Լրահոս
Օրվա լրահոսը

Պլանային եկամուտների գերազանցումը՝ ոչ նպատակահարմար

Դեկտեմբեր 16,1995 10:57

Հայաստանի տարբեր շրջանների կամ այսօրվա տերմինով՝ մարզերի զարգացման անհամամասնությունը՝ մայրաքաղաքային գերկենտրոնացմամբ, հին եւ ցավոտ հարց է, որն, իհարկե, հեշտությամբ կարելի է համարել խորհրդային ժամանակների «ծանր» ժառանգություն, սակայն հոգսերը դրանով չեն փարատվում։ Եթե հին իմաստությունը պնդում է, որ «Բոլոր ճանապարհները դեպի Հռոմ են տանում», ապա փոքրիկ Հայաստանում բարեկեցության եւ զարգացման բոլոր ուղիները՝ արտադրական, մշակութային, գիտական եւ կրթական, տանում են դեպի… Երեւան։ Սահմանադրության ընդունումից հետո ակնհայտ դարձավ, որ պետությունը որոշել է շրջադարձային քաղաքականություն վարել Հայաստանի համամասնական զարգացման ուղղությամբ։ Վերջերս ընդունված վարչատարածքային բաժանման օրենքը, ինչպես եւ տեղական ինքնակառավարման ու տարածքային կառավարման մարմինների հարաբերությունները կարգավորող անցումային դրույթները տեսականորեն հետապնդում են մեկ նպատակ. ելնելով Հայաստանի ռազմավարական շահերից՝ ոտքի կանգնեցնել արտադրական եւ գիտական ենթակաոուցվածքներ չունեցող սահմանային շրջանները, հատկապես որ Հայաստանում սահման հասկացությունը բավական հարաբերական է. 29 հազար քառ/կմ-ի պարագայում «հեռու եւ մոտ» ածականները բովանդակային չեն։

Պետության քաղաքականությունն այս ոլորտում, բացի օրենսդրական հռչակումից, պետք է ստանա տնտեսական հիմնավորում, այսինքն՝ արտահայտվի պետբյուջեում ֆինանսական հատկացումների եւ լրավճարների տեսքով։ Առանց համապատասխան հոգածության՝ անհնար է բարձրացնել երկրաշարժից եւ արցախյան հակամարտությունից տուժած տարածքները։ Կառավարության ռեալ քաղաքականությունն առարկայանում է պետբյուջեում մարզերին հատկացվող գումարների տեսքով եւ մարզային բյուջեներին վերաբերող դրույթներով, որոնք, ի հակակշիռ կառավարման մարմինների, չեն կարող անցումային լինել։

Ըստ այդմ` Երևան քաղաքին հատկացվում է առյուծի բաժինը՝ 8057,6 հազար դրամ, Սյունիքի մարզին՝ 1617,5 հազար, Վայոց ձորին՝ 577,1 հազար, Արարատին՝ 2016 հազար, Արմավիրին՝ 1821.3 հազար, Արագածոտնին՝ 1250,5, Կոտայքին՝ 2079.5, Գեղարքունիքին՝ 2205,7, Շիրակին՝ 2950.7, Տավուշին՝ 1155,3 եւ Լոռուն՝ 2759.7: Այսպիսով, Երեւանից հետո հանրապետական բյուջեի առավել բարյացակամ արժանանալու են Շիրակի եւ Լոռու մարզերը՝ որպես երկրաշարժից առավել տուժած գոտիներ։ Ինչ վերաբերում է տեղական բյուջեներին, ապա նրանք նախատեսվում եւ հաստատվում են միայն սեփական եկամուտների եւ հանրապետական բյուջեից տրվող միջոցների սահմաններում։ Տեղական բյուջեների ծախսերի մեջ ներառվում են. ա) գյուղերի ու քաղաքների բարեկարգման աշխատանքների ֆինանսավորումը, բ) պետական բնակարանային ֆոնդի

հիմնանորոգման ծախսերը, գ) մշակույթի, մարզական հիմնարկությունների ու կազմակերպությունների պահպանման ծախսերը եւ դ) տեղական իշխանության մարմինների աշխատակազմի     պահպանման ծախսերը։ Լրացուցիչ ծախսեր մարզերը կարող են «հանդգնել», եթե միայն բյուջեով նախատեսված եկամուտները գերակատարվել են։ Հաշվի առնելով Հայաստանի սոցիալ-տնտեսական ներկա վիճակը՝ դժվար է մոտ ապագայում կանխատեսել նման շռայլություններ։ Մարզերի զարգացման համար հատկացվող բյուջետային գումարներն ակնհայտորեն մեծ հեռանկարներ չեն ստեղծում, խոսք չկա կապիտալ շինարարության կամ արտադրական վերազինման մասին, եղած միջոցները ուղղվում են արդեն ստեղծվածի առավել կամ նվազ պահպանմանը։

Սուղ         հնարավորությունների պայմաններում  պետությունն   առավել   տուժյալ   յոթ  մարզերին   հատկացնում է լրավճարներ (սուբսիդիաներ): Տուժյալների շարքում են յոթը՝    Սյունիք,   Վայոց   ձոր,   Կոտայք, Գեղարքունիք, Շիրակ, Տավուշ եւ Լոռի: Շուկայական տնտեսության թելադրանքը, ըստ տրամաբանության, պետք է ինքնաապահովման եւ ինքնակազմակերպման մղի մարզերին. խեղդվողների փրկությունը աղքատ կենտրոնի   պարագայում  միայն   եւ միայն   խեղդվողների  ձեռքերում  է։

Սակայն,    վարչահրամայական    աշխատանքի   եղանակները,   դատելով բյուջեից,   բնավ    մոռացված    չեն։ Բազմիցս քննադատված «կարկանդակի»    վերաբաշխման   սկզբունքը շարունակում   է   գործել:     Բյուջեի 15-րդ հոդվածում նշված է, որ անհրաժեշտության   դեպքում ՀՀ    ֆինանսների  նախարարությունը  մարզի    ներսում   առանձին    տեղական բյուջեներից,   եկամուտների պլանային գերազանցման դեպքում, կարող է վերցնել  գումարներ եւ  հատկացնել դրանք ծախսերի պլանային գերազանցմամբ    աչքի    ընկած    տարածքներին:  Այդ  հոդվածը  հանելու պատգամավոր Վիգեն Խաչատրյանի առաջարկությունը մերժվեց աննպատակահարմարության   փաստարկով։ Բայց տվյալ  դեպքում «նպատակահարմարություն»   նշանակում է  նորից վերադառնալ հին եւ բարի ժամանակներին, երբ լավ աշխատողից վերցնում   էին՝ «պարգեւատրելով» ետ   մնացող    եւ    ոչ    նախաձեռնող կողմերին.    տիպիկ    հակաշուկայական     մոտեցմամբ:     Եկամուտների պլանային  գերազանցումը  դառնում է ոչ ձեռնտու։

Նարինե   ԴԻԼԲԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031