«Ես հենց երեկ էի գտնվում Ստեփանավանում եւ ականատեսն եմ, թե իր համաքաղաքացիների կողմից ինչ ջերմ ընդունելության է արժանանում մեր թեկնածու Արսեն Գեւորգյանը։ Ակնհայտ է, որ սա տեսնում են նաեւ իշխանականները։ Տեսնում եւ հասկանում են, որ այնտեղ՝ Ստեփանավանում, ընդդիմության հաղթանակի հնարավորությունները շատ ավելի մեծ են։ Այսօրվա նրանց գործելաոճը այդ վախի դրսեւորման հետեւանքն է։ Նրանք մտածում են, որ պետք է դիմել բոլոր հակաժողովրդավարական մեթոդներին՝ իրենց մենիշխանությունը հաստատել կարողանալու համար»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը՝ խոսելով Ստեփանավանում իրենց կուսակիցների եւ աջակիցների ձերբակալությունների մասին։
«Իմ վերջին տվյալներով 14 հոգի են։ Մեծ հավանականությամբ՝ հենց նիստից հետո մենք խմբակցությունով գնալու ենք Ստեփանավան՝ աջակցելու մեր քաղաքացիներին, որոնք այնտեղ են։
Կրկին վախի մթնոլորտ է տարածում այս իշխանությունը, կրկին ահաբեկում է իր քաղաքացիներին՝ փորձելով կրկին կեղծել ընտրությունները։ Մենք դրա ականատեսը եղանք հունիսի 7-ի ընտրություններին, երբ որ մի քանի օր առաջ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների, աջակիցների նկատմամբ մեծ մասշտաբով ձերբակալություններ էին տեղի ունեցել։ Եվ ընտրություններից ընդամենը մի քանի օր, մի քանի շաբաթ հետո ազատ էին արձակվել։
Սա ընդդիմության գործունեությունը խաթարելու, կազմաքանդելու փորձ է»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Կարդացեք նաև
Հարցին, թե այսինքն չե՞ն մասնակցելու ընտրություններին, Արեգա Հովսեփյանը պատասխանեց. «Քաղաքական որոշում պետք է լինի։ Նախ պետք է հասկանանք, թե մեր թեկնածուի ճակատագիրն ինչ է լինելու, այս պարագայում օրենքի դաշտում ինչ կարգավորումներ են գործում, հետո համապատասխան հայտարարությամբ հանդես կգանք»։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ



















































