Այսօր մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն իր կողմից նախաձեռնած «Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագծի շրջանակում այցելել էր Շիրակի մարզ։
Նա հանդիպեց Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հետ։ Հանդիպմանը մասնակցեց նաև վերոնշյալ ծրագրում ընդգրկված Առափի գյուղի երիտասարդ բնակչուհի Սուսաննա Փանոսյանը։ Սա մեկ անգամ ևս առիթ դարձավ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները բարձրաձայնելու, պատկան մարմինների ուշադրությունը հրավիրելու։
Կարդացեք նաև
Իսկ խնդիրները բազմաթիվ են ՝ սկսած ներհամայնքային ճանապարհներից մինչև տրանսպորտի ու կառույցների անմատչելի լինելը։
Aravot.am-ը Անահիտ Մանասյանից հետաքրքրվեց, թե ՄԻՊ օրակարգում կա՞ արդյոք Բաքու այցելելը․ Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցները, այս դեպքում Ռուբեն Վարդանյանը ուղերձ էր հղել իրեն՝ ակնկալելով նրա այցը Բաքու։
Նա կոչ էր արել անձամբ այցելել ու տեղում ծանոթանալ հայ բանտարկյալների պահման պայմաններին և իրավունքների վիճակին:
Ռուբեն Վարդանյանի ուղերձում խոսվում էր նաև այն մասին, թե Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևային իր հետ հանդիպման ժամանակ ասել է, թե հայ պաշտոնակից Անահիտ Մանասյանի հետ արդեն քննարկել է Բաքու այցելելու հնարավորությունը, և որ ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել այցի կազմակերպմանը։
Անահիտ Մանասյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Ռուբեն Վարդանյանի ուղերձին իր հնչեցրած հրապարակային պատասխանին այս պահին ավելացնելու ոչինչ չունի։
Սակայն միաժամանակ նշեց, որ ՄԻՊ-ի գրասենյակը գերիների խնդրով ամենօրյա ռեժիմով ու մշտապես է զբաղվել։
«Ես այս խնդիրը բարձրաձայնել եմ մի քանի տարիների ընթացքում, եթե միայն միջազգային բարձրաստիճան հանդիպումները հաշվենք, շուրջ 300 բարձրաստիճան հանդիպումների շրջանակներում, և մենք շարունակում ենք բարձրաձայնել։
Կխնդրեմ մնացյալ առումով մեր հրապարակային հաղորդագրությունը վերցնեք որպես հիմնական պատասխան, բայց ի նկատի ունեցեք, որ այս խնդիրներով մենք զբաղվում ենք անընդհատ։
Ու շատ կարևոր է ի նկատի ունենալ, որ այս հարցը շատ զգայուն է, և բազմաթիվ դետալների հրապարակայնորեն չենք անդրադառնում՝ թե՛ մեր հաստատությունը, թե՛ վստահ եմ՝ նաև զանգվածային լրատվական միջոցները շատ զգայուն են լուսաբանում հարցը»,- ասաց ՄԻՊ-ը։
Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանին ուղղված հրապարակային պատասխանում Անահիտ Մանասյանը մասնավորապես նշել էր, որ «Մարդու իրավունքների պաշտպանին վերապահված մանդատի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները տարածվում են բացառապես Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մարդու իրավունքների ենթադրյալ խախտումները արձանագրելու գործընթացների վրա՝ անկախ իրավունքը կրողի ունեցած քաղաքացիությունից»։
Նա նաև տարակուսանք էր հայտնել, որ Ադրբեջանի օմբուդսմենը Ռուբեն Վարդանյանի հետ քննարկել է Բաքու այցելելու հնարավորությունը. «Հարկ ենք համարում ընդգծել, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը չի ստացել որևէ պաշտոնական առաջարկ քննարկվող հարցով համագործակցության վերաբերյալ, ինչպես նաև չի ստացել որևէ հաստատում այն մասին, որ ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել նպաստելու այդ համագործակցությանը։
Միևնույն ժամանակ, հարկ է նկատի ունենալ, որ կոնկրետ պետության տարածքում իրավունքների պաշտպանության յուրաքանչյուր հարց ընդգրկված է տվյալ պետության օմբուդսմանական / մարդու իրավունքների ազգային հաստատության մանդատի շրջանակներում, հանդիսանում է տվյալ պետության օմբուդսմանի գործառույթը և որևէ կերպ չի կարող պայմանավորված լինել այլ պետության ՄԻՊ հաստատության հետ ունեցած հաղորդակցության հանգամանքով», -ասել էր ՄԻՊ-ը՝ վերահաստատելով իր այն դիրքորոշումը, թե Ադրբեջանում ազատությունից զրկված բոլոր հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն։
«Սա առանցքային դերակատարություն ունի ինչպես խաղաղության գործընթացի, այնպես էլ ժամանակակից քաղաքակիրթ աշխարհում առկա՝ մարդու իրավունքներին վերաբերելի արժեքների երաշխավորման տեսանկյունից»,-նշված էր հայտարարության տեքստում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ




















































