Լրահոս
Օրվա լրահոսը

Կծելու համար կատաղությունը պարտադիր չէ

Դեկտեմբեր 27,1995 12:42

Մոտ անցյալի հետ համեմատած՝ թափառող շների թիվը բնակավայրերում բավականաչափ նվազել է։ Չի նվազել մարդկանց կասկածը, թե ցանկացած անկյունում կամ մութ փողոցում իր վրա որեւէ գազազած կենդանի չի հարձակվի։ Այդ կասկած-տագնապին խթան է տալիս կիսաառասպելական-կիսաբամբասական այն դեպքը, իբր մայրաքաղաքում շները հոշոտել են մի միայնակ անցորդի։ Ինչպիսին էլ լինեն դեպքերը՝ հիմնավոր, թե հնարովի, քաղաքացիներն իրավունք ունեն անվտանգության տարրական երաշխիքներ պահանջել նրանցից, ովքեր ի պաշտոնե կոչված են այն ապահովելու։ Տվյալ դեպքում՝ տեղական իշխանություններից եւ բուժծառայության համապատասխան օղակներից։ Երկուսի հասցեին էլ շարունակվում են գանգատներ հնչել։ Քաղաքային ու շրջանային խորհուրդների թողտվության պատճառով թափառող շների ոհմակները «ներկա» են մեր առօրյայի բազում կարեւոր պահերի, իսկ բուժհիմնարկները երբեմն թերանում են տուժածներին օգնություն ցույց տալու գործում։

Գրում եմ ականատեսի իրավունքով. Երեւանի ծայրամասային բակերում մեծացած ու բնակիչների հոգածությանն արժանացած շունը հանկարծ վարքը կտրուկ փոխել էր՝ հարձակվում էր բոլոր անցորդների վրա։ Շանն, իհարկե, մի քանի օրից հետո «տարան»։ Բայց նա հասցրել էր իր «բարկության» հետքերը թողնել բազում ձեռք ու ոտքերի վրա։ Տուժածներից մեկը պատմում էր, որ բոլոր պոլիկլինիկաներում հրաժարվել են իրեն անհրաժեշտ ներարկում կատարելուց, պատճառաբանելով դեղի բացակայությունը։ Փաստի հավաստիությունը ստուգելու համար զանգահարում են ՀՀ առողջապահության նախարարություն։ Ապահովագրական վարչության պետ Ա. Հովհաննիսյանից լսած պատասխանը միանգամայն հակառակն է ապացուցում՝ հանրապետությունը բավարար չափով պատվաստուկ եւ դեղանյութ ունի, պահեստները լի են դրանցով, ցանկացած բուժհիմնարկ կարող է իր մասն ստանալ։ Իրավասու բոլոր անձինք գիտեն, որ «Անտիռուբիկ» սիճուկ ձեռք բերելու համար պետք է դիմեն «Հայդեղագործություն» պետական ձեռնարկությանը։ Եթե դա չեն արել՝ միայն իրենց մեղքով։ Մի անհրաժեշտ մանրամասն եւս՝ կատաղության դեմ ներարկումները լիովին անվճար են, եւ ոչ մի բուժաշխատող իրավունք չունի հիվանդից գումար գանձել կամ սիճուկը վաճառել։

Որ կծող շները մեր շրջապատում շատ են, վիճելի չէ։ Բայց նրանց ո՞ր մասն է վտանգավոր, այսինքն՝ կատաղած։ Այս հարցին պատասխանեց առողջապահության նախարարության մեկ այլ վարչության պետ՝ Մանվել Մանրիկյանը։ Նրա վկայությամբ՝ վերջին տարիներին Հայաստանում ոչ մի կատաղած շուն չի հայտնաբերվել։ Նշանակում է՝ չի եղել նաեւ մեկը, որը կարիք ունենար 30-օրյա պարտադիր բուժման։ Ցանկացած ոք, ով դիմում է բուժօգնություն ստանալու համար, պետք է այն ստանա՝ անկախ շան վիճակից։ Դա կանխարգելիչ միջոցառում է, որը պետք է զուգորդվի շան վարքի հսկողությանը։ Կատաղած շունը վարակվելու 13-րդ օրը սատկում է, իսկ եթե դրան հաջորդող օրերին նրան ոչինչ չի պատահում, ուրեմն պետք է հիվանդի բուժումը դադարեցնել՝ նրա կյանքին այլեւս վտանգ չի սպառնում։

Պրն Մանրիկյանը մեկ այլ մտահոգություն ուներ. թե ինչո՞ւ պետք է թափառող շներ լինեն, եւ թե՝ «ո՞ւր են նայում տեղական իշխանությունները»։

Նույն անհանգստությունն ունեն նաեւ շարքային քաղաքացիները, միայն թե ավելի գործնական իմաստով։ Չէ որ նրանք չգիտեն, թե որքան են «Հակառուբիկի» մեր պաշարները եւ թե ինչ հիմունքներով պետք է օգտվեն դրանցից։ Մի հանգամանք, այնուամենայնիվ, մխիթարական է՝ կատաղության մանրէն մեր միջավայրում չի բազմանում։

Առայժմ։

Հրաչուհի ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031