Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՏՄ-ում ՀՀ-ն ասելիք ու անելիք ունի․ Սոնա Ղազարյան

Հոկտեմբեր 21,2026 15:39 Share
Աջակցեք aravot.am-ին

«Տիկին Ղահրամանյանն իր հարցը հնչեցրել է։ Ասեմ ավելին՝ նա հնչեցրել է նաև իր արձագանքը։ Քանի որ մենք գտնվում ենք հանձնաժողովում, որտեղ կա հստակ աշխատակարգ, որը ենթադրում է, որ ձևաչափը չի կարող անվերջ շարունակվել, և երկրորդ արձագանքի հնարավորություն չկա, հիշեցրի, որ սա օրենսդիր մարմին է, որտեղ իր իսկ կողմից քվեարկված աշխատակարգի վրայով ոտքերը մաքրել պետք չէ, ինչպես և հաճախ տեղի է ունենում Լիանա Մանուկյանի կողմից ղեկավարված նիստերում»,-լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով իր և Մարիաննա Ղահրամանյանի վեճին, որն առաջացավ այն ժամանակ, երբ Սոնա Ղազարյանը թույլ չտվեց, որ Մարիաննա Ղահրամանյանն արձագանքի Արարատ Միրզոյանին, այսպես ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը:

Հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք «Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի գործողությունը Հայաստանի Հանրապետության նկատմամբ կասեցնելու հնարավոր հետևանքների մասին» զեկույցը, որտեղ նշվում է, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար, Սոնա Ղազարյանն այսպես արձագանքեց․ «ԵԱՏՄ-ն հստակ սահմանում է, որ որևէ անդամ պետության չես կարող հեռացնել։ ՀՀ-ն կարծում է, որ իր դիվանագիտական բոլոր ուղիները չի սպառել ԵԱՏՄ-ն ամենայն բարձր մակարդակով աշխատացնելու համար։ ԵԱՏՄ-ում ՀՀ-ն ասելիք ու անելիք ունի, ակնկալում ենք ռուս գործընկերներից, որ կվերացվեն բոլոր այն սանկցիաները, որոնք կիրառվել են հայկական կողմի նկատմամբ»։

Հարցին՝ գազի գնի թանկացման դեպքում ՀՀ իշխանությունները դա զսպելու ի՞նչ մեխանիզմներ ունեն, Սոնա Ղազարյանը պատասխանեց․ «ՌԴ-ն իր բարեկամ հայ ժողովրդի նկատմամբ նման սանկցիաների կիրառմանը չի անցնի։ Մենք հետևում ենք ՌԴ-ի կողմից ՀՀ տնտեսվարողների նկատմամբ կիրառված սանկցիաների հոսքին, համարում ենք, որ դրանք անտեղին են։ Քանի որ ռուսաստանյան տարբեր պաշտոնյաներ հաճախ նշում են հոգատարությունը հայ բարեկամ ժողովրդի նկատմամբ, չենք կարծում, որ գազի գնի բարձրացման սանկցիաներ կկիրառվեն հայ ժողովրդի նկատմամբ»։

Սոնա Ղազարյանի կարծիքով՝ հայ ժողովուրդը պատեհ պահի որոշում կկայացնի, թե որ մաքսային միության անդամ է ուզում լինել․ «Իսկ դիվերսիֆիկացիան չի սահմանափակվում միայն դեպի Արևմուտք ապրանքների արտահանմամբ։ Հիշեցնեմ բոլոր այն գործողությունները, որոնք տեղի են ունենում նաև դեպի հարավային պետություններ՝ Արաբական էմիրություններ, ասիական երկրներ»։

Սոնա Ղազարյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031