Լրահոս
Օրվա լրահոսը

Լեոնիդ Իլյիչի գործն անմահ է, օրինակը՝ վարակիչ

Հուլիս 16,1998 01:47

Հանրապետության բարձր ու միջին պաշտոնատար անձանց թանկագին մասունքի պես նվերներ են բաժանում։ Նվիրողը հանրապետության կառավարությունն է։ Մասունք-նվերը այս գիրքն է։ Հանրապետության վարչապետ Արմեն Դարբինյանը «ուզուրպացրել» է կառավարության գործունեության ծրագրի հեղինակային իրավունքը եւ գրքույկի տեսքով հրապարակել այն։ Շքեղ հրատարակություն է՝ բառի ամենաուղիղ իմաստով, բարձր ու գունավոր տպագրությամբ, մալապատ թղթով։ Տպագրվել է կառավարության տնտեսական բարեփոխումների վերլուծական կենտրոնի կողմից՝ «Առերեսում» տպարանում։ Հրատարակչական տվյալների մեջ նշված չէ տիրաժը։ Սակայն ոչ ոք չի կասկածում, որ այն արժանի է այն նույն տպաքանակին, որով լույս էին տեսնում Լեոնիդ Իլյիչ Բրեժնեւի «Մալայա զեմլյա» գեղարվեստական երկը կամ «Լենինյան կուրսով» բազմահատոր աշխատությունը։

Հետաքրքիր է, կառավարությունը երբեւէ կհրապարակի՝ թե որքան գումար է ծախսվել այս նպատակով եւ որտեղից այդ գումարները։ Տրամաբանորեն այն կարող էր տպագրվել ինչ-որ անհայտ բարերարի հովանավորությամբ կամ պետական բյուջեի հաշվին։ Տպագրական գործի արհեստավարժների գնահատմամբ, այս գրքույկի ինքնարժեքը 1000 օրինակ տպաքանակի դեպքում կազմում է 6-8 դոլար, 2000-ի դեպքում՝ 4-6 դոլար։ Այս հաշվարկները կատարելիս փորձագետները ենթադրում են, որ գրքույկի հեղինակը հոնորար չի ստացել։ Իսկ եթե հեղինակը չուբայսական 45 հազար դոլարանոց հոնորար է ստացել, գրքույկի արժեքը կարելի է որոշել հին, պապենական մեթոդով։ Պարզապես պետք է վերցնել լծակավոր կշեռք. մի նժարին դնել գրքույկի օրինակը, իսկ մյուսին՝ ոսկեդրամներ, մինչեւ կշեռքը հավասարակշռվի։ Ցավոք, նույն մեթոդով հնարավոր չէ որոշել գրքույկի պատմական արժեքը։

Ա. Գ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031