Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանի հայտարարությունն իմ պատիվն ու արժանապատվությունն արատավորող բնույթ ունի, սա կապում ենք իմ ընդդիմադիր գործունեության հետ»․ Դրմեյանը հայց ներկայացրեց Փաշինյանի դեմ

Հուլիս 31,2026 17:13 Share

«Միասնության թևեր» կուսակցության անդամ Լիպարիտ Դրմեյանն այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում քաղաքացիական հայց ներկայացրեց ընդդեմ Նիկոլ Փաշինյանի։ Լրագրողների հետ զրույցում Դրմեյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունները իրականությանը համապատասխանող չէին։

«Դրանք իմ պատիվն ու արժանապատվությունն արատավորող բնույթ ունեն, եւ ես որոշել եմ իմ իրավունքները, ՀՀ օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերի համաձայն, պաշտպանել դատական կարգով։ Հայց եմ ներկայացրել՝ զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու մասին։ Խոսքը բոլոր այն հայտարարությունների մասին է, որոնք առնչվում էին արբիտրաժային վարույթի ընթացքում իմ պարտականությունները կատարելուն, շահերի բախումներ ունենալուն։ Այնտեղ նաեւ «Իլիականից» ու «Ոդիսականից» մեջբերումներ արվեցին, այդ բոլոր արտահայտությունները եւ մեջբերված փաստերն իրականությանը չհամապատասխանող են։ Ոչ միայն չեն համապատասխանում, այլ նաեւ այնպիսի կոնտեքստում է ներկայացվում այդ ամենը, որը արատավորում է իմ պատիվն ու արժանապատվությունը»,- ասաց նա։

Դրմեյանը նշեց, որ գումարային պահանջ դեռ չի ներկայացրել, քանի որ իրադարձությունները արագ են զարգացել, ընթացքում կերեւա, ՀՀ օրենսդրությունը հնարավորություն է տալիս հայցի հիմք փոխել, ավելացնել պահանջները։

Նա նշեց, որ Հայաստանում չի կարող լինել բռնապետություն, իսկ այս իշխանությունը երկիրը տանում է այդ ճանապարհով։

«Ես եւ գործընկերներս սա կապում ենք իմ ընդդիմադիր գործունեության եւ քաղաքական ակտիվության հետ, հատկապես հետընտրական պրոցեսներում մեր կուսակցության շատ ակտիվ դիրքորոշման եւ ձեռնարկած քայլերի հետ»,- ասաց նա։

Հարցին, թե հնարավո՞ր է իրեն կալանավորեն, Լիպարիտ Դրմեյանը պատասխանեց․ «Մեր այսօրվա իրականության մեջ ես ոչինչ չեմ բացառի, մի փոքր հույս ունեմ, որ իրավապահ մարմիններում դեռ կան մարդիկ, ովքեր հետեւում են օրենքին, բայց, իհարկե, ոչինչ, բացառել պետք չէ»,- ասաց նա՝ հավելելով, որ ինքը գործել է՝ հաշվի առնելով միայն մեկ սուբյեկտի՝ այն է՝ ՀՀ շահը։

Դրմեյանը նաեւ ասաց, որ գործի վերաբերյալ այլ տեղեկություն չունի, դատավարական գործողություն դեռ չի իրականացվել։

Հիշեցնենք, որ հուլիսի 30-ին լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանն իրավապահներին հրահանգել էր ստուգել վարչապետի աշխատակազմի Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի նախկին պաշտոնակատար Լիպարիտ Դրմեյանի գործունեությունը՝ պարզելու՝ այնտեղ եղե՞լ են կոռուպցիոն ռիսկեր։ Իսկ առիթը ՀԷՑ-ի վերաբերյալ միջազգային արբիտրաժի որոշումն էր: Լիպարիտ Դրմեյանը հայտարարել էր, որ ՀԷՑ-ի վերաբերյալ Ստոկհոլմի արբիտրի վճիռը ենթակա է պարտադիր կատարման։ Փաշինյանի այս հայտարարությունից հետո Գլխավոր դատախազությունը հայտնեց, որ Լիպարիտ Դրմեյանի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի բանավոր հաղորդմանն ընթացք է տրվել։

Անդրադառնալով իր հայտարարությանը՝ արբիտրաժի որոշման մասին իր հայտարարությանը՝ Լիպարիտ Դրմեյանն ասաց․ «Խոսքն այն գրության մասին է, որը տարածվեց՝ մեկ պետական մարմինը դիմել էր մեկ այլ պետական մարմնի՝ պարզաբանում պահանջելով՝ որոշումը կատարման ենթակա է, թե ենթակա չէ։ Եվ քանի որ գրասենյակը ապահովում էր ՀՀ շահերի ներկայացումն արբիտրաժային վարույթում, իր լիազորություններից ելնելով՝ պատասխան է տվել՝ ներկայացնելով, թե իրավական կարգավորումն ինչպիսին է։ Այսինքն՝ եթե կատարման ենթակա է վճիռը, ինչ քայլեր պետք է արվեն, եթե կառավարությունը չի ցանկանում կատարել, դրա ռիսկերը որոնք են։ Այդ ինչպե՞ս է ստացվում, որ երկու պետական մարմինների միջեւ գրությունը հետո հայտնվում է լրատվական դաշտում, դրա մասին սկսում են խոսել»։

Անդրադառնալով հարցին, որ ՀՀ կառավարությունն այդպես էլ չկատարեց միջազգային արբիտրաժի վճիռը, Դրմեյանն ասաց, որ աշխարհում շատ կան դեպքեր, երբ պետությունը չի կատարում միջազգային արբիտրաժի վճիռը։ «Հիմա չկատարեց, չկատարեց, հետեւանքները պետք է տեսնենք, թե ինչ է»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031