Լրահոս
Օրվա լրահոսը

Դռնբաց ձայնափակ դատավարություն

Օգոստոս 10,1995 14:00

Սկսենք նրանից, որ «Դրոյի» գործով դատավարության «Առավոտի» երեկվա հրապարակման մեջ անճշտություններ գտնելով, Հրանտ Մարգարյանի փաստաբան Անահիտ Եսայանը որոնելով հեղինակին, գտավ նրան եւ մեղադրեց միտումնավորության մեջ։ Ես էլ իմ կողմից նրա հայտարարությունը կարող էի գնահատել իբրեւ անաչառ լրագրողներին դատարանի դահլիճից հեռացնել տալու միտում, մանավանդ որ թերթի նախորդ համարում մատնանշածս՝ բազմաթիվ լրագրողների բացակայության հանգամանքը, հենց այդպես մտածելու հիմքեր տալիս է։ Սակայն այս հարցում էական դեր է կատարել ոչ թե միտումնավորության, այլ դատական գործընթացի կազմակերպչական թափթփվածության հանգամանքը, ինչի պատճառով այն տպավորությունն է ստեղծվում, որ դատը այնքան էլ դոնբաց չէ։ Բանն այն է, որ դատական պրոցեսը ընթանում է առանց խոսափողների ու բարձրախոսների, ուստի դահլիճում նստածների համար դժվար է լինում որսալ առաջին շարքում նստած փաստաբանների խոսքն ամբողջությամբ։

Դա կախված է նրանցից յուրաքանչյուրի խոսքի ուժգնությունից եւ ձայնի բասից։ Հաջորդ շարքը զբաղեցնում են տուժողներն ու նրանց ներկայացուցիչները, իսկ երրորդ կարգը հիմնականում մեն-մենակ տնօրինում է դատարանի բժիշկը։ Լրագրողները ստիպված տեղավորվում են 4-րդ եւ 5-րդ շարքերում, իսկ դատարանի նստարանների շարքը սահմանափակվում է 10-ով, որտեղից կողքից արվող ռեպլիկների ու հաճախակի ծայր առնող ժխորի մեջ ոչ մեղադրյալների, ոչ փաստաբանների, ոչ դատական նիստը նախագահողի եւ ոչ էլ պետական մեղադրողների խոսքը ոչ միայն ձայնագրել, այլեւ լսել իսկ չի լինում։ Եթե, իրոք, դատը բացարձակ հրապարակայնությամբ անցկացնելու ցանկություն կա, ապա ինչու չէ, թող բարձրախոսներ դրվեն։ Այդ դեպքում շատերը կխուսափեն նույնիսկ դատարանի դահլիճ մտնել, այն ամբողջությամբ զիջելով մեղադրվողների հարազատներին, քանի որ գուցե հնարավոր լինի դատական պրոցեսին հետեւել նախասրահից։ Այդ պայմաններում հնարավոր կլինի խուսափել անճշտություններից, ու ոչ փաստաբանները, ոչ պետական մեղադրողները լրագրողներին միտումնավորության մեղադրանք չեն ներկայացնի։ Այլապես կարող ենք ենթադրել, որ այս անկազմակերպվածությունը շատ է կազմակերպված։

Իսկ երեկ դատական նիստը սկսվեց այսպես. մի կերպ որսալով Արսեն Արծրունու ձայնի նվաղուն ելեւէջները, լրագրողներս հասկացանք, որ նա սեփական առողջական վիճակից է դժգոհում, որը վատթարացել է օգոստոսի 4-ից սկսած հացադուլի պատճառով։ Այնուհետեւ ձայն տրվեց նրա փաստաբան Վ. Ավագյանին, որը հրապարակեց Արծրունու հայտարարության տեքստը։ Ըստ այդմ, անվտանգության խորհրդի՝ օգոստոսի 5-ին «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում հրապարակված հայտարարության մեջ ասվում է, թե ձերբակալված ահաբեկչական խմբի կողմից ծրագրվում էր ԱԱ նախարարության մեկուսարանում սպանել «Դրոյի» գործով ամենաիրազեկ երկու անձանց։ Արծրունու գնահատմամբ դրանով կստեղծվեր կեղծ ճգնաժամի ֆոն, ինչը թույլ կտար էլ ավելի ընդլայնել պայքարը ՀՅ Դաշնակցության դեմ՝ զուգահեռաբար դրան նախապատրաստելով հանրային կարծիքը։

Հայտարարության ավարտին Ա. Արծրունին մեծացնելով պատասխանատվության դոզան, ընդգծել էր, որ եթե իրենցից որեւէ մեկը ինքնասպան լինի կամ էլ սպանվի մինչեւ իսկ չպարզված պայմաններում, ապա դրա ակունքները պետք է որոնել «Հայաստանի Հանրապետությունում» տպագրված հայտարարագրի հեղինակների մեջ։ Իր պաշտպանյալի հայտարարությունը ներկայացնելուց հետո, սեփականով հանդես եկավ փաստաբան Վահագն Ավագյանը։ Նա ընդգծեց, որ ինչ-որ անձանց սպանելու, ինչ-որ ծրագրերի մասին է հրապարակվում։ Այս շրջանակում վտանգավոր հարվածի տակ են դրվում առաջին հերթին փաստաբանները, որոնք շփումներ են ունենում մեղադրյալների հետ։ Փաստաբանը իր հայտարարությունը ավարտեց հռետորական ֆրազով, որով կոչ էր անում «ազգային անվտանգության նախարարությունը չվերածել ազգային վտանգավորության նախարարության»։

Արծրունու մասով լսումները եզրափակելուց հետո, երբ վերջինս հայտարարեց, որ դեռեւս կարող է մասնակցել դատական գործընթացին, «դրության տերը դարձան» փաստաբանները։ Նրանցից Ռշտունին, Հալաբյանը, Եսայանը տարբեր հիմնավորումներով փաստարկեցին, որ մինչեւ ցուցմունքներ լսելու գործընթացին անցնելը հարկավոր է գործին կցել տալ զանազան նյութեր՝ տեսաժապավեններ, ԿԿ-ի հարկում կատարված խուզարկության արձանագրությունը եւ այլն։ Այլապես, իրենք ինչպե՞ս կարող են հարցեր տալ, երբ չգիտեն՝ իրենց պաշտպանյալներին առնչվող ի՞նչ կա նրանցում։

Դրանից հետո դատական գործը շարունակվեց մեղադրյալ Գեղամ Մանուկյանի, որի ազգանունը նախորդ օրը իրենի հետ նույնականության պատճառով շփոթել էր նիստը նախագահող Էդուարդ Մանուկյանը, մեղադրանքն ու խափանման միջոցը փոխելու հարցի քննարկումների շրջանակներում։ Ինչպես նշեց փաստաբան Ժ. Խաչատրյանը, Գ.Մանուկյանին մեղադրանք է ներկայացվել ինչ-որ տեղանք ուսումնասիրելու եւ էլի ինչ-որ բաների համար, որոնք փաստաբանի ցածրաձայնության պատճառով անհնար էր լսել։ Ըստ փաստաբանի, Գ.Մանուկյանի արարքներում քրեական օրենսգրքի 72-րդ հոդվածի բովանդակությունից, որով իր պաշտպանյալին մեղադրանք է ներկայացված, բխող, հանցակազմ չկա։ Գ.Մանուկյանը չի կարող մեղադրվել նաեւ հանցակցության մեջ, քանի որ իրավաբանական այդ հասկացությունը անպայմանորեն համատեղ կատարված հանցագործություն է պահանջում։ Մինչդեռ Գ.Մանուկյանը նմանօրինակ ոչ մի գործողության չի մասնակցել, ինչն էլ փաստաբան Ժ.Խաչատրյանին հիմքեր տվեց հայտարարելու, որ իր պաշտպանյալը դարձվել է «ինչ-որ հորինված բանդայի հորինված անդամ»։ Սակայն, երբ վերոնշյալ հանգամանքների փաստարկումը զրոյական նշանակություն ունեցավ պետական մեղադրող Մ.Հունանյանի տեսակետի վրա ու նա մերժեց մեղադրանքը ու խափանման միջոցը փոխելու առաջարկը, իսկ դատարանն էլ այդ տեսակետը հետագայում հիմք ընդունեց իր վճռի համար, կրքերը շիկացան։ Ռ.Սահակյանը նշեց, որ այդ դատախազը անաչառ չի կարող լինել, իսկ Վ.Ավագյանն էլ, իր հերթին, հայտարարեց, որ նրա կարծիքները, որպես կանոն, դրվում են դատարանի տեսակետների հիմքում, ինչը վերջինիս զրկում է անկախությունից։

Ինչեւիցե, Մ.Հունանյանին բացարկ հայտարարվեց, սակայն մինչ խորհրդակցական սենյակում այս հարցով ընդունված վճռի հրապարակումը, Արսեն Արծրունու առողջական վիճակի վատթարացման պատճառով նիստը ընդհատվեց։

Այն, եթե ոչինչ չխանգարի, կշարունակվի այսօր։

Արմեն ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031