Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՔՆՆԵԼԻ ԵՆ ՈՒՂԻՆԵՐԸ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ

Հուլիս 16,1998 01:47

«Հարուստ ռուսաց լեզվում» չգտնվեցին համապատասխան բառերը՝ արտահայտելու մարդկային փոխհարաբերությունների այն որակը, որը հայտնաբերեց ՌԴ պաշտպանության նախարար, մարշալ ԻԳՈՐ ՍԵՐԳԵԵՎԸ Հայաստանում։

Առավոտից՝ իրիկուն

Ասուլիսը, որն ըստ լրագրողներին բաժանված թղթի կտորների, պետք է տեղի ունենար երեկ առավոտյան՝ 9.30-10.15, տեղի չունեցավ։ Ավելի ճիշտ՝ տեղի ունեցավ, բայց ոչ այդ ժամին։ Կառավարության ընդունելությունների տան մոտ հավաքված բազմաթիվ լրագրողներին, օպերատորներին եւ լուսանկարիչներին շատ քաղաքավարի բացատրեցին, թե «հիմա գնացեք, երեկոյան կգաք օդանավակայան, ասուլիսն այնտեղ կլինի»։ Հետո, չգիտես ով, չգիտես ում, գնչուական հեռախոսի նման հայտնեց, թե ՌԴ պաշտպանության նախարարին մեր «կապուտաչյա գեղեցկուհին» այնքան է հմայել, որ պարոն մարշալն առանձնապես չի շտապում վերադառնալ Սեւանից։

Ստորագրված փաստաթղթերի մասին

Դարձյալ գործեց գնչուական հեռախոսը՝ արդեն օրվա երկրորդ կեսին, եւ իմացանք, որ ՌԴ պաշտպանության նախարարին հայկական հյուրասիրությանը հատուկ կանոններով հարգել ու պատվել են «Մուսա լեռ» ռեստորանում եւ հենց այնտեղ էլ ստորագրվել են մի շարք փաստաթղթեր եւ բաժանվել են մի շարք մեդալներ՝ ռազմական համագործակցության համար։

Այնուամենայնիվ՝ ասուլիս

Մինչեւ ասուլիսի սկիզբը մի տեսակ վստահություն կար, թե ասուլիսը չի կայանա։ Սակայն ի հեճուկս մի քանի լրագրողների, այն կայացավ մի փոքր ուշացումով։ Լրագրողներն իրավունք ստացան հարցեր տալ եւ պատասխաններ ակնկալել, թեպետ մինչ ասուլիսի սկիզբը մերթընդմերթ զգուշացնում էին՝ ձեզ հանգիստ պահեք, նորմալ հարցեր տվեք, իրար մի խանգարեք։ Ճիշտն ասած, այս վերջին նախազգուշացումը շատ տեղին էր, որովհետեւ մեր շատ գործընկերներ դեռ մի հարցի պատասխանը մինչեւ վերջ չլսած, սովորաբար ընդհատում են բանախոսին եւ նոր հարց տալիս։

Հարցերի շքերթը

Նախքան մի շարք հարցերի եւ պատասխանների անդրադառնալն ասեմ, որ մեկ օր առաջ «Առավոտի» հարցին պարոն մարշալը պատասխանել էր, թե ավելի մանրամասն պատասխան կտրվի այցի ավարտին։ Քանի որ երեկ այցի վերջին րոպեներն էին, դարձյալ հարցրինք.

– Պարոն մարշալ, երեկ իմ հարցին՝ պատրաստվո՞ւմ է Ռուսաստանը Հայաստանում տեղակայել S-300 տիպի զենիթային հրթիռներ, Դուք ասացիք, թե հարցին կպատասխանեք այցի վերջում։ Այժմ Ձեր այցի վերջին րոպեներն են, կարո՞ղ եք պատասխանել։

– Այո, կարող եմ պատասխանել։ Այժմ մեր համագործակցության առավել հրատապ խնդիրն է ռուսական 102-րդ բազայի որակական բարելավումը։ Իհարկե, դա Ռուսաստանի ներքին գործն է, սակայն բոլոր վճիռները մենք կայացնում ենք՝ խորհրդակցելով եւ տեղյակ պահելով Հայաստանի պաշտպանության նախարարին։

Ասուլիսի ընթացքում հնչած մի շարք հարցերի տրվեց գրեթե սպառիչ պատասխան։ Հայաստանի պաշտպանության նախարարը, իր հերթին, պատասխանելով մի շարք հարցերի, ասաց, որ «Հայաստանի հակաօդային պաշտպանությունն այնպիսի լավ վիճակում է, որ մենք անհարմար չզգացինք այն ցուցադրել մեր բարեկամներին»։

Ի դեպ, իր հիացմունքը չթաքցրեց նաեւ ՌԴ պաշտպանության նախարարը։ Լրագրողներից մեկի այն հարցին, թե պատրաստվո՞ւմ է, արդյոք, Ռուսաստանը նոր տեխնիկայով սպառազինել բազաները, պարոն Սերգեեւը պատասխանեց ժպտալով՝ «Նոր տեխնիկական սպառազինություն բազաները չեն ստանա, կստանան՝ ժամանակակիցը»։ Ասուլիսի ժամանակ փոքրիկ թյուրիմացություն տեղի ունեցավ՝ հայ լրագրողուհու մի կերպ ընթերցած ռուսերեն հարցը պարոն մարշալը չհասկացավ եւ ասաց, թե ինքը ոչնչով չի կարող օգնել, քանի որ չգիտի, թե ինչի մասին է խոսքը։

Համատեղ հայտարարություն

Լրագրողներին բաժանվեց ՌԴ պաշտպանության նախարար մարշալ Սերգեեւի պաշտոնական այցի արդյունքների մասին համատեղ հայտարարության տեքստը, որում մասնավորապես ասվում է. «Բանակցությունների արդյունքում ստորագրվեց արձանագրություն, որում համաձայնեցվել են հեռանկարային համագործակցության որոշակի ուղղություններ՝ մասնավորապես ռուսաստանյան ռազմական բազայի գործունեության կատարելագործման եւ ՀՀ զինված ուժերի հետ նրա համագործակցության հարցերը։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց ԱՊՀ անդամ երկրների միացյալ հակաօդային պաշտպանության համակարգի շրջանակներում մի շարք գործնական հայեցակետերի իրագործման վերաբերյալ»։

Պաշտպանության նախարարներին՝ նույն ճամփով

Հետաքրքիր է, որ ՌԴ պաշտպանության նախարար, մարշալ Իգոր Սերգեեւն անցավ գրեթե նույն ճանապարհը, ինչ իր նախորդը՝ Պավել Գրաչովը։ Այցելություն՝ պատմամշակութային նույն հուշարձանները, նույն Սեւանը, նույն հյուրասիրությունը եւ թարմացված նույն համագործակցությունը։ Անքննելի են ճամփաները նախարարների։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031