Լրահոս
Օրվա լրահոսը

Չճանաչե՞նք մեր իշխանավորներին

Հոկտեմբեր 10,1995 21:49

Մարդկությունը, ինչպես հայտնի է, բաժանվում է հետիոտների եւ մեքենավարների։ Վերջիններս նույնպես իրենց հերթին չխուսափեցին ավանդույթից, հիերարխիական սանդուղքում յուրաքանչյուրը գրավելով իր աստիճանը՝ պայմանավորված սեփական «շարժման միջոցի» մակնիշով, գույնով եւ մաշվածության աստիճանով։ Թեեւ ավտոմոբիլային բարձր խավին պատկանելու բարձրագույն նշանը բացառապես համարանիշն է, որը հայրենի վայրերում վկայում է դրա տիրոջ պատկանելությունը իշխանական կառուցվածքներին։ Այդպիսի մեքենաները, որպես կանոն, օժտված են ճանապարհային անձեռնմխելիությամբ, թեկուզ սլանան ամենաանթույլատրելի արագությամբ, խախտելով բոլոր մնացած կանոնները։ Ոստիկանությունը, պետք է ենթադրել, մարզում է հիշողությունն ու տեսողությունը, որպեսզի անհարմար վիճակի մեջ չընկնելու համար նույնիսկ անթափանց խավարում կարողանա նկատել սրբազան համարանիշը կամ դրա բացակայությունը։

Ինչեր միայն չեն ասում իրենց առավել հաջողակ մրցակիցների մասին իշխանությունն օգտագործել ցանկացողները։ Չգիտեմ ինչպես մնացած դեպքերում, բայց մի բանում նրանք հաստատ սխալվում են. ներկայիս ղեկավարները հասարակության մեջ ունեցած իրենց անառարկելի հեղինակությամբ բոլորովին չեն զիջում նախորդներին։ Հնարավոր է, որ այս հաշվով նախորդներից առաջ են անցել, քանզի ապացուցել են, որ կշիռն ու աստիճանը կարիք չունեն շրջապատվելու հատուկ պոլիկլինիկաներով, հատուկ ծառայություններով ու արտոնություններով։ Ներկայիս ղեկավարները, ինչպես հայտնի է, այդ բոլորից չեն օգտվում, սակայն, պատկերացրեք, նեղություն էլ չեն կրում, առանց դույզն իսկ ջանքի վարելով օլիմպիական կյանք։ Իսկ բանն այն է, որ մենք, այսինքն՝ բուժողներս, ծառայություններ մատուցողներս, ստուգողներս ու շրջապատողներս նրանց շատ ենք հարգում, խիստ ընդդիմադիրներն այս հաշվով ի՛նչ էլ ասեն։ Եվ «կանաչ լույսն» էլ վառում ենք ինքներս՝ հուզմունքով ու հավատարմորեն։ Մի՞թե այս բանի վկայությունը չէ նույնիսկ այն, որ նոր իշխանությունների մասին, նրանց արդեն բավական երկար կառավարման ընթացքում, չի հորինված թեկուզ 10 անեկդոտ։

Իսկ դա նրանց ձեռք է տալիս։ Ասենք, բարձրագույն ղեկավարությունից 2 շատ-շատ մեծ իշխանավորներ գնում են մեքենայով՝ «այն» համարանիշով։ Մի թեթեւ խմած ու առանց փաստաթղթերի։ Նրանց կանգնեցնում է ոստիկանությունը։ «Այ մարդ, դու համարին նայիր»,- ասում են նրան։ «Մեքենան կողքի տարեք եւ ցույց տվեք փաստաթղթերը»։ «Մի հատ մեզ նայիր»,- սկսում են զայրանալ պետերը։ Նայեց, չճանաչեց, մի թեթեւ հանդիմանեց, բայց բաց թողեց։ Ծիծաղելի է, չէ՞, մանավանդ, եթե նկատի առնենք, որ այս ամբողջ պատմությանն անձամբ եմ ականատես եղել։ Իսկ եթե բաց չթողներ, ավելի ծիծաղելի կլիներ, բայց՝ ճշմարիտ։ Որովհետեւ երբեմն իշխանավորին ոչ մի հարկ չկա դեմքով ճանաչելու։ Հանուն մեր եւ իրենց իսկ շահի։

Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031