Լրահոս
Օրվա լրահոսը

Ապահովագրական բժշկությունը ապագայի խնդիր է

Նոյեմբեր 22,1995 11:35

ԱԺ-ի հանձնաժողովներում բյուջեի քննարկման ժամանակ հրապարակվեց այն գումարը, որը պետությունը պատրաստվում է ծախսել իր քաղաքացիների առողջության համար։ Ըստ կառավարության նախագծի, ստացիոնար բուժման նպատակով, մեկ հիվանդին դեղորայքի համար նախատեսվում է օրական 240 դրամ, իսկ պոլիկլինիկաներում 50 դրամ։

Ընդհանուր առմամբ առողջապահության համար պետությունը նախատեսում է հատկացնել բյուջեի մոտ 10 տոկոսը՝ ավելի շատ, քան նախորդ տարվա ընթացքում, բայց զգալիորեն քիչ՝ ընդունված միջազգային ստանդարտներից։ Ինչը միանգամայն տրամաբանական է, մանավանդ որ Արեւմտյան պետությունները, ի տարբերություն մեզ, հումանիտար դեղորայք չեն ստանում։ Վերջինս, ի դեպ, Հայաստանում սպասվում է մեծ քանակությամբ՝ 15 մլն դոլարի արժեքով։

Երբ խոսք է գնում առողջապահության աղետալի վիճակի մասին, որպես դեղատոմս առաջարկվում է նրա ապահովագրական ձեւը: Իսկապես, ԱՄՆ-ում, ասենք, գրեթե ամբողջ բնակչությունը ստանում է ապահովագրական վկայագիր՝ աշխատանքի կամ ուսման վայրում։ Մնացյալները բուժման համար ծախսում են աստղաբաշխական գումարներ։ Սակայն Ռուսաստանում, որտեղ ապահովագրական բժշկությունը սկսել է գործել, առաջանում են հսկայական խնդիրներ։ Բուժումն այնտեղ շատ ավելի էժան է, քան նույն ԱՄՆ-ում, սակայն ապահովագրական վկայագիր ունեցող մարդիկ անհամեմատ ավելի քիչ են։ Ինչպես վկայում է ռուսաստանյան մամուլը, բժիշկները հրաժարվում են օգնության ցույց տալ չապահովագրված հիվանդներին, նույնիսկ այն դեպքերում, երբ օգնությունը կյանքի եւ մահվան հարց է։ Օրինակ, վերջերս Իրկուտսկում մահացավ մի երիտասարդ կին, որին չէին ուզում հիվանդանոց ընդունել՝ ապահովագրված չլինելու պատճառով։ Ինչ խոսք, մեր բժշկությունը վաղուց արդեն չի կարելի անվճար կոչել։ Հիվանդների ճնշող մեծամասնությունը այսպես թե այնպես վճարում է բուժման վարձը եւ ինքն է դեղեր հայթայթում։ Սակայն չունեւորների ինչ որ տոկոս առ այսօր (գոնե ձեւականորեն) իրավունք ունի անվճար բուժման, եւ դա դրական փաստ է։ Ուրեմն վատ չէ, որ դեռեւս անցած տարի մշակվող ապահովագրական բժշկության մասին օրինագիծը առ այսօր հավանություն չի ստացել։ Անկայուն տնտեսություն եւ չաշխատողների մեծ տոկոս ունեցող հասարակությունում նման հեղափոխական քայլերը հղի են նոր սոցիալական ցնցումներով։

Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930