Լրահոս
Օրվա լրահոսը

Մասնավոր դպրոցների «խաբված ավանդատուները»- 2

Հունիս 11,1998 16:02

Այս վերնագրով մեր առաջին հրապարակումից հետո Կրթության եւ գիտության նախարարը զրույցի էր հրավիրել «Առավոտի» թղթակցին, բայց ոչ թե իր, այլ փոխնախարար Աիդա Թոփուզյանի հետ։ Զրույցը հետաձգվեց՝ վերջինս զբաղված էր։ Փոխարենը որոշեցինք հուզել նույն թեմայով մի նոր պատմությամբ։ Թյուրըմբռնումներից խուսափելու համար հայտնեմ, որ այս հրապարակման նպատակն է՝ որոշ մասնավոր դպրոցներում տիրող իրավիճակին տեղեկանալու հնարավորություն ընձեռել ոչ միայն մեր ընթերցողներին, այլ նաեւ կրթության եւ գիտության նախարարությանը։

Այս անգամ մեր «տուժածի» անունը թող գաղտնի մնա, բայց միայն ընթերցողների համար, քանի որ մինչեւ դատական ատյաններ հասած այս դեպքի մանրամասներն ու բոլոր անհրաժեշտ տեղեկությունները շատ լավ հայտնի են պատկան մարմիններին՝ բացառությամբ, թերեւս կրթության եւ գիտության նախարարությանը։ Անհավատալի թվացող այս պատմությունն, իրոք, կատարվել է, ընդամենը մի 4-5 օր առաջ, ու ոչ աշխարհի ինչևոր խուլ անկյունում, այլ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում, բայց որ ամենացնցողն է՝ դպրոցում։ Իհարկե, ամեն ինչ սկսվել է մի քիչ ավելի շուտ, մոտ մեկ տարի առաջ, երբ մոսկվաբնակ երիտասարդ հայուհին որոշում է, որ իր առաջին դասարանցի երեխան պետք է ուսումն անպայման Հայաստանում շարունակի եւ անցյալ տարվա ապրիլից տեղափոխվում է Երեւան։ Մոսկվայում գերազանցներով սովորած որդու համար լավագույն դպրոցն ընտրելու ցանկությունը նրան բերում է «Ուրախության դպրոց», ինչպես տերերն են այն կոչում, կամ ինչպես փաստաթղթերում է՝ «Ուսուցիչների ստեղծագործական վարպետանոցներ»։

Վերջինիս «արժանիքների» մասին մայրն իմանում է թերթի հայտարարությունից եւ հավատում նմանը չունեցող պայմանների մասին խոստումներին։ Դե ինչպես չգայթակղվես, երբ հավաստիացնում են, որ որդուդ հետաքրքիր ուսուցում, լավ սնունդ, հոգատար խնամք եւ նույնիսկ արտասահմանյան շրջայցեր են սպասվում։ Իսկ եթե բախտդ բերի ու ընկնես առաջին տասնյակի մեջ (ծնողներից այդ «բախտին» արժանանում են մեկ տարվա համար պահանջվող 300 դոլար ուսման վարձն առաջինը մուծածները), ապա զավակդ դպրոցում գործող տարբեր խմբակներին կմասնակցի անվճար։

Սակայն թվարկված այդ բարիքներից, դպրոցից դպրոց «քոչող» աշակերտներն այդպես էլ չօգտվեցին՝ բացառությամբ երեխաներին դպրոց հասցնող ավտոբուսի ծառայությունից, որն էլ եթե չլիներ, զրուցակցիս կարծիքով, այդ դպրոց գնացող ընդհանրապես չէր լինի, քանի որ այն այնքան էլ հարմար տեղում չէր գտնվում։ Մինչ այդ վերջին հանգրվանին, այսինքն Նար-Դոսի անվան դպրոցի մի մասնաշենքին տիրանալը (որքան հիշում ենք մամուլից, այդ առնչությամբ «Ուրախության դպրոցը» մեծ կոնֆլիկտներ էր ունեցել տնօրինության հետ, քանի որ վերջինս չէր համակերպվում իր մի մասնաշենքի կորստյան հետ), այս մասնավոր կրթօջախի տնօրինությունը փորձել էր մի քանի այլ դպրոցներում եւս ապաստան փնտրել։ Դրա հետեւանքով դասերը սկսվում են միայն հոկտեմբերից, թիվ 3 դպրոցում դրանք ընթանում էին երկրորդ հերթով, անընդհատ ընդմիջվում հարկադրյալ արձակուրդներով կամ անցկացվում մշտական վերանորոգումների մթնոլորտում։

Հիմա զրուցակցուհիս անհանդուրժելի է համարում այդ ամենը համբերատար տանող ու լռող (տնօրինության առջեւ, իսկ իրար ներկայությամբ բողոքողներ միշտ էլ եղել են) ծնողների պահվածքը ու գտնում, որ եթե այն պահից բողոքեին, այս վիճակին երեւի չհասնեին։ Բողոքի միակ դեպքը եղել է ձմռանը՝ էլեկտրական տաքացուցիչներ գնելու համար երեսուն դոլար ուզելու առնչությամբ։ Ծնողի մերժումը պայմանավորված չի եղել ֆինանսական դժվարությամբ, այլ` սկզբունքային կեցվածքով, քանի որ նախապես խոստացվել է, որ անհրաժեշտ բոլոր ծախսերը (նույնիսկ այդպես էլ չտրված դասագրքերի, տետրերի, գրիչների արժեքը) մտնում են ուսման վարձի մեջ։ Այնուամենայնիվ, տնօրինությանը հաջողվում է տասը դոլար կորզել նրա սկեսուրից։ Ընդառաջելով դպրոցից դուրս գալու որդու խնդրանքներին ու նաեւ մյուս ծնողներից բազում բողոքներ լսելով (եւս երկու մանկահասակ երեխա ունեցող մոր համար շատ դժվար է եղել դպրոց հաճախակի այցելելը)՝ ուստարվա վերջում զրուցակցուհիս գնում է դպրոց՝ տեղեկացնելու, որ որդուն տեղափոխում է այլ դպրոց եւ փաստաթղթերն ուզելու։ Այն, ինչ հաջորդում է սրան, անհավանական էր թվում ոչ միայն այս ամենը լսող լրագրողիս, այլ նույնիսկ այդ ամենն ապրած զրուցակցուհուս։

Փաստաթղթերը տալու խնդրանքին ի պատասխան՝ դպրոցի տնօրեն Իրինա Կրիշչյանը, դիմելով իր աջ ձեռքին՝ Ռուզաննա Արտյոմովնային, մեղմ ասած պայթում է (ընթերցողը թող ների մամուլին ոչ հարմար տողերի համար). «Ռադ արա սրան էս սենյակից, գնա ընդեղ էդ հարցերը լուծի էս անաղուհաց քրդի շան հետ, ու սրան չտեսնեմ, թե չէ կսպանեմ»։ Հրամանը կատարվում է բառացիորեն. հարեւան սենյակ «շպրտված» փոքրամարմին զրուցակցուհիս (սա իր բնորոշումն է) ոչ միայն ստիպված է լինում լսել մանկավարժին եւ ընդհանրապես կնոջը ոչ հարիր վիրավորանքներ, այլ դաժան ծեծի է ենթարկվում վերոնշյալ Ռուզաննա Արտյոմովնայի եւ նրան միացած տնօրինուհու կողմից՝ մինչեւ որ մի 10-15 րոպե հետո օգնության են հասնում գոռոցները լսած ուսուցչուհիները եւ մի կերպ խլում «զոհին» նրանց ձեռքից։

Տնօրինության նման (որակում չենք գտնում) պահվածքը զրուցակցուհիս հակված է բացատրել նրանով, որ ինքը երեխային դպրոցից հանելու մտադիր միակ ծնողը չէր։ Այսպես «սրտացավ» էին արձագանքում իրենց սաներից բաժանմանը «մարդասեր» մանկավարժները։ Դպրոց զրուցակցուհիս վերադառնում է մի քանի ժամից՝ ոստիկանների ուղեկցությամբ (մինչ այդ տուն՝ սրտի անբավարարություն ունեցող կնոջը այցելել էր նաեւ շտապօգնության մեքենան), սակայն դպրոցում այլեւս ոչ ոք չի լինում։ Այնուհետեւ, Սպանդարյանի տարածքային ոստիկանությունում դիմում գրելիս, տուժածը պատահաբար ոստիկաններից իմանում է, որ որոշ ժամանակ առաջ տնօրինուհու դեմ նման մի բողոք էլ է եղել, սակայն վերջինիս հաջողվել է տուժածի հետ պայմանավորվել, եւ նա էլ դիմումը հետ էր վերցրել։ Եթե այն ժամանակ ոստիկանները հետեւողական լինեին… մեղադրում է զրուցակցուհիս։ Վերջինիս հազիվ է հաջողվում Մոսկվայից հատուկ այդ պատճառով եկած ամուսնուն զսպել, որ հաշվեհարդար չտեսնի իրեն ծեծողների հետ հենց իրենց մեթոդով, քանի որ հավատում է, որ հարցն օրինական ճանապարհներով կլուծվի։

Առողջապահության նախարարության բժշկության գիտագործնական կենտրոնի ուղեգրով նրան ուղարկել են թիվ 8 պոլիկլինիկա՝ ստուգելու ուղեղի ցնցում ստանալու փաստը (արդյունքները դեռ պարզ չեն), սակայն մի՞թե միայն ֆիզիկական վնասվածքներն են փաստարկ, իսկ բարոյակա՞նը…

Զրուցակցուհուս խնդրանքին ընդառաջելով՝ առաջարկում ենք բոլոր տուժածներին (նրանց գոյությանը նա չի կասկածում) դիմել խմբագրությանը կամ պատկան ատյաններին։ Իսկ Աիդա Թոփուզյանին պիտի դիմեինք հենց զրուցակցիս կողմից բարձրացված հարցերով՝ ինչպե՞ս են նման մարդկանց դպրոց բացելու արտոնագիր տվել, այդ ինչպե՞ս են ստուգումներ անցկացնում, պիտի կարողանա՞ էս պետությունը պաշտպանել իր քաղաքացիներին։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930