Լրահոս
Օրվա լրահոսը

Մի՛ վախեցեք մարզպետից

Սեպտեմբեր 06,1995 12:05
vax

Հանրապետության «մեծ վերաձեւումը», որը նախատեսված է նոր Սահմանադրությամբ եւ որի մանրամասները ճշտվում են այժմ կառավարության կողմից մշակվող ՀՀ տարածքավարչական բաժանման մասին օրենքի նախագծում, հավանաբար, շարքային քաղաքացու մեջ առանձին ցնցումներ չի առաջացնի։ Ի վերջո, կառուցվածքային նորարարությունների նկատմամբ, որոնք կիրառվում էին թե խորհրդային, եւ թե ետխորհրդային շրջանում, մենք ունենք կայուն իմունիտետ, որը ի զորու չէ խախտել 38 շրջանների վերափոխումը 8 մարզերի։ Ավելին, գավառն արդեն այսօր մեծ ակտիվությամբ է սպասում փոփոխություններին եւ վիճում է սոսկ մարզերի կենտրոնների կարգավիճակին հավակնող բնակավայրերի համար։ Այդ հարցը տակավին բաց է մնում, ինչպես նաեւ մի շարք այլ խնդիրներ։ Օրինակ, ինչպե՞ս են ստեղծվելու մարզերը՝ շրջանների սահմանները վերաձեւելո՞վ, թե պահպանելով։ Կամ՝ քանի՞ տեղային համայնք է լինելու մարզի կարգավիճակ ստացած Երեւանում՝ ո՞ւթ, ինչպես նախատեսված է կառավարության նախագծում։ Գուցե երկո՞ւ, կամ երկու հարյո՞ւր։

Այնուամենայնիվ այդ խնդիրները, կարծում եմ, առանձին կատաղի հակասություններ չեն առաջացնի եւ կլուծվեն կարճ ժամանակահատվածում։ Միակ բանը, որն առ այսօր առաջացնում է տոտալ դեմոկրատիայի ջատագովների զայրույթը, Սահմանադրությամբ նախատեսված տարածքների կենտրոնացված պետական ղեկավարումն է, մարզպետների նշանակումը կառավարության կողմից։

Այդ գաղափարի հակառակորդները պնդում են իշխանության ապակենտրոնացման սկզբունքի վրա, հոգում են տեղական ինքնակառավարման պահպանության մասին եւ եւս մի առիթ են ստանում խոսելու ներկա իշխանությունների ավտորիտար հակումների մասին։

Գաղափարի կողմնակիցները, ընդհակառակը, կարծում են, որ միայն դեմոկրատական ուժեղ իշխանության կառույցները հարմար են ունիտար հանրապետության համար, ինչպիսին է Հայաստանը, հաշվի առնելով նրա աշխարհաքաղաքական դիրքը եւ տնտեսական վիճակը։

Ի դեպ, իշխանությունները հիմքեր ունեն արագացնելու նշված գործընթացները։ Տեղական խորհուրդները, որոնց անխուսափելի վախճանը սպասվում է եկող տարի ԱԺ համապատասխան օրենքի ընդունումից հետո, վերջնականապես կկորցնեն իրենց արդյունավետության դեռեւս մնացած նշույլները։ Ստացվում է, որ հենց մարզպետը կառուցվածքային փոփոխությունների ժամանակ, երբ դեռեւս չեն ստեղծվել իրական եւ ոչ թե այսօրվա նման դեկլարատիվ ինքնիշխանության կառուցվածքները, կատարելու է տարածաշրջաններում միակ իշխանական ֆունկցիաները։

Եվ քանի դեռ չեն անցկացվել տեղական իշխանության մարմինների սկզբունքային նոր ընտրություններ, մարզպետը մնալու է, հավանաբար, այն դեմքը, որի դերը փորձարկվել է տարբեր տարածաշրջաններում կառավարության ներկայացուցիչների տեսքով՝ Անդրանիկ Քոչարյանը՝ Շիրակում, Արարատ Գոմցյանը՝ Սեւանում։ Նման իրավիճակը, բնական է, ամենահաճելին չէ, սակայն այլ ելք, կարծում եմ, չկա։ Հակառակ դեպքում գավառը կարող է անդամալուծվել եւ պարզապես ասպատակվել իրենց վերջին շունչը փչող տեղական խորհուրդների կողմից։ Ճիշտ է, երաշխիք չկա, որ տեղական ինքնակառավարման կառույցների եւ ապակենտրոնացված տնտեսության բացակայության դեպքում մարզպետը կխուսափի տարածքային մասշտաբի բռնապետ դառնալու գայթակղությունից։

Թե ինչ է լինելու իրականում, դեռեւս վաղ է խոսել։ Պետք է միայն ճշտել, որ համաշխարհային պրակտիկայում նման հաստատություններ արդեն կան եւ շատ երկրներ, այդ առումով, ունեն դրական փորձ։ Օրինակ՝ Ֆրանսիան, որտեղ պրեֆեկտին նշանակում է հանրապետության նախագահը։ Այնպես որ, մարզպետը այնքան էլ վախենալու չէ այն դեպքում, եթե նրա գործունեությունը հավասարակշռվում է ընտրված տեղական իշխանության մարմիններով, որոնք ունեն սեփական լծակներ՝ բյուջեի, սեփականության եւ այլ երեւույթների տեսքով։ Պետք է հաշվի առնել նաեւ տարածքների ոչ հավասարաչափ զարգացումը եւ ընդհանուր աղքատությունը, երբ ամենափոքր ճանապարհի կառուցումը համապետական ջանքեր է պահանջում։ Եվ այդ ջանքերը կարող է իրականացնել միմիայն կենտրոնական իշխանությունը։ Մնում է միայն հուսալ, որ դասական բանաձեւը՝ «կադրերը որոշում են ամեն ինչ», այս դեպքում կկիրառվի մեծ պատասխանատվությամբ եւ կշռադատվածությամբ։

Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930