակ և այլ հարցերում»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































