Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային հարստությունն արժե կես միլիարդ

Հունիս 18,1998 12:23

Ոչ թե 30 միլիոն
Ազգային ժողովի պատգամավորները մտադիր են շարունակել պայքարը կոնյակի գործարանի համար։ Իսկ մեր պայքարը, ինչպես հայտնի է, վերջ չունի։ Ավելի ճիշտ, վերջը կլինի ֆրանսիացիների հետ գործարքը չեղյալ հայտարարելը, կամ կառավարության հրաժարականը, քանի որ, ինչպես նշեց Արշակ Սադոյանը. «մեր աչքի դեմ, 100 օրը չլրացած, թույլ է տրվում ազգային հարստության թալան»։
Ինչո՞ւ ենք մենք հիշել ազգային հարստության եւ հպարտության մասին միայն այն ժամանակ, երբ գործարքը կատարվել է, եւ հայտնի է նրա գինը՝ 30 միլիոն։ Իսկ եթե ֆրանսիացիները համաձայնեին գնել այդ գործարանը 30 միլիարդով, այն կդադարե՞ր մեր ազգային հպարտությունը լինելուց։ Համենայնդեպս, պարոն Սադոյանի զինակից Էդվարդ Եգորյանի կարծիքով, կոնյակի գործարանն արժեր վաճառել կես միլիարդով, բայց միայն այն դեպքում, եթե գումարը նպաստեր տնտեսության վրա՝ խորքային ճնշումները թեթեւացնելուն։
Մի խոսքով ստացվում է, որ ազգային հարստությունը եւ հպարտությունը կարելի է վաճառել։ Ընդ որում, ոչ այնքան թանկ՝ կես միլիարդ դոլարով։ Պարզապես մեր քաղաքական գործիչները գտնում են, որ կառավարությունն այն ծախել է չափից դուրս էժան՝ առեւտուր չի արել։ Պատգամավորներից շատերը չեն վստահում գործադիր իշխանությանը եւ ամենեւին էլ վստահ չեն, որ ժողովրդի կողմից սիրված թունդ ալկոհոլային խմիչք արտադրող գործարանի վաճառքից կշահի մեր տնտեսությունը։ Նրանք նույնիսկ ակնարկում են, որ 30 մլն դոլարը մի քանի անգամ գերազանցող գումարը, որպես «սեւ նալ» նստել է պաշտոնյաների անձնական գրպաններում։ Թե որքանով են այդ կասկածները հիմնավոր՝ կերեւա մոտ ժամանակներս։
«Սա անգլերեն լեզվով կատարված հանցագործություն է»,- եզրակացրեց պրն Սադոյանը։ Հարց է ծագում՝ ավելի լա՞վ կլիներ, եթե այն հայերեն կատարվեր։

Մեր կարծիքով, ազգային հարստությունն ընդհանրապես չեն ծախում։ Ազգային հպարտությունը՝ նույնպես։ Եթե կոնյակի գործարանը որոշվել է դնել միջազգային տենդերի եւ վաճառքի, եւ դրան ոչ ոք սկզբունքորեն դեմ չէ, ուրեմն դա ո՛չ մեկն է, ո՛չ էլ մյուսը։ Ուրիշ հարց է, որ պատգամավորների կարծիքով՝ մեր կառավարությունը սխալ է իրականացնում սեփականաշնորհման ծրագիրը։ Սակայն դա ազգային սրբությունների հետ ոչ մի կապ չունի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930