Լրահոս
Օրվա լրահոսը

«Նարինեն» վերստին երեխաներինն է

Դեկտեմբեր 23,1995 13:10

«Նարինե» մանկական կերը պատմության մեջ կմնա որպես պրոֆեսոր Երզնկյանի գյուտ։ 30 տարի առաջ հայտնագործված այս կերատեսակի հրաշագործ հատկությունները հաստատել են գիտական հետազոտություններն ու կլինիկական փորձարկումները։ «Նարինեն» համբավավոր է եղել ոչ միայն Հայաստանում։ Դրանով ժամանակին հետաքրքրվել են ճապոնացիները՝ առաջինը գնելով արտադրությունը կազմակերպելու իրավունքը: Այն տեղ է գտել նաեւ ռուս, ուկրաինացի եւ ղազախ երեխաների օրաբաժնում։ Այս կաթնամթերքը մեզ մոտ պատրաստվում էր մանկական կաթնախոհանոցներում։

Վերջին տարիներին մեր երեխաները զրկված էին բուժական հատկություններով օժտված այս կերակրատեսակից։ Պատճառը ժամանակներն էին՝ չկաների մի ամբողջ շղթա: Եվ ահա սայլը ուզում է շարժվել տեղից: Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի մասնակցությամբ հիմնադրվել է «Նոր Նարինե» սահմանափակ պատասխանատվության ընկերություն, որն առայժմ արտադրում է այս կաթնամթերքի մերանը: Ապագայում նախանշվում է անցնել ինչպես նաեւ չոր «Նարինեի» արտադրությանը: Խոսենք «Նարինեի» մեկ նվաճման մասին եւս։ 3-րդ մանկական կլինիկական հիվանդանոցին կից խոհանոցում երկար դադարից հետո կաթնամթերքը նորից ծնունդ առավ։ Գործի նախանձախնդիրը՝ կաթնախոհանոցի վարիչ Դոնարա Ակիմյանը, ճիշտ հասցե գտավ: Երզնկյանի գյուտի մանրակրկիտ ուսումնասիրությունից, այս կերատեսակի բուժիչ հատկություններին ծանոթանալուց հետո, «Կանանց միջազգային օգնություն» կազմակերպությունը (այն ֆինանսավորվում է Եվրախորհրդի գրասենյակի կողմից) դարձավ հայ երեխաների բարերարը՝ իր վրա վերցնելով «Նարինեի» պատրաստման ծախսերը: Այժմ հիվանդանոցում բուժվող, ինչպես նաեւ Շենգավիթում բնակվող 500 երեխաներ այս կաթնախոհանոցից ամեն օր անվճար «Նարինե» են ստանում։

Հույս կա որ «Կանանց միջազգային օգնության» կապերը մանուկների հետ գալիք տարում էլ շարունակվի: Առաջինին դա պատիվ կբերի, երկրորդներին՝ առողջություն։

Մերի ՄՈՒՍԻՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031